Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում և շնորհավորում բոլոր մանկավարժներին, ուսանողներին ու աշակերտներին՝ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով:

Կրթության ու գիտության հանդեպ սերը առաջընթացի ու հաջողությունների գրավական է թե՛ անձնական, թե՛ ժողովուրդների ու պետությունների կյանքում, ուժ ու զորություն՝ դժվարություններ հաղթահարելու, նորանոր իրագործումներ արձանագրելու:

Մեր երկրի զարգացումը, մեր երազած հայրենիքի կառուցումը հնարավոր է միայն ուսյալ, կրթված սերունդների շնորհիվ, որոնք առ Աստված ապավինությամբ պիտի շարունակեն մեր ժողովրդի կյանքը հարստացնել ու բարեզարդել իրենց հոգու ու մտքի արարումներով, իրենց ստեղծած գիտական, հոգևոր ու մշակութային արժեքներով: Կրթության ու գիտության նվաճումներով, համախումբ ջանքերով կրթական գործին սատարելով հնարավոր պիտի լինի մեր պետության ու ժողովրդի առջև սկիզբ առած վերափոխումների նոր պայմաններում ընթանալ առաջադիմության ու զարգացման անհետադարձ ճանապարհով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news


Աղոթում ենք, որ Բարձրյալ Տիրոջ օրհնության ներքո ուսումնական տարին զարդարվի բազում հաջողություններով ու ձեռքբերումներով՝ ի շահ մեր երկրի ու աշխարհասփյուռ մեր ողջ ժողովրդի: Թող Աստված ապավեն լինի կրթական գործի նվիրյալներին ու կրթական հաստատությունների բոլոր սաներին:


Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և ողորմությունը թող լինեն ամենքի հետ. ամեն:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով