ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը «ցեխը կոխեցին» կառավարության «անփույթ, երևակայական» օրենքի նախագիծը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ ՀՀԿ և «Ծառուկյան դաշինքի» պատգամավորները պարզապես «ցեխը կոխեցին» կառավարության ներկայացրած «անփույթ, երևակայական» օրենքի նախագիծը։ Խոսքը Քրեական դատավարության և այլ օրենքներում փոփոխությունների մասին է, որով խստացվում են ընտրական հանցագործությունները։ Նախագծի հեղինակը Ընտրական բարեփոխումների հանձնաժողովն է՝ Դանիել Իոաննիսյանի գլխավորությամբ։

ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը նկատեց, որ փաթեթում այնպիսի ձևակերպումներ կան, որոնք ստիպում են իրեն մտահոգվել ՀՀ քաղաքացիների, ոչ թե ընտրակաշառք բաժանողների համար։ Մեկի համաձայն՝ ընտրակաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը ևս քրեորեն պատժելի արարք է համարվում․ «Ենթադրենք, ընտրակեղծարարը որևէ գյուղում թակում է քաղաքացու դուռն ու մի տատիկի ասում է՝ եթե մեզ ընտրես, քեզ գումար կտանք, տատիկը ժպտում է, ասում է՝ լավ, ու դուռը փակում։ Տատիկին դատապարտելու ենք 3 տարվա ազատազրկմա՞ն։ Խոստումն ընդունելն ի՞նչ է նշանակում»։

ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն էլ հեղինակներին բնութագրեց որպես մարդիկ, «ովքեր երբեք իրենց մտածողության գործիքը չեն ծանրաբեռնել իրավական ոլորտի իմացությամբ, այլ ելնում են այն դրույթից, որ իրենց կարծիքն աստվածաշնչյան ճշմարտություն է»: Նախագիծն ընդունվեց պայմանով, որ ոչ հստակ ձևակերպումները վերացվեն»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով