Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ նորաօծ եկեղեցականների հետ

Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց հոկտեմբերի 7-ին Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում քահանայական ձեռնադրության արժանացած 7 քահանաների` ուղեկցությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի:

Մայր Աթոռի լուսարարապետը Նորին Սրբությանը ներկայացրեց նորաօծ հոգևորականներին` հայցելով Հայոց Հովվապետի հայրական օրհնությունն ու պատգամը: Այս առիթով իր ուրախությունն արտահայտեց նաև ձեռնադրող Առաքել արքեպիսկոպոսը` նորաօծներին մաղթելով բարի հովվական առաքելություն:

Ողջունելով քահանա հայրերին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհություն հայտնեց Երկնավորին, որ նոր մշակներ է հասցնում Հայոց Եկեղեցու անդաստանից ներս: Նորին Սրբությունը, ընդգծելով հոգևորականի առաքելության կարևորությունը, նշեց, որ բազմաթիվ համայնքներ դեռ սպասում են իրենց հոգևոր հովիվներին: Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ քահանաները հաստատուն կլինեն իրենց հովվական առաքելության մեջ և իրենց արդյունավետ ծառայությամբ կնպաստեն ժողովրդի հոգևոր կյանքի պայծառությանը և Եկեղեցու շենացմանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց ձեռնադրող Առաքել Սրբազանին իր ստանձնած պարտականության համար, ինչպես նաև լուսարարապետ Հովնան Սրբազանին, ում հոգևոր տեսչության ներքո քահանաներն իրենց սարկավագական ծառայությունն էին բերում մինչ ձեռնադրությունը:

Նորընծաների անունից Արժանապատիվ Տ. Սիոն քահանա Հարությունյանը երախտիքի խոսք ուղղեց Նորին Սրբությանը` խոստանալով արդարացնել Հայոց Հայրապետի հույսերը և անսակարկ ծառայել Երկնավոր Տիրոջը և հայ ժողովրդին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով