«Դա կարող է կրախով վերջանալ Փաշինյանի համար, նրան կարող են մեկուսացնել». Արման Նավասարդյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն այն կարծիքին է, որ արտահերթ ընտրություններն օդ ու ջրի նման անհրաժեշտ են։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում դեսպանն ասաց, որ, եթե չկանոնակարգվի այն, ինչ եղավ այս 3-4 ամսվա ընթացքում, կարող է ունենալ լուրջ հետևանքներ ոչ միայն հեղափոխության ապագայի համար, այլև հանրապետության հետագա զարգացման և քաղաքականության  համար։

«Այն, ինչ այսօրվա իշխանություններն ընտրել են՝ ժպիտի, համերաշխության և այլ հումանիտար նշանաբաններ, դրանք շատ լավ են, բայց այնպիսի իրավիճակում ենք ապրում, այնպիսի քրեաօլիգարխիկ կաստա է առաջացել, որ նման հարցերն այդպես չեն լուծվելու։ Հակառակ կողմում կա մի ուժ, որը բացարձակ չի կարող գնալ կոմպրոմիսի, և երբ ասում են, թե ԱԺ-ում նոր կառավարությանը չեն խանգարում, ընդառաջում են, և այլն, պարզապես չի համապատասխանում իրականությանը, ինչը ցույց տվեցին երկու օր առաջ տեղի ունեցած իրադարձությունները. գաղտնի պատրաստվեց հակահեղափոխական մի ալիք, որի վերջաբանը մենք գիտենք»,- ասաց նա։

Դեսպանին ամենից շատ մտահոգում է այն, որ ռևանշիստական ձգտումները զուգորդվում են արտաքին աշխարհի հետ համագործակցության ձևաչափի հետ. «Դա սկսվել է մայիս ամսից, ամեն ինչ արվեց ՌԴ-ին Հայաստանի հետ բախելու համար, ինչը հիմա էլ է շարունակվում, բայց տեսանք, որ վերջին իրադարձություններին Պուտինը չարձագանքեց. Պարզվում է՝ Պուտինն իրենցից խելոք է։ Բայց դրա փոխարեն՝ երկրորդական, «Ճ» կլասի կազմակերպություններ, որոնցից մեկը ԵԽ ԽՎ-ն էր։ Խայտառակ ձևով կհերքվի նրանց մշակած բանաձևը, որը ոչ թե իրենք, այլ մշակվել է մեր ԱԺ-ում կամ ՀՀԿ շտաբում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արման Նավասարդյանը համոզված է, որ հաշված օրերի ընթացքում բոլոր ռևանշիստական ուժերը համաձայնության են գալու Փաշինյանի հետ, համաձայնելու են արտահերթ ընտրություններին.

«Եթե արտահերթ ընտրություններ չեղան, ձգձգվեց մինչև մայիս, դա կարող է կրախով վերջանալ Փաշինյանի համար, նրան կարող են մեկուսացնել։ Շատ լավ հասկանալով այդ ամենը՝ Փաշինյանը գնում է առճակատման։ Նա մեծ ռեզերվ ունի իր հետևում, որը ցույց տվեցին երկու օր առաջ տեղի ունեցած իրադարձությունները»։

Միևնույն ժամանակ, դեսպանը նշեց, որ հեղափոխականները սխալը սխալի հետևից են անում. «Սխալներից առաջինը կադրային քաղաքականությունն է, որը 20-21 տոկոս հավանություն է բերել միջազգային կազմակերպությունների կողմից։ Այսօր առաջին հերթին մնում է Փաշինյան մարդ հեղափոխականը, ժողովուրդը նրա հետևից է գնում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով