«Բանակցությունները ժամանակ շահելու և ճգնաժամը խորացնելու համար են». Լիլիթ Գևորգյան

168.am-ի զրուցակիցն է Լոնդոնի Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերի վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով գլխավոր վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:

– ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություններից հետո կտրուկ լարվեց ներքաղաքական կյանքը` նույն օրը ԱԺ շենքի մոտ վարչապետ Փաշինյանը բազմամարդ հավաք կազմակերպեց, ապա ԱԺ-ում բանակցեց խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցի շուրջ: ՀՀԿ-ն հայտարարում էոր բանակցություն տեղի չի ունեցել

քանի որ ՀՀ վարչապետնիր դիրքորոշումներն է ներկայացրել՝ առանց փոխզիջումային տարբերակներիուստի պնդում էոր ձեռք չի  բերվել Փաշինյանի հետ որևէպայմանավորվածություն մոտ ապագայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու շուրջԻսկ Փաշինյանը հայտարարում էորհրաժարական է տալու, և դեկտեմբերին   արտահերթ խորհրդարանականընտրություններ են կազմակերպվելու, ըստ էության, հույս ունենալովորխորհրդարանական մեծամասնությունը հրաժարականից հետո  վարչապետի թեկնածու չի առաջադրիՆման դիրքորոշումների պարագայում և   ժողովրդական ներկայիս տրամադրվածության դեպքում ի՞նչ զարգացումներ եք

կանխատեսում:

– Փաշինյանի առաջարկներ անելը կամ չանելն էական չէ։ Ճգնաժամն անխուսափելի է, քանի որ նախկին քաղաքական-տնտեսական էլիտան որդեգրել է «ամեն ինչ, կամ ոչինչ» տակտիկան: Սա բանակցային կոշտ դիրք է՝ առավելագույն երաշխիքներ և մասամբ իրենց խաղի կանոնները թելադրելու համար։ Նրանք չեն ընդունում, որ հեղափոխություն է տեղի ունեցել։ Նրանք վստահ են, որ չկա հավաքական ժողովրդական կարծիք, այլ Փաշինյանին հետևում է հիմնականում աղքատ և հեշտ խաբվող մի զանգված, որը շուտով կհիասթափվի։

Նրանք վստահ են, որ իրենց վերադարձը ժամանակի հարց է, քանի որ ուժային, նախարարական, մարզային կառույցներում իրենց համակիրներն են։ Համակիր են, քանի որ Փաշինյանի գալով՝ կարող են պաշտոն կորցնել, բարեկեցիկ կյանք ու անգամ կարող են պատասխանատվության ենթարկվել նախկինում կաշառակերության համար։ Նրանք վստահ են, որ, եթե սպառողական գները բարձրանան, բայց ոչ՝ թոշակներն ու աշխատավարձերը, ապա Փաշինյանի իշխանությունը մեկ տարվա ընթացքում կփոշիանա։ Վստահ են, որ Մոսկվան  հայկական էթնիկ ծագմամբ ռուս օլիգարխների միջոցով իրենց է սատարում։

Իհարկե, ԼՂ-ում ցանկացած սրում, կամ ադրբեջանական հարձակում այս էլիտան կդիտի՝ իբրև բարենպաստ զարգացում իրենց իշխանություն բերելու համար։ Ի դեպ, հետաքրքիր է,  որ Կրեմլին մոտ ռուսաստանցի վերլուծաբանները հաճախ հենց նույն կերպ են վերլուծում հայաստանյան դեպքերը, ինչպես հին համակարգի անդամները, և նույն հոռետես կանխատեսումներն են անում Փաշինյանի  քաղաքականության վերաբերյալ:

– ՀՀԿ-ն պնդում է, ըստ էության, որ բանակցություն տեղի չի ունեցել: Արդյոքկարևոր չե՞ն բանակցությունները:

– Բանակցությունները ժամանակ շահելու և ճգնաժամը խորացնելու համար են։ Ուստի խնդիրն այն չէ, թե արդյո՞ք ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ն պատրաստ կլինեն նոր ընտրությունների դեկտեմբերին։ Նրանք գիտակցում են, որ անգամ մայիսին նոր ուժերն այնքան վարկաբեկված չեն լինի, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ պառլամենտական մեծամասնություն ապահովեն կամ գոնե լինեն լուրջ հակակշիռ։

Եթե անգամ ընտրությունները լինեն մայիսին, հնարավոր է, որ այս անգամ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ն առաջ բերեն նոր նախապայմաններ՝ ժամանակ շահելու և տրանսֆորմացվելու համար։  Օրինակ` արդեն հիմա շրջանառության մեջ է դրվում մի տարօրինակ պահանջ՝ ոստիկանությունը պառլամենտի հսկողության տակ դնել, ինչը ՀՅԴ-ն է բարձրաձայնել։ Նման պրակտիկա աշխարհում չկա։ Սա լավ օրինակ է, թե ինչպես կարելի է ճգնաժամը խորացնել՝ անիրական, կեղծ պահանջներ առաջ քաշելով։  Հոկտեմբերի 2-ի օրինագծի ընդունումն ակնհայտ դարձրեց, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ն պատրաստվում են երկարաժամկետ դիմադրության։

– Իսկ սահմանադրականԸնտրական օրենսգրքի փոփոխություններ պետքչե՞ն։

– Իհարկե, եթե հին կուսակցություններն ընդունեին, որ ձախողել են երկրի կառավարումը՝ անվտանգությունը, տնտեսական և դեմոգրաֆիկ ապագան, հետևաբար՝ ժողովրդական ապստամբության արդյունքում տապալվել են, ապա ավելի հանդարտ միջավայր կստեղծվեր։ Այս դեպքում նպատակահարմար կլիներ ընտրական օրենքը փոփոխել, անջատել փողը քաղաքականությունից՝ արմատախիլ անել օլիգարխային քաղաքական դաշտից։ Օգտակար կլիներ մեդիա դաշտը նաև կանոնակարգելը, քանի որ դրա մեծ մասը հին ուժերին է ծառայում և հաճախ զբաղված է դեզինֆորմացիոն պատերազմով։

Բայց պետք է ասել, որ նման քայլերը հիմա անիմաստ են։ Ըստ էության, հեղափոխությունը դեռ շարունակվում է, պարտվող կողմն  ապրիլ-մայիսի դեպքերը որակում է՝ իբրև ներպալատական դավադրության արդյունք։ Հիմա կարևոր է օլիգարխիայի քաղաքական թևին օրենսդրական մարմնից հեռացնելը։ Ավելին, ՀՀԿ- ԲՀԿ-ՀՅԴ-ն հիմա կեղծ ընդդիմություն են, դրանք գաղափարական կամ կոստրուկտիվ ընդդիմություն չեն։ Նրանց փոխարեն՝ նույն Փաշինյանին պետք է ունենալ իրական ընդդիմություն, որի ձևավորումը, իհարկե, դեռ բավականին երկար կտևի:

– Տեսակետ կա, որ ընտրությունները հարկավոր են տնտեսական իրավիճակը կայունացնելու և ներդրումներն ակտիվացնելու համար: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ընտրություններն օր առաջ անցկացնելն անհրաժեշտ է տնտեսության կայունությունն ապահովելու և օրենսդրական բարեփոխումների համար։ «Քաղաքական անկայունությունը» ներդրումային ռիսկերից մեկն է, որ հաճախ ընկերությունների ռիսկերի գնահատման մոդելի մի մասն է։ «Ինստիտուցիոնալ թուլությունը» ևս նման մի ռիսկի տեսակ է, որ ռիսկերի գնահատման մոդելները ներառում է։

Այս առումով, այն փաստը, որ Փաշինյանի կառավարությունն ընդամենը մի քանի ձայն ունի պառլամենտում, մեծ վտանգ է։ Եթե ներդրումներ բերելու հիմնական գրավչությունն օլիգարխիայի վերացումն է, ապա ՀՀԿ-ԲՀԿ պառլամենտ ունենալը, և նրանց՝ ամեն գնով իշխանությանը վերադառնալու մղումը նշանակում է, որ Փաշինյանի կոմերցիոն դաշտի ազատականացման քաղաքական ծրագիրը տապալման ռիսկի տակ է։ Մեծանում է նաև «բռնությունների ռիսկի» հավանականությունը, սա ևս վտանգ է ներդրողների համար։ Հեղափոխության նվաճումներից մեկն անարյուն և ոչ բռնի լինելն է, ապա չեմ բացառում, որ դեռ կլինեն լուրջ սադրանքներ բռնարարքների հանգեցնելու համար։ Ակնհայտ է, որ հին ուժերը կարծում են, որ սրանով կարող են Արևմուտքում վարկաբեկել հեղափոխությունը։

Սա կհամընկնի նաև ռուսական կողմի այն նկարագրությանը, թե իրականում ՀՀ-ում դեպքերը դեմոկրատիայի հետ կապ չունեն, դա օրինական իշխանություններին խունտայի միջոցով բռնի դուրս մղելու պրոցես է։ Նման ձևակերպումներ օգտագործվել են ուկրաինական ճգնաժամի ժամանակ։ ՀՀԿ-ի գլխավոր կուսակցականները ևս նույն վտանգավոր տերմիններն են օգտագործում։ Այս կոնտեքստում սադրանքները և բռնությունները լիովին համընկնում են ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ շահերին։

Ուզում եմ ավելացնել, որ սովորաբար ներդրումների որոշումները բավականին երկար են տևում։ Ներդրումներ բերելու համար ոչ այնքան թվեր են պետք ներկայացնել, այլ պայմանների ստեղծում։ Դատական համակարգը մաքրելը, հարկային ռեֆորմը, ինտելեկտուալ իրավունքի պաշտպանությունը՝ բոլորը խիստ կարևոր պայմաններ են։

– Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում հրաժարականի սցենարիպարագայում:

– Հեղափոխականների օրենքի տառով փոփոխություններ անելու խոստումը հին ուժերն ամեն կերպ շահարկելու են։ Այսինքն՝ չնայած բացահայտ լեգիտիմության պակասին, նրանք կփորձեն իրավիճակը պահել փակուղում՝ խորհրդարանի նիստերը ձգձգելով, բանակցելով, հնարավոր է՝ անգամ սեփական թեկնածուն ընտրելով, լավ իմանալով, որ նրանք ի վիճակի չեն լինի երկիրը ղեկավարել։ Ծայրահեղ դեպքում, սեփական թեկնածուի ընտրության դեպքում կարող է հաստատվել բռնապետություն՝ համատարած ռեպրեսիաներով։ Սա արկածախնդրություն կլինի և չի կարող երկար տևել։

Խոհեմ կլինի հին կուսակցությունների կողմից՝ ընդունել պարտությունը և հիմա հեռանալ, մանավանդ որ, հանրության մեջ շատերն ավելի ռադիկալ են տրամադրված, քան Փաշինյանը։

Եթե Փաշինյանը համաձայնի, ապա պառլամենտական մեծամասնությունը կարող է ժամանակ շահել և մնալ մինչև մյուս մայիս, փոխարենը՝ հաստատելով Փաշինյանի բոլոր առաջարկած նախագծերը։ Բայց սա, իմ կարծիքով՝ ավելի վտանգավոր տարբերակ է Փաշինյանի համար, քան հիմա հրաժարական տալը։ Մնալով իշխանության լծակներին մոտ՝ ՀՀԿ-ԲՀԿ-ն կշարունակեն լինել գրավիչ ուժի կենտրոններ բոլոր նրանց համար, ովքեր եղել են նախկին համակարգի շահառուներ՝ կոռուպցիայով հարստացողներ, նախկին պաշտոնյաներ, բիզնեսներ, և ՊՕԱԿ-ների ղեկավարներ, և այլք։

Ռուսաստանը, իհարկե,  կնախընտրի հավատարիմ և լավ փորձված ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ եռյակին, բայց ակնհայտ է, որ հին թիմով կենդանի մնալն անհնար է այլևս։ Բացի այդ, Մոսկվային միանգամայն բավարարում է այս վիճակը, երբ նախկին իշխանական թևը երաշխավորում է, որ Փաշինյանի կառավարությունը խստագույնս պրոռուսական  ծիրում մնա։

ՀՀԿ-ին պետք է ժամանակ՝ տրանսֆորմացվելու, հնարավոր է՝ անգամ երկու կուսակցության վերածվելու համար, թերևս, այնպես, ինչպես Ուկրաինայում դա եղավ։ Օլիգարխիան խաղի մեջ կմտցնի նոր դեմքերի, ինչպես նաև ՀՀԿ-ի, այսպես կոչված, տեխնոկրատ, ուսյալ, օլիգարխիային հավատարիմ  երիտասարդներին, որոնք մինչև հեղափոխությունն արդեն պատրաստվում էին ՀՀԿ-ի ղեկավարության երիտասարդացման համար։

Փաշինյանի հրաժարականը վտանգավոր քայլ է, բայց ՀՀԿ-ԲՀԿ-ում, առանց ժողովրդական մանդատի, իշխանության մնալն առավել վտանգավոր է՝ թե տնտեսական, թե արտաքին քաղաքականության, թե իրական ընդդիմության զարգացման հնարավորության առումով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով