Նաիրի Հունանյանը հրաժարվում է հանդիպել լրագրողների հետ. ՔԿԾ

«Մարտի 1-ի» գործի քննությունը զրոյից սկսելու մասին հայտարարությունների ֆոնին վերջին շրջանում հրապարակումներ եղան տարբեր տարիների՝ լայն հնչեղության ստացած հանցագործություններով քրեական գործերի վերաբացման անհրաժեշտության և հնարավորության մասին: 1999թ. հոկտեմբերի 27-ի սպանդի կազմակերպիչների բացահայտման կարևորության համատեքստում խոսվեց ոճրագործությունն իրականացրած ահաբեկչական խմբի պարագլուխ Նաիրի Հունանյանի առողջական խնդիրների, ինչպես նաև պահման վայրի մասին: Factor.am-ի հարցմանը ԱՆ քրեակատարողական ծառայությունից պատասխանել էին, որ Նաիրի Հունանյանն առողջական խնդիրներ չունի, պատիժը կրում է ՀՀ ԱՆ «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ իրեն հատկացված խցում՝ ընդհանուր հիմունքներով: Factor.am-ը ևս մեկ հարցում էր ուղարկել ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԾ՝ խնդրելով հարցազրույց կազմակերպել ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի հետ: ԱՆ քրեակատարողական ծառայությունից ստացված պատասխանում նշվում է, որ Նաիրի Հունանյանը հրաժարվում է հանդիպել լրագրողների հետ: «Հայտնում ենք, որ Ձեր խնդրանքի մասին տեղեկացվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին, վերջինս հրաժարվել է հանդիպել զանգվածային լրատվամիջոցների որևէ ներկայացուցչի հետ»,- ասված է ԱՆ ՔԿԾ պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանի անունից ուղարկված գրավոր պատասխանում:

Լիլիթ Շաբոյան

© factor.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով