«82%-ը վատ է անդրադառնալու իշխանությունների վրա. տանելու է կործանման». Արծրուն Պեպանյան

«Ճիշտն ասած, ես կուզեի, որ «Իմ քայլի» գրանցած արդյունքը մոտ 60% լիներ, դա ավելի տրամաբանական և կառուցողական կլիներ։ Իսկ իրական պատկերը մի քիչ խորհելու տեղիք է տալիս՝ այն առումով, որ միակուսակցականության վտանգ է ի հայտ գալիս»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց գրող, քաղաքական վերլուծաբան Արծրուն Պեպանյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին։

Նրա խոսքով՝ երբ որևէ կուսակցություն 80%-ից ավելի քվե է ստանում՝ կարող է առաջանալ ավտորիտար համակարգ:

«Մենք այդ փուլերով անցել ենք։ Իշխանության եկած ուժը կարող է նույնիսկ չզգալ դա, նրանք ընկնեն խանդավառության մեջ, ասեն՝ ժողովուրդը մեզ քվե է տալիս, ու անեն քայլեր, որոնք, հետագայում պարզվի, որ չէր կարելի անել։ Հիմա շատ վտանգավոր պահ է այդ առումով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մյուս կողմից, եթե ժողովուրդը մոտ 82% քվե է տալիս որևէ կուսակցության, այդ դեպքում նաև խնդիր է առաջանում՝ քննել ժողովրդի վիճակը։ Դա նշանակում է, որ ժողովուրդը սթրեսային վիճակում է, որովհետև նորմալ վիճակում լինելու պարագայում կլինեին տարբեր կուսակցություններ՝ 20-30% համամասնությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց վերլուծաբանը։

Մեր հարցին՝ եթե թվերով ենք նայում՝ ապա ժողովրդի մեծ մասը՝ 57%-ը, չի մասնակցել ընտրությանը, այդ դեպքում չի՞ ստացվում, որ ժողովրդի մեծամասնությունը ձայն չի տվել «Իմ քայլը» դաշինքին, նա այսպես պատասխանեց.

«Առաջին հայացքից կարող ենք այդպես ասել, բայց պետք է պարզենք, թե նրանք, ովքեր որոշ ընտրացուցակներում կան, արդյո՞ք Երևանում են ապրում, թե՞ ոչ, քանիսն են արտագաղթել։ Մենք չունենք պատկերը, թե քանի տոկոսն էր Երևանում ու չմասնակցեց ընտրություններին»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես հասկանում եմ ընտրություններում հաջողության հասած թիմի խանդավառությունը, բայց և ուզում եմ զգուշացնել, որ 82 տոկոսը վտանգավոր թիվ է: Ընդհանրապես 80 տոկոսից ավելի քվեն իր մեջ պարունակում է ֆաշիզմի քողարկված վտանգ: Բացի դա, այդ թիվը նաև ժողովրդի վիճակի մասին է բնութագրումներ տալիս, որոնք չեն կարող չմտահոգել երկրի իրական վերափոխմամբ մտահոգվածներին: Այնպես որ, իշխանության եկած ուժին հորդորում եմ խորհել այս մասին:

Մենք ունեցել ենք 83 տոկոս ու գահավիժել ենք՝ ստեղծելով ավտորիտար համակարգ:
Իսկ ի՞նչ պիտի անի քաղաքացին, որպեսզի խուսափի կրկնությունից և լինի իրական վերելք»,- ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին՝ գրել էր Արծրուն Պեպանյանը:

Հետաքրքրվեցինք՝ ֆեյսբուքյան Ձեր գրառման մեջ նշել էիք, որ 82 տոկոսը վտանգավոր թիվ է, և ընդհանրապես 80 տոկոսից ավելի քվեն իր մեջ պարունակում է ֆաշիզմի քողարկված  վտանգ. Հայաստանի պարագայում նման վտանգ արդյո՞ք կա, հաշվի առնելով այն մոտեցումը, որ, եթե ժողովուրդը նախկին ռեժիմին մերժեց, ապա նույն կերպ կմերժի նաև Նիկոլ Փաշինյանին, եթե նա թերանա։ Ի պատասխան՝ նա հետևյալն ասաց.

«Ժողովուրդը կմերժի, եթե այնքան ինքնակազմակերպվի, որ ստեղծի պետական ինստիտուտներ, որոնք ժողովրդի խոսքը տեղ կհասցնեն։ Այսօրվա պայմաններում չունենք պետական այն ինստիտուտը, որ, եթե վարչապետն ինչ-որ սխալ թույլ տա, կարողանանք իրավական մեխանիզմներով կասեցնել իր քայլը։ Լևոն Տեր-Պետրոսյանը կամ մյուս նախկին նախագահներն ինչպե՞ս եղավ, որ դարձան, այսպես ասած՝ թագավորներ։ Ժողովուրդը կար, չէ՞։ Մենք չենք ստեղծել պետական այն ինստիտուտները, որոնք կարողանան գործող նախագահ կամ գործող վարչապետ դատի տալ։ Այդ վտանգը միշտ կա, օդում կախված է»։

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում երկրում առկա էյֆորիկ ֆոնի պայմաններում ԱԺ-ն ցրելու գաղափարին, ապա ըստ մեր զրուցակցի՝ ԱԺ-ն կառավարությանը չի խանգարում.

«Եթե կառավարությունն ունենար երկիրն արմատապես վերափոխելու ծրագիր, ապա գոյություն ունեցող ԱԺ-ն իրեն չէր խանգարի, հիմա էլ չի խանգարում։ Նույնիսկ այս պայմաններում կարելի է երկրում արմատական վերափոխում անել՝ առանց ԱԺ նոր ընտրությունների, պարզապես այդ ծրագիրը չկա։ Ենթադրենք, ԱԺ-ն ցրեցինք, նոր ընտրություններ ունեցանք, և Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ԱԺ-ում 130 հոգի նստեցրեց, հետո՞։

Ո՞ւր է երկիրը վերափոխելու ծրագիրը։ Բայց մյուս կողմից՝ նկատենք, որ իրենց հաջողվեց ինքնախեղդվող իրավիճակից դուրս գալ, որն ունեինք մարտ ամսին։ Եթե մարտ ամսվա վիճակը շարունակվեր, մի որոշ ժամանակ հետո այս պետությունը կմեռներ»։

Արծրուն Պեպանյանը ստեղծված իրավիճակից դուրս գալու իր տարբերակն է առաջարկում.

«Ամբողջ Երրորդ Հանրապետության տարիներին մեր ընդդիմադիր քաղաքական միտքն ընդամենը մտածում էր՝ ինչպես ազատվել վատ իշխանություններից։ Ես 20 և ավելի տարի ասում եմ՝ եկեք՝ մտածենք, որ, եթե վատ իշխանությունները հեռանան, մեր անելիքը որն է լինելու։

Ես չեմ կարողացել քաղաքական դաշտին բերել դրան։ Հիմա փաստացի ունենք իրավիճակ, երբ վատ իշխանությունները գնացել են, բայց հայ քաղաքական միտքը չունի լուծում՝ ի՞նչ անել այս պահին։ Սա ցավալի է, և հիմա իսկը ժամանակն է, որ քաղաքական միտք կրող վերլուծաբանները, քաղաքագետներն ի մի գան և այս խնդիրը դնեն իրենց առջև, փորձեն հասկանալ՝ ինչո՞ւ ունեցանք Երրորդ Հանրապետության այդ տարիները, գլխավոր պատճառները վեր հանվեն, հասկանանք՝ ի՞նչն է մեզ խանգարում առաջ գնալ, ի՞նչ է հարկավոր անել։ Այս հարցերը մնացել են չլուծված»։

Դիտարկմանը՝ փաստացի, ներկայումս այլակարծությունը չի ընդունվում Հայաստանում, այս պայմաններում ինչպե՞ս պետք է քաղաքական միտք կրող անձինք ի մի գան և լուծումներ առաջարկեն, նա այսպես արձագանքեց.

«Դուք ճիշտ եք նկատել, որ իշխանությունների կողմից այլակարծություն չի ընդունվում, և այս 82%-ը շատ ավելի վատ է անդրադառնալու իշխանությունների վրա, իրենք արդեն դառնալու են շատ ավելի ինքնավստահ, ինչը վտանգավոր է, մտածելու են՝ դե, ժողովուրդը մեզ հետ է, մնացած բոլորդ ինչ ասում եք՝ կարող ենք հաշվի չառնել, այ, սա իրենց տանելու է կործանման…

Այս իրավիճակում, եթե ինձ հարցնեն, ես կասեի՝ ժողովրդի կարծիքն արդեն պետք չէ, հարկավոր է ընդամենը ախտորոշել, թե ինչո՞ւ մենք ունեինք մարտ ամսվա Հայաստանը, ինչ պատճառներով, այդտեղ նաև ժողովրդի մեղքը կա, և ինչ կերպ ենք մենք իրականացնում վերափոխում։

Թիվ մեկ խնդիրը հայ ժողովրդի վերափոխումն է, որովհետև այն մտածողությունը, որ ունի մեր ժողովուրդը, կարող է ունենալ այն պետությունը, որ կար մարտ ամսին, ուրիշ պետություն նա չի կարող ունենալ»։

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով