Ում ուզում է՝ թող փողոց դուրս բերի։ Ժողովրդին փողոց դուրս բերելն արդեն քաղաքական տեռոր է․ ինքը ժողովուրդ ունի, մենք չունե՞նք

Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ

– Պարոն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրությունները, արդյունքները սպասելի՞ էին ձեզ համար։

– Ընտրությունները բաժանենք մի քանի մասի. առաջինը քարոզարշավն էր, որը խայտառակություն էր։ Խայտառակություն էր այն սպառնալիքների տարափը, որը հնչեց վարչապետ Փաշինյանի կողմից իր գործընկերների հանդեպ, որոնց մի մասը հրապարակի կամ հեղափոխության  ներկայացուցիչներն էին։ Այնտեղ չկար մի ուժ, որը գոնե դեմ էր հանդես եկել Փաշինյանի քաղաքականությանը։ Հետևաբար, առնվազն տարօրինակ էր Փաշինյանի նման կեցվածքը իր գործընկերների նկատմամբ՝ սև ու սպիտակի բաժանելու, «պատին ծեփելու», «ասֆալտին փռելու» առումով։ Առաջին անգամն է Հայաստանում, երբ քաղաքական իշխանությունն առաջին դեմքով է մասնակցում ՏԻՄ ընտրություններին։ Ճիշտ է՝ օրենքը նման բան թույլ տալիս է, բայց ակնկալում էինք, որ Փաշինյանը կլինի Կարգին Հայկոյին օժանդակողի դերում, այնինչ, Կարգին Հայկոն և մյուսներն էին օժանդակող, և նա ՏԻՄ ընտրությունները փորձում էր ներկայացնել ոչ թե՝ որպես ծրագրային պայքար, այլ՝ զուտ հարձակում այլ քաղաքական ուժերի վրա։ Այդ իմաստով մտահոգիչ է, և միայն ես չէ, այլև իր մասնակից գործընկերները նշել էին և՛ սև PR-ի, և՛ հակաքարոզչության, և՛ պրեսինգի մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եթե հիշում եք՝ այս ընտրություններից առաջ Փաշինյանը մի քանի անգամ իր վստահության հարցը դրեց՝ կոչ անելով բոլորին գնալ ընտրատեղամաս, նշելով, որ սա խորհրդարանական ընտրությունների «դաբրոյի» հարց է։ Հիմա կարող եմ ասել, որ Փաշինյանն իրեն գցեց իր իսկ լարած ծուղակը. փաստորեն, երևանցիների 57%-ն արհամարհեց Փաշինյանի կոչը, ականջալուր չեղան նրան, և փաստորեն ընդամենը 43%-ը գնաց ընտրությունների, այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանի ընտրությանը 40%-ից ավելի մասնակցություն էր եղել։

Այսինքն՝ նմանատիպ ճիգերը ցույց տվեցին, որ մեծ տարբերություն չկար, այն դեպքում, որ Տարոն Մարգարյանի ընտրության ժամանակ մասնակցում էր 3 ուժ, հիմա՝ 12 ուժ։ Ինչպես քաղաքագետներից մեկն էր դիպուկ նշել՝ այս ընտրություններում հաղթեց տանը նստած քաղաքացիների կուսակցությունը։

Նրանք, ովքեր դեմ էին Փաշինյանի քաղաքականությանը, մի մասը գնացին և ձայն տվեցին այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իսկ ավելի մեծ մասը չմասնակցեց ընտրություններին՝ դրանով իսկ ասելով, որ չի կիսում Փաշինյանի գնահատականներն ու քաղաքականությունը։ Երևանցին երեկ զրկեց Փաշինյանին՝ ողջ ժողովրդի անունից խոսելու մենաշնորհից։ Նրա կողմնակիցներն ասում են՝ փայլուն հաղթանակ է, հես ա Փաշինյանը կգա՝ ԱԺ-ն կցրի… Այ քեզ բան, ի՞նչ պետք է անի, ժողովրդի մեծամասնությունը մերժեց Փաշինյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնպես որ, պարոն Փաշինյան, ժողովուրդը քեզ մերժեց, էն, որ ժողովրդի անունից խոսում էիր, 43%-ն է ընդամենը լսել քո կոչը։ Իսկ որ ասում էիր՝ ՀՀԿ-ն գազելներով մարդկանց տանում էր ընտրությունների, փաստորեն, ՀՀԿ-ի գազելներն ու քո այդ կոչերը հավասարազոր էին։ Եթե քո քաղաքական կապիտալը ՀՀԿ գազելներով է սահմանափակվում, ուրեմն՝ շնորհավորում եմ քեզ։

«Ժողովրդին փողոց դուրս բերելն արդեն քաղաքական տեռոր է, քաղաքական շանտաժ է»

– Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ` քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները: Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է լինելու, ձեր ֆրակցիայում քննարկումներ եղե՞լ են արդեն։

– Մեր ֆրակցիան նման քննարկում չի ծավալել, որովհետև նման քննարկման անհրաժեշտություն չկա։ Բայց մենք քաղաքական ուժ ենք, եթե հանդիպումներ կլինեն, ես իմ կարծիքը միշտ էլ ասել եմ ու նույնը կրկնելու եմ՝ ի՞նչ արտահերթ ընտրություն։ ԱԺ-ն պետք է ցրվի և ձևավորվի ոչ թե՝ ըստ իրողությունների փոփոխության, այլ՝ ըստ Սահմանադրության։ Ըստ Սահմանադրության՝ ՀՀ օրենսդիր մարմինն անկախ մարմին է, որը ձևավորվում է 5 տարին մեկ՝ օրինական ընտրությունների միջոցով։ Հիմա 2017 թվականի ընտրություններն օրինակա՞ն էին, թե՞ ոչ։

Գնահատական տվողը ոչ ես եմ, ոչ Փաշինյանը, այլ միջազգային կառույցները. ԵԽ ԽՎ մոնիտորիգի հանձնաժողովը, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, Վենետիկի հանձնաժողովը, ԵՄ դեսպանատունը, Միացյալ Նահանգների դեսպանատունը, ԱՊՀ, ՀԱՊԿ դիտորդական առաքելությունները, այս բոլոր կառույցներն անխտիր ընդունել են, որ 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները քննարկման ենթակա չեն։ Այսինքն՝ ԱԺ-ն, ըստ Սահմանադրության, ընտրվել է 5 տարով և պետք է գործի այդ ժամկետներում։

Հետևաբար, ի՞նչ արտահերթ ընտրությունների մասին է խոսքը։ Եթե Փաշինյանն ասում է՝ իրողություն է փոխվել, հանրային տրամադրություններ են փոխվել… Նախ՝ հանրային տրամադրությունների ի՞նչն է փոխվել, եղբայր. ժողովրդի մեծ մասը քեզ ձայն չի տվել, 57%-ը նստել է տանը։ Երկրորդ՝ եթե այդպես լինի, ապա ինչո՞ւ ենք մենք Սահմանադրությամբ ԱԺ-ին օժտում նման ժամկետով, կասեինք՝ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ իրավիճակ է փոխվում, յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ընտրություն անցկացնենք։ Իսկ ո՞րն է երաշխիքը, որ մեկ տարի հետո Փաշինյանի ռեյտինգը չի իջնելու 5%-ի, այդ ժամանակ էլ նո՞ր ընտրություններ անցկացնենք։

Սա նույն բանն է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 4 տարին մեկ է լինում, հիմա Ֆրանսիան դարձել է աշխարհի չեմպիոն, և մեկ տարի հետո Իսպանիան ընկերական խաղում հաղթի Ֆրանսիային, կամ ակնհայտ դառնա, որ Իսպանիայի թիմն ավելի ուժեղ է, ասեն՝ 4 տարի սպասող չկա, քանի որ Իսպանիայի թիմը հիմա ուժեղ է, բերեք՝ աշխարհի առաջնությունը հիմա անցկացնենք։ Հո պատվերով համերգ չի՞։ Եվ ամենակարևորը՝ որևէ ՏԻՄ ընտրություն չի կարող պառլամենտական ընտրությունների սկիզբ կամ վերջ հանդիսանալ։

Ինչո՞ւ պետք է ԱԺ-ն ցրվի, ինչ է թե՝ Փաշինյանի դուրը չի գալիս, որ վերևում Շարմազանովն ու Բաբլոյանն են նստած, այլ ուզում է Պողոսին ու Պետրոսի՞ն նստեցնել։

– Եթե Փաշինյանը նորից ժողովրդին փողոց դուրս բերի ու պահանջի արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այս դեպքում ի՞նչ եք անելու։

– Ում ուզում է՝ թող փողոց դուրս բերի, ես իմ կարծիքն եմ ասում։ Ժողովրդին փողոց դուրս բերելն արդեն քաղաքական տեռոր է, քաղաքական շանտաժ է, ինքը ժողովուրդ ունի, մենք չունե՞նք։ Հա, լավ, ժողովրդին հանեց փողոց, ի՞նչ։ Օրենքն է գործում։

– Բայց գարնանը ժողովուրդը փողոց դուրս եկավ, և Նիկոլ Փաշինյանն այդպես ընտրվեց վարչապետ։

– Այն ժամանակ նա ընդդիմություն էր, հիմա իշխանություն է։ Այն ժամանակ քաղաքական իշխանությունը՝ մենք էինք պատասխանատու ամեն ինչի համար, մենք չգնացինք բախումների, հրաժարական տվեցինք, ասելով՝ արի, կառավարի։ ԱԺ-ն իրեն ընտրել է աշխատելու, խոստումները կատարելու համար։ Նա շատ լավ հասկանում է՝  ձմեռ է գալիս, ամեն ինչի գինը թանկացել է, զոմբիացման և էյֆորիկ տրամադրության վերջը մի օր գալու է… Ավելին, շատ լավ հասկանում է, որ այդ ամենի վերջը լինելու է մարտ և ապրիլ ամիսներին, երբ ձմեռն անցնի, խոստացած աշխատատեղերը չբացվեն, ժողովրդի պահածոները վերջանան, պետք է դժգոհություն լինի…  էլ հո չի՞ կարող ասել՝ ՀՀԿ-ն է մեղավոր, այս կամ այն անձը, նախկին իշխանություններն են մեղավոր…

Դրա համար ուզում է ափալ-թափալ պրեսինգ անել ու ընտրություններ անցկացնել։ Չգիտեմ՝ մյուս պատգամավորներն ինչպես կվարվեն, բայց ուզում է՝ 3 միլիոն մարդ հանի փողոց, ես մեռնեմ օրենքին, պաշտպանելու եմ Սահմանադրությունը, որն ինձ աշխատելու լիազորություն է տվել՝ որպես ԱԺ պատգամավոր։ Երկրորդ, Սահմանադրությամբ հստակ նշված է, որ ԱԺ պատգամավորը քվեարկում է իր խղճին և համոզմունքին համապատասխան, և ցանկացած ճնշում պատգամավորի վրա հարցականի տակ է դնելու ապագա իշխանության լեգիտիմությունը, այդ խարանով ամբողջ կյանքում աշխատելու է նոր իշխանությունը։ Կրկնում եմ, ի՞նչ է անելու՝ նոր Հոկտեմբերի 27 է անելո՞ւ. ինչո՞վ է տարբերվում Հոկտեմբերի 27-ը պառլամենտի վրա մարդ բերելուց, այնտեղ ֆիզիկապես էին սպանում, այստեղ էլ պետք է գա՝ բարոյապես սպանի՞, պրեսինգի ենթարկի՞։ Ի՞նչ է անելու՝ նոր Հոկտեմբերի 27, Մարտի 1, թե՞ «Սասնա ծռեր» է բերելու մեզ վրա։

Ես գտնում եմ, որ Փաշինյանն ընտրվել է աշխատելու համար. վարչապետ ես ընտրվել՝ գնա, աշխատի։

– Այսինքն՝ նոր կառավարության 4 ամսվա աշխատանքից դժգո՞հ եք։

– Բայց էդ ի՞նչ է արել, որ գոհ լինեմ։ Այս 4 ամսվա ընթացքում, բացի ասֆալտին պառկեցնելուց, բացի դատական իշխանության վրա մատ թափ տալուց, ԱԱԾ-ով վախեցնելուց, բացի ընդդիմախոսների վրա մուննաթ գալուց և սպառնալիքների տարափ հնչեցնելուց, բացի ազատ քաղաքացիներին ասֆալտին փռելու և պատին ծեփելու կոչերից՝ ի՞նչ է արել Փաշինյանը։

Մի բան կարո՞ղ եք ասել, մի աշխատատեղ բացե՞լ է։ Աննպատակ Գումի շուկա գնաց ու լոլիկի գինը հարցրեց, հաջորդ օրը լոլիկի գինը նվազե՞ց։ Գնաց Բրյուսել՝ արդյունքը ո՞րն էր, գնաց Մոսկվա՝ արդյունքը ո՞րն էր, հո միայն կենացներ խմելով և ելույթներ ունենալով չէ՞։ Ընկեր ջան, ժողովուրդն է էմոցիոնալ ֆոնի վրա, մենք սառն ենք դատում, տեսնում ենք ամեն ինչ։ Ո՞ւր է արդյունավետությունդ։ Ասում է՝ գնամ խմբակցությունների հետ բանակցեմ… ինչի՞ շուրջ պետք է բանակցես։ ԱԺ-ն քո կցորդը չէ, ունե՞ս լեգիտիմություն, գնա աշխատի, բարեփոխում արա, ժողովրդի կյանքը լավացրու։ Ասում էիր՝ նախկինները վատ էին, հարց չէին լուծո՞ւմ՝ ինքդ լուծիր, դու ես իշխանությունը։ Ուզում եք այս էմոցիոնալ ֆոնը, շատ դեպքերում նաև՝ հասարակության սխալ մտածելակերպն օգտագործե՞լ։ Ինձ համար դա կարևոր չէ, ես ունեմ իմ խելքը, և որևէ մեկը թող չփորձի ինձ շանտաժի ենթարկել։

Ինձ մանդատը հետաքրքիր չէ, թող որևէ մեկի մոտ տպավորություն չստեղծվի, թե ես պաշտոնից եմ կառչում. այդ պաշտոնն ինձ ոչ փող է տվել, ոչ արտոնություն է տվել, ոչ բիզնեսներ, ոչ էլ ընդգրկվել եմ կոռուպցիոն սխեմաներում, այդ պաշտոնը, բացի պատասխանատվությունից, ինձ որևէ բան չի տվել։ Հաստատ վաղը, որ այդ պաշտոնը չունենամ, ինչքան աշխատավարձ ստանում եմ, 3-4 անգամ ավելի շատ կարող եմ մասնավոր սեկտորում աշխատելով՝ ստանամ։

Տարբեր միջազգային կառույցներից աշխատանքի առաջարկներ ունեմ։ Այնպես չէ, որ Շարմազանովն իր պաշտոնի համար է պայքարում, այստեղ ամենաքիչն իմ անձնականն է ինձ հետաքրքրում։ Խնդիրն այն է, որ Սահմանադրությունը պետք է պահպանվի։ Ի՞նչ կապ ունեն ՏԻՄ ընտրություններն այս ամենի հետ։ Եթե նույնիսկ Փաշինյանի տրամադրությամբ գնանք, այս ընտրություններում հաղթել է տանը նստած քաղաքացիների կուսակցությունը։

 «Ո՞վ է ասում, որ ընտրակաշառք չի եղել. ես պաշտոնապես հայտարարում եմ, որ եղել է ընտրակաշառք»

– Որպես Ձեր ասածի հակափաստարկ՝ բերվում է այն, որ այս ընտրություններին չի եղել ընտրակաշառք, չեն եղել գազելներ, ու այդ պայմաններում քաղաքացիների մասնակցության տոկոսը փոքր-ինչ բարձր է եղել՝ ի տարբերություն նախորդ տարվա։

– Ո՞վ է ասում, որ ընտրակաշառք չի եղել. ես պաշտոնապես հայտարարում եմ, որ եղել է ընտրակաշառք։ Էդ, որ ընտրությունից 2-3 օր առաջ կանգնում ասում են՝ տաքսիստների հարկերը նվազեցնում կամ հանում ենք, դա ի՞նչ է։ Էդ որ պետական ամբողջ մեքենան տեռոր է անում, դա ի՞նչ է։ Հո ասելով չէ՞։ Տարոն Մարգարյանը 72% ձայն էր հավաքել, իրենք ընդամենը մի 7% են Տարոնից ավելի հավաքել. Տարոնն ասեր՝ 72% հավաքել եմ, դավայ, ԱԺ-ն ցրեք, ասողը ես եմ, այդպես կլինե՞ր։

Հայաստանը նման քայլերով գնում է դեպի դիկտատուրա։ Սովետի ժամանակ էլ բոլորը Ստալինին ծափահարում էին, ընտրություններին էլ շատ բարձր մասնակցություն էր լինում։ Նույնը 1933թ. Ադոլֆ Հիտլերի մոտ էին ավելի ուժեղ էյֆորիաներով գնում։ Իսկ ո՞վ է ասել, որ մեծամասնության այդ կարծիքը ճիշտ է։ Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ Նոյը երբ տապանը սարքում էր, հասարակության 99.9 տոկոսը ծիծաղում էր, բայց տեսանք, չէ՞, ճիշտն ով էր։ Կամ, եթե ժողովրդի կամքով են նայում, ապա ժողովրդի մեծամասնությունը չգնաց ընտրություններին։ Ասում է՝ պետք է գամ՝ քննարկեմ, արի քննարկի, տեսնենք՝ ո՞նց ես ԱԺ-ն ցրելու։ Ասում է՝ ժողովուրդ ենք բերելու։ Բերեք ժողովրդին։

Ժողովուրդն է ձևավորել Ազգային ժողովը։ Վաղն էլ ժողովուրդը կարող է ասել՝ այսինչ մարդկանց մահապատժի ենթարկեք, ու թեպետ նման օրենք չունենք, բայց ասեք՝ ժողովուրդն է պահանջում…  Իսկ կարո՞ղ է ժողովուրդը մի օր էլ ասի՝ Ղարաբաղը մեզ պետք չի։ Ես իմ կարծիքն ունեմ, ուրեմն՝ բարի եղեք պահպանել Սահմանադրությունը։ Նրա ցանկությունը ոտքից գլուխ անտրամաբանական է, հակաքաղաքագիտական։

Իսկ մնացածն արդեն քաղաքական ուժերը թող քննարկեն, ես ուզում եմ տեսնել՝ Հայաստանում ինքնուրույն մտածող քաղաքական ուժ, քաղաքական գործիչներ կա՞ն, թե՞ մեծ մասն ընդամենը քաղաքականությամբ ձեռքի հետ զբաղվող մարդիկ են եղել, և պետական մտածողության գիտակցություն  կա՞, թե՞ ոչ։ Եթե ԱԺ-ն գնաց ցրման, Հայաստանում վերջ է դրվում բազմակարծությանը, Հայաստանում գալու է պետական մակարդակով Նիկոլի պաշտամունք, վերջ։ Պարզ է, չէ՞, թե այս էյֆորիկ ֆոնի վրա ինչ է լինելու։

«Հայաստանում միակ եզակի մարմինը, որը կարող է հակակշիռ լինել ամենաթողությանը, զգացմունքայնության դիկտատուրային, ԱԺ-ն է, որն ընտրվել է օրինական»

– Այսինքն՝ Դուք նաև մտավախություն ունեք, որ, եթե ԱԺ-ն հիմա ցրվի, ՀՀԿ-ն խորհրդարան անցնելու շանսեր չի՞ ունենա։

– Հարցը ՀՀԿ-ն չէ, ինձ ամենաքիչը ՀՀԿ-ի ճակատագիրն է հետաքրքրում, ես իմ պետության մասին եմ մտածում։ ՀՀԿ-ն ձայներ կհավաքի, թե ոչ, այս պայմաններում ի՞նչ ընտրություններ, սա սևի ու սպիտակի ֆոն է։ Հիտլերն էլ կոմունիստներին հայտարարեց օրենքից դուրս, ասաց՝ իրենք բոբոներն են, ու բունտը սկսեցին։ Ինքը փոքրամասնություն էր պառլամենտում, Ռեյխստագը վառել տվեց ու ասաց, թե կոմունիստներն են դա արել… Ես ասում եմ՝ Հայաստանում միակ եզակի մարմինը, որը կարող է հակակշիռ լինել ամենաթողությանը, զգացմունքայնության դիկտատուրային, ԱԺ-ն է, որն ընտրվել է օրինական։ ԱԺ-ն պետք է շարունակի աշխատել մինչև 2022 թվականը, որովհետև դա է պահանջում ՀՀ Սահմանադրությունը, վերջ։

– Պարոն Շարմազանով, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ, թեև կար տրամադրություն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաև տնտեսական միջավայրը բարենպաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացվեն ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսեն տնտեսության վերականգնման ընթացքը։ Այս փաստարկը որքանո՞վ է համոզիչ։

– Առնվազն տարօրինակ և ծիծաղելի է այդ հիմնավորումը՝ ԱԺ-ն լուծարենք, որ տնտեսությունը վերականգնենք։ Այս 5 ամսվա ընթացքում ինչ օրենք բերել է, ԱԺ-ն օժանդակել է, ԱԺ-ն արհեստականորեն չի խոչընդոտել Փաշինյանի կառավարության գեթ մեկ տնտեսական նախաձեռնության։ Ինչի՞ մասին է խոսքը։ Փաշինյանին պետք է ասել՝  քո վատ տնտեսական ցուցանիշները, աշխատատեղեր չստեղծելը, ներդրումային բումի բացակայությունը, ներդրումային լուրջ ծրագիր չիրականացնելը մի կապիր ԱԺ-ի հետ։

ԱԺ-ն քեզ օգնել է, ոչ թե խոչընդոտել, պարոն Փաշինյան, և դրա վառ ապացույցը քվեարկությունների արդյունքներն էին։ Ուստի, մի գնա ամերիկաներում տնտեսության վատ ցուցանիշների կամ տնտեսության վերականգնման դանդաղ տեմպերի պատճառ սարքի Ազգային ժողովը։ ԱԺ-ում չի եղել տնտեսական բլոկի որևէ օրենսդրական նախաձեռնություն, որը բերած լինի Փաշինյանի կառավարությունը, և ԱԺ-ն մերժած լինի։ Չկա նման բան, ծիծաղելի են նման գնահատականները։

Աղբյուր՝ 168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով