Ռուսական կողմը պահանջում է ՀՀ «Վարորդական վկայականի» տվյալները դարձնել նաև ռուսալեզու

Նախորդ շաբաթ ՌԴ Պետդումա է ներկայացվել օրինագիծ, որով նախատեսված է արտասահմանյան վարորդական իրավունք ունեցող անձանց արգելել որպես վարորդ աշխատել ՌԴ-ի տարածքում։ Նախագիծ հեղինակը՝ Կարաչաևո-Չերկեսիայից սենատոր Ահմադ Սալպագարովը, նման նախագիծ ներկայացնելու դրդապատճառը բացատրել է այն հանգամանքով, որ օտարերկրյա վարորդների մասնակցությամբ վթարների թիվը երկրում աճում է

Հիշեցնենք, որ 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտան «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին Դաշնային օրենքում» իրականացված փոփոխությունները, որոնց հետևանքով Ռուսաստանում արգելվեց աշխատանքի ընդունել օտարերկրացի վարորդներին, ովքեր ռուսական վարորդական իրավունք չունեն, բացառությամբ այն երկրների քաղաքացիների, որտեղ ռուսերենը պետական լեզու է:

Ըստ այդմ՝ հայազգի վարորդներն իրենց վարորդական իրավունքով չեն կարող աշխատանքային գործունեություն ծավալել Ռուսաստանի տարածքում, դրա համար նրանք պետք է ձեռք բերեն ռուսական վարորդական իրավունք։ Սակայն այս դեպքում ևս առկա են խնդիրներ, քանի որ ռուսական վարորդական իրավունք ունեցող հայերն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու համար պետք է ունենան 2-3 տարվա փորձ։
Հայկական կողմն այդ ժամանակ փորձեց կարգավորել խնդիրը։ Հարցը քննարկվեց նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ընթացքում, որի ժամանակ Վոլոդինը ՀՀ իշխանություններին առաջարկել էր Հայաստանում ռուսերեն լեզվին տալ պաշտոնական կարգավիճակ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս ամենին զուգահեռ՝ հայ վարորդները Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու ժամանակ կանգնում են նաև մեկ այլ խնդրի առջև, այն է՝ հայկական վարորդական իրավունքի մեջ բացակայում է ռուսերեն լեզուն, ինչը ենթադրում է հավելյալ թարգմանություն և ծախսեր։

Դեռևս անցյալ տարի, երբ հարցը լրջորեն քննարկվում էր հասարակության շրջանում, ռուսական կողմին բազմիցս հիշեցումներ արվեցին ԱԺ պատգամավորների և իշխանության ներկայացուցիչների կողմից, որ Ռուսաստանը և Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներ են, հետևաբար՝ ցանկացած տնտեսական միություն ենթադրում է աշխատուժի, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժ:

ԵԱՏՄ մասին պայմանագրի 28-րդ հոդվածում ասվում է. «Ներքին շուկան ընդգրկում է տնտեսական տարածք, որում, սույն Պայմանագրի դրույթների համաձայն` ապահովվում է ապրանքների, անձանց, ծառայությունների և կապիտալի ազատ տեղաշարժը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն պայմանագրի 86-րդ հոդվածի համաձայն՝ «Միությունում իրականացվում է համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականություն»: Այսինքն՝ ցանկացած տրանսպորտային կարևոր որոշում պետք է քննարկվի միության մակարդակով:

Փոխարենը, ԵԱՏՄ-ի սահմաններում իր պարտավորությունները կատարելու դիմաց ռուսական կողմն առաջարկում է Հայաստանին՝ սահմանադրական փոփոխություններ իրականացնել և ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալ։

Այս խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ նոր իշխանությունները շարունակում են բանակցություններ վարել Ռուսաստանի հետ, սակայն դեռևս դրական որևէ արդյունք չի գրանցվել։

168.am-ի հետ զրույցում «Ջափն» ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Վաչագան Մինասյանն անդրադառնալով վարորդական իրավունքների մեջ ռուսերեն լեզվի բացակայությանը՝ նկատեց, որ տարիներ առաջ անգլերենին զուգահեռ՝ վարորդական իրավունքում կար նաև ռուսերենը, սակայն անհայտ պատճառներով այն հանվել էր։

«Վարորդական իրավունքում ռուսերենի առկայության պայմաններում մենք աշխատանքային որևէ խնդիր չենք ունեցել Ռուսաստանում աշխատելիս, բայց երբ լեզուն հանեցին՝ սկսեց խնդիրներ առաջանալ, քանի որ ռուսներն ասում էին, թե՝ քո անունը չկա, ստիպում էին անունը թարգմանել և ռուսերեն ունենալ, որն իր հերթին՝ գումարային ծախսեր էր ենթադրում, ինչն էլ գնում էր ռուսական բյուջե։ Վարորդական իրավունքում կարելի է ավելացնել նաև ռուսերենը, այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»,- նշեց Վ. Մինասյանը։

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ՀՀ վարորդական վկայականը համապատասխանում է ճանապարհային երթևեկության մասին կոնվենցիայի պահանջներին, որը բարձր է յուրաքանչյուր երկրի օրենսդրությունից։ Միաժամանակ՝ ՀՀ վարորդական վկայականն իր ստանդարտներով ամենաորակյալ փաստաթուղթն է։

«Ինչ վերաբերում է վարորդական վկայականում ռուսերեն լեզվով գրառմանը, ապա նույն կոնվենցիայի մեջ տալիս է, որ ազգային վարորդական վկայականը պետք է գրված լինի ազգային լեզվով և լատինատառ տառերով՝ պարզ ու հասկանալի։

Այսինքն, սա որևէ երկրի կողմից խոչընդոտ չի կարող հանդիսանալ տվյալ վարորդական վկայականն օգտագործելու հետ կապված։ Ռուսերեն գրառումը պարտադիր պայման չէ, սակայն մեր վարոդական վկայականի վրա «Վարորդական վկայական» արտահայտությունը գրված է չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ինչը բավարար պայման է։ Ճիշտ է, նախկինում Ռուսաստանում կամայական մոտեցումներ էին ցուցաբերում հայկական վարորդական վկայականի հետ կապված, սակայն այս պահին դրա հետ կապված որևէ խնդիր չկա։

Այս հարցը լուծված է, տարբեր երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, մարդիկ ազատ երթևեկում են, և չկա որևէ խնդիր։ Խնդիրներ կան կապված միայն աշխատանքային գործունեություն ծավալող վարորդների հետ, սրա հետ կապված՝ Ռուսաստանն ընդունել էր համապատասխան օրենսդրություն, որ իր երկրում աշխատանքի իրավունք ունեցող այլ երկրի քաղաքացիները պարտավոր են փոխանակել իրենց վարորդական իրավունքները ռուսական վարորդական իրավունքով։ Այս պահին ՀՀ կառավարության կողմից բանակցություններ են ընթանում, և պետք է լուծումներ գտնվեն այս մոտեցումը փոխելու համար»,- եզրափակեց Ա. Տոնոյանը։

Նշենք, սակայն, որ թեև փաստաթղթի անվանումը՝ ՀՀ «Վարորդական վկայական» արտահայտությունը գրված է չորս լեզուներով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, այնուամենայնիվ վարորդի տվյալները (անուն, ազգանուն, և այլն) միայն հայերեն են։

Աղբյուր ՝ 168.am

Զվարթ Խաչատրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով