Դիարբեքիրում և այլ նահանգներում շուրջ 100 մարդ է ձերբակալվել

Հոկտեմբերի 9-ին Թուրքիայի տարբեր նահանգներում իրականացված ոստիկանական գործողությունների արդյունքում ձերբակալվել է շուրջ 100 մարդ, որոնք հիմնականում լրագրողներ ու քաղաքական գործիչներ են։ Մասնավորապես 80 անձ ձերբակալվել է Դիարբեքիր նահանգի 8 շրջանում, մյուսները՝ Ստամբուլում, Վանում, Շրնաքում, Շանլըուրֆայում, Բաթմանում, Մարդինում, Մերսինում։

Ոստիկանները մարդկանց տներ են այցելել զրահամեքենաների ուղեկցությամբ, որոշ դեպքերում տուն մտնելու համար անգամ կոտրել են մուտքի դռները, տներում խուզարկություններ են կատարվել, առգրավվել են անձնական իրեր։ Ձերբակալությունների վերաբերյալ որևէ հիմնավորում առայժմ չի հրապարակվել, սակայն հայտնի է, որ ձերբակալվածները տարվել են Դիարբեքիրի անվտանգության վարչության՝ ահաբեկչության դեմ պայքարի բաժին։

Ձերբակալվածների թվում է նաև քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրի նահանգային կառույցի համանախագահ Մեհմեթ Շերիֆ Չամչըն։ ԺԴԿ-ի Դիարբեքեիրի նահանգային կառույցի շենքի մոտ մեծ թվով զրահամեքենաներ ու արագ արձագանքման վարչության մեքենաներ են կուտակվել։

ԺԴԿ հայ պատգամավոր Գարո Փայլանը դեպքի առթիվ գրառում է կատարել Twitter-ում․

«Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) Դիարբեքիրում սկսել է նախընտրական արշավը։

Լրագրողները, քաղաքական գործիչները, աստվածաբանները ձերբակալված են․․․

Ինչ ուզում են՝ թող անեն, Դիարբեքիրը կազատվի այդ անխիղճներից», — գրել է հայ պատգամավորը։

 

Աղբյուր`    demokrathaber.org

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով