Factor.am. Մակունցի ասած որևէ բան ճշմարտության հետ աղերս չունի․ Ժիրայր Դադասյանը՝ Մնջախաղի թատրոնի շենքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը համարում է, որ թատրոնի շենքի հետ կապված մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի վերջին մեկնաբանությունները ճշմարտության հետ որևէ աղերս չունեն: Բանն այն է, որ 45 տարվա դեգերումներից հետո Երևանի մնջախաղի պետական թատրոնը կրկին շենք է փնտրում:

Նախորդ տարի թվում էր, թե շենքի խնդիրը վերջնականապես լուծվել էր, գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն էլ արդեն որոշել էր, թե Սերժ Սարգսյանի հանձնարարականով թատրոնին տրամադրված Գրապալատի նախկին տարածքն ինչպես պետք է տնօրիներ: Խոսքը Գևորգ Քոչար 21 հասցեի մասին է: Ուրախանալու համար, սակայն, պարզվում է, վաղ էր:

Որպեսզի թատրոնը լիարժեք գործեր, և այլ թատրոնների բեմերից օգտվելու կարիք չլիներ, առաջարկվել էր շենքի հարկը բարձրացնել և մուտքը տեղակայել դրսի կողմից: Այնինչ, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, վերջերս հայտարարեց, որ շինարարական փոփոխություններ չեն կարող լինել, քանի որ գործ ունենք հուշարձան-շենքի հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժիրայր Դադասյանին, սակայն, նախարարի արձագանքը ոչ միայն զարմացրել է, այլև՝ զայրացրել: Նա հիշեցնում է, որ իրեն շենքի հետ կապված հստակ առաջարկ ներկայիս կառավարության օրոք չի արվել, փոխարենը արվել են ակնարկներ։ Ժիրայր Դադասյանը շեշտում է՝ Մնջախաղի թատրոնը պետական կառույց է, բացառիկ ժանրային թատրոն, և իրենք չեն պատրաստվում տեղակայվել քաղաքի ծայրամասում, այն էլ այն դեպքում, երբ քաղաքի մյուս բոլոր թատրոնները գտնվում են փոքր կենտրոնում: Գեղարվեստական ղեկավարը իմաստ չի տեսնում նաև աշխատել համատեղելիության կարգով, քանի որ Պատանի հանդիսատեսի թատրոնը վարձակալելով,

իրենք այժմ արդեն իսկ այդ կարգավիճակում են: Անդրադառնալով նախարարի այն հայտարարությանը, թե հուշարձան-շենքում փոփոխություններ չեն կարող իրականացվել, մեր զրուցակիցն առաջարկում է ուղղակի ուշադիր զննել այդ շենքը, որը, նրա խոսքով, ստալինյան շրջանի բանտ է հիշեցնում: Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի մասնագետները լավագույն ճարտարապետների հետ խորհրդակցել էին, որպեսզի արվեր հնարավորը՝ շենքի քաղաքաշինական տեսքը չխաթարելու համար: Շենքի հետ կապված վերջնական լուծումն էլ տրվել էր մասնագետների կոնսենսուսի արդյունքում:

Իսկ եթե նույնիսկ այս ամենով հանդերձ նախագծի իրականացման դեպքում շենքին վտանգ է սպառնում, Ժիրայր Դադասյանի համար հասկանալի չէ՝ ինչու նախարարությունը որևէ լուծում չի գտնում, ըստ որի հնարավոր կլինի շենքը պահպանելով՝ այնտեղ թատրոնին տարածք տրամադրել: Factor.am-ը թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեց նաև Մշակույթի նախարարությունից: Լիլիթ Մակունցի մամուլի քարտուղար Անի Սմբատյանը տեղեկացրեց, որ թատրոնի շենքի հետ կապված առաջարկությունների փաթեթը ներկայացվելու է Ժիրայր Դադասյանին։ Հետագա զարգացումների վերաբերյալ նախարարությունը կիրազեկի լրատվամիջոցներին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ տեսանյութում։ Աննա Բաբաջանյան


© factor.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով