Պատգամավոր Փաշինյանը պայքարում էր տեսախցիկների դեմ, վարչապետ Փաշինյանը՝ ավելացնում

ՀՀ ԱԺ պատգամավոր եղած ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը բուռն պայքար էր մղում ճանապարահային արագաչափերի և տեսախցիկների, կարմիր գծերի դեմ: Իսկ հեղափոխության քայլերթի ժամանակ անգամ պիտակներ էր փակցնում տեսացխիկների վրա:

Վարչապետի պաշտոնում, արդեն, կառավարության երեք նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ խնդրին՝ ասելով, թե պետք է դիտարկել տուգանքի ռեժիմն ու ընդհանրապես տեսախցիկների գործունեության դադարեցումը:

Ոչ դրանց գործունեությունը դադարեցվեց, ոչ տուգանքի ռեժիմը փոխվեց: Ավելին, կենացները քաղցրացան, ու հիմա էլ խոսվում է նոր տեսախցիկներ բերելու մասին՝ 2000 հատ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Հայկական Ժամանակ»-ին սեպտեմբերի 7-ին ասել էր բառացի հետևյալը. «Սա արվում է վարորդներին զսպելու նպատակով, քանի որ վրաերթերի, ՃՏՊ-ների, վիրավորների թիվը շատ է»:

Ուշագրավ է այն, որ սրանից 7 օր անց՝ սեպտեմբերի 14-ին, ոստիկանությունը հանդես եկավ հայտարարությամբ, թե. «Ուրախալի է, որ ճանապարհային ոստիկանությունն ունի հասարակության աջակցությունը. հանրային կարծիքը հավանություն է տալիս այս գործողություններին, իսկ քաղաքացիները հաճախ այս կամ այն կերպ օժանդակում են ոստիկաններին, որ լիարժեք իրականացնեն իրենց գործառույթները:

Ու կարծես նորից իրավիճակը փոխվում է: Մասնավորապես, սեպտեմբերի 1-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում գրանցվել է 136 ճանապարհատրանսպորտային պատահար` անցյալ տարվա նույն շրջանում գրանցված 143-ից 7-ով պակաս: Նվազել է նաև զոհերի ու վիրավորների թիվը, համապատասխանաբար` 6-ով ու 12-ով. անցյալ տարվա այս հատվածում ճանապարհներին զոհվել է 15 մարդ, այս տարի` 9-ը, վիրավորվել է 193-ը, այս տարի` 181 մարդ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ստացվում է՝

Ոստիկանապետն իրավիճակին չի տիրապետում, քանի որ իր և ոստիկանության տվյալները բոլորովին հակասում են Նոր տեսախցիկներ բերելու անհրաժեշտություն չկա Իրավիճակին տիրապետում են թե ոստիկանությունը, թե ոստիկանապետը, բայց միաժամանակ՝ նոր բիզնես է հիմնադրվում:

Բանն այն է, որ նախկինում տեսախցիկները բերում էր «Էլիպս» ընկերությունը, «Սեքյուրիթի դրիմ»-ն էլ տեղադրում էր ու վերահսկում: Հունիսի 21-ին այս ընկերություններում հատուկ գործողություններից հետո ոստիկանությունը հայտարարեց 1 միլիարդ 16 մլն դրամ հափշտակության մասին: Ընկերություններում երկու անգամ եղան ստուգումներ, առգրավվեցին փաստաթղթեր: Իսկ ընկերության ղեկավար Ալեքսան Զաքարյանը բազմիցս հայտարարեց, թե որևէ բան չեն հայտնաբերվել, մեղադրանքներն անհիմն են: Արդեն անցել է 2.5 ամիս, բայց որևէ բացահայտում չի եղել, մեղադրանք չի առաջադրվել: Պարզապես ոստիկանությունը շտապել է հայտարարություն անելիս՝ դրանով արատավորելով ընկերությունների անունն ու ֆինանսական վնաս հասցնելով:

Ըստ ամենայնի, ընկերության դեմ սկսվեցին իրավական արշավներ՝ չեզոքացնելու համար: Ոստիկանությունն արդեն հաստատել է, որ կոնկրետ ընկերություն կոնկրետ հայտ է ներկայացրել տեսախցիկներ բերելու: Տրամաբանական է, որ այդ ընկերությունները չեն լինի «Էլիպս»-ն ու «Սեքյուրիթի դրիմ»-ը:

Այս ընկերությունների տնօրեն Ալեքսան Զաքարյանը Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց, որ իրենք չեն դիմել ոստիկանություն տեսախցիկներ տեղադրելու համար: «Թե ովքեր են դիմել, մենք չգիտենք, լսել ենք լրատվության միջոցներով: Նույնիսկ դեռ պարզ չէ, թե այդ տեսախցիկները ինչի համար են դրվում, ինչ խնդիր են լուծելու»:

Ինչ վերաբերում է շուկա մեկ այլ ընկերության մուտքին, ասաց. «Երթևեկությունը հսկող տեսախցիկների մասով միայն մեզ հետ է պայմանագիր կնքված, բայց վաղը կարող է ուրիշի հետ էլ լինել: Պայմանագրով որևէ կետ չկա, որ միայն մենք պետք է լինենք»:

Ամենայն հավանականությամբ, կբերվի նոր խաղացող և նրան կտրամադրվի այդ եկամտաբեր աշխատանքը կատարելու իրավասությունը: Ինչ-որ նոր բիզնես է ծաղկում, որի «հրամանատարությանը» կարելի է փնտրել իշխանական կուլիսներում, որը շուտով կպարզվի:

 

Ահարոն Համբարձումյան

Yerevan.Today

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով