Ադրբեջանը մտադիր է Թուրքիայում ավելացնել իր ներդրումների ծավալը

Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Հազար Իբրահիմը Ամասիայի համալսարանում կազմակերպված «Ադրբեջանի 100-ամյակը, Թուրքիայի հետ հարաբերությունները և տարածաշրջանային անվտանգությունը» խորագրով համաժողովի շրջանակներում հանդես է եկել «թուրք-ադրբեջանական եղբայրության» մասին հերթական «ոգեշունչ» հայտարարություններով:

Դարձյալ շահարկելով արդեն ավանդական դարձած «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը Ադրբեջանի դեսպանը համոզմունք է հայտնել, որ Թուրքիան և Ադրբեջանը փոխլրացնում են միմյանց և մեկը մյուսի համար որպես հենարան են ծառայում:

Հազար Իբրահիմն ընդգծել է նաև այն, որ ադրբեջանցի գործարարները մեծ ներդրումներ են իրականացնում Թուրքիայում.

«Այսօր Ադրբեջանը Թուրքիայում ամենախոշոր ներդրում իրականացնողներից է: Այս տարվա վերջում Թուրքիայում Ադրբեջանի ներդրումների ծավալը նախատեսվում է հասցնել 20 միլիարդ դոլարի: Երկու եղբայրական երկրի համագործակցության շնորհիվ կյանքի կոչվեցին անիրականանալի թվացող այնպիսի նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, Տրանսանատոլիական գազատարը, որոնք հավատում եմ՝ նպաստելու են տարածաշրջանի զարգացմանը»:

Բնականաբար, Իբրահիմը «տարածաշրջան» ասելով ընտրողաբար է մոտեցել այս հասկացությանը, քանի որ տարածաշրջանի խաչմերուկում գտնվող Հայաստանը, ինչպես գիտենք, դուրս է մղված նշյալ նախագծերից:

Իբրահիմը նշել է նաև, որ բազմաթիվ ադրբեջանցիներ պատրաստակամ էին Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քաղաքում Թուրքիայի իրականացրած գործողություններին աջակցություն ցուցաբերելու հարցում:

 

Ermenihaber

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով