Ինչին պետք է պատրաստ լինեն Հայաստանի իշխանությունները

Մինչ ՀՀ իշխանություններն ու քաղաքական ուժերն ակտիվորեն պատրաստվում են Երևանի ավագանու ընտրություններին՝ համեմված ներքաղաքական բավականին բուռն իրադարձություններով, «քաղաքական փոխհրաձգություններով», ադրբեջանական կողմն ակտիվ քաղաքական, դիվանագիտական և ռազմական գործողությունների անցավ հայկական կողմի նկատմամբ ճնշումը մեծացնելու նպատակով, օգտվելով հայ-ռուսական հարաբերություններում առաջացած «խորշերից»:

Ըստ էության, Սոչիում Պուտին-Ալիև բանակցություններից հետո նախորդ շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հանդիպմանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իր հակասական հայտարարություններով ամեն կերպ փորձում է տապալել բանակցային գործընթացը»։

Ադրբեջանի նախագահը խոսել էր ՀՀ վարչապետի այն թեզի «անընդունելիության» մասին, համաձայն որի՝ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Արցախի Հանրապետության հետ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրեր անց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այցելեց Բաքու՝ մասնակցելու «Բաքվի ազատագրման 100-րդ տարեդարձին» նվիրված միջոցառմանը: Նա նշել էր, որ Ադրբեջանի ուրախությունը Թուրքիայի ուրախությունն է, նրա հպարտությունը, հոգսերը, խնդիրները նույնպես Թուրքիայինն են.

«Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ամենամեծ հոգսն է, և մեզ համար էլ նույնքան ցավոտ է: Թուրքիան շարունակելու է մինչև վերջ աջակցել խնդրի լուծման համար Ադրբեջանի ջանքերին»: Էրդողանը մեկ անգամ ևս շեշտել էր, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պարտադիր պայմանը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումն է: «Ցանկանում ենք այլևս վերջ դնել տարիներ ի վեր հայրենիքի կարոտով ապրող մեկ միլիոնից ավելի մեր եղբայրների արցունքներին:

Իզուր է, ապարդյուն է ակնկալել մեր կողմից սահմանների բացումը, քանի դեռ մեր եղբայրական ժողովրդի տարածքների 20 %-ը բռնազավթված է նրանց կողմից»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն օրերին Ադրբեջանում էր նաև Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, ով Ադրբեջանում քննարկել է տարածաշրջանային անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև մտահոգության այլ հարցեր:

Մի շարք աղբյուրների համաձայն, Լիբերմանի տարածաշրջանային այցի կարևորագույն բաղադրիչը զարգացումներն են Իրանի շուրջ և Իսրայելի հակաիրանական գործողությունները, դրանց Վրաստանի և Ադրբեջանի աջակցությունը: Հաշվի առնելով հայ-իրանական հարաբերությունների ներկայիս բնույթն ու ռուս-իրանական համագործակցությունը Սիրիայում,

ինչպես նաև հայ-ռուսական «Մարդասիրական նախագծի» իրականացման հեռանկարը Սիրիայում, Հայաստանն այնքան էլ հարմարավետ դիրքում չէ: Այս ամենին զուգահեռ՝ հայ-ադրբեջանական սահմանից չեն դադարում ստացվել մտահոգիչ տեղեկություններ հայկական գյուղերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի մասին:

Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական կողմն ակտիվացրել է կրակահերթերը սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս, Կոթի, Չինարի, Արենի գյուղերի ուղղությամբ: Իսկ սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը հնգօրյա մասշտաբային զորավարժություններ է սկսում, որում Հայաստանը հայտարարված է՝ որպես թշնամի:

Ըստ էության, պատասխանելով Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կատարած այցի ընթացքում նշել էր, որ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Ես ասացի, որ իմ կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարությունն այդքան էլ անկեղծ չէ ԼՂ հարցի կարգավորման մասին խոսելիս: Հակամարտության կարգավորում հնարավոր է տարածաշրջանում կարգավորման մթնոլորտում, բայց լսում ենք հոխորտանքներ, և կարգավորման մասին հարցը նման պայմաններում իրատեսական չէ»,- ասել է նա:

Ըստ ՀՀ վարչապետի՝ միջնորդները պետք է կարողանան կարգի հրավիրել Ադրբեջանին: «Եթե ոչ, եթե Ադրբեջանը մտածում է, որ ՀՀ-ին սպառնալիքներով կարող է հարցի լուծման մղել, սխալվում է: Ադրբեջանն էլ լավ չի արձանագրել, որ ՀՀ-ն հիմա ուրիշ է, մի Հայաստան է, որի շուրջ համախմբված է ողջ հայությունը՝ իր նոր ներուժով, և Ադրբեջանի ագրեսիվ գործողությունը չի լինելու ՀՀ-ի և Արցախի դեմ, այլ լինելու է ընդդեմ հայությանը և լինելու է հակահարված համախմբված և «դուխով» հայ ժողովրդից»,- ասել է Փաշինյանը:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձություններին` ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն ասել է, որ տեղի ունեցողը Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում կայացած հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններից Ադրբեջանի հրաժարվելու անմիջական հետևանքն է և կրկին ցույց է տալիս Ադրբեջանի ապակառուցողական

մոտեցումը բանակցային գործընթացին և խաղաղություն պահպանման համար ստանձնած պարտավորություններին: Չնայած դիվանագիտական հայտարարությունների համարժեքությանը, իրականությունն այն է, որ ԼՂ հակամարտության գոտու շուրջ անբարենպաստ զարգացումներն ակտիվացել են: Որոշ հայաստանյան փորձագետների համոզմամբ, սա հայ-ռուսական ներկայիս հարաբերություններին, ՀԱՊԿ-ի պարտավորություններին և հայ հասարակության միասնականության ստուգմանն ուղղված քայլ է:

«168 Ժամի» հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը պայթյունավտանգ է, ինչպես միշտ, և եթե դրա համար կան նպաստավոր պայմաններ, բնականաբար, հակառակորդները դրանից կօգտվեն: Ըստ նրա, ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իսկապես տարբեր և որոշ դեպքերում հակասական հայտարարություններ և քայլեր է իրականացրել:

Ըստ նրա, պաշտոնավարման սկզբում Փաշինյանը նշել էր, որ հակամարտության կողմ է ԼՂՀ-ն, որը պետք է ներգրավվի բանակցային գործընթացին, և, որ Հայաստանը կողմ չէ: Սակայն, Տարասովի խոսքով, հետագա գործընթացը գնաց նախկին տրամաբանությամբ, քանի որ տեղի ունեցավ Մնացականյան-Մամեդյարով հանդիպում նախկին ձևաչափով: Նրա կարծիքով, անհասկանալի է, թե ինչ է անում հայկական կողմը Ղարաբաղյան հարցում և մի շարք այլ ուղղություններով: Նրա խոսքով, երևում է, որ Փաշինյանը տարածաշրջանային սեփական անվտանգության քաղաքականության փնտրտուքի մեջ է դեռ:

Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա նա նշեց, որ Մոսկվան միջնորդ երկիր է, մշտապես նշում է ռազմական գործողությունների անթույլատրելիության մասին, բայց մի շարք ուղղություններով Ադրբեջանի համար բարենպաստ իրավիճակ է ստեղծվել ՀՀ իշխանությունների որոշակի թուլացման շնորհիվ:

«Ի՞նչ կարող է անել Ռուսաստանը, Ռուսաստանը փորձեց ակնարկել, որ դեմ է ապակայունացմանը ՀՀ-ում, որը լի է բազում վտանգներով, մենք այդ մասին խոսել ենք, սա ոչ միայն ներքին խնդիր է, այլև ծնելու է արտաքին խնդիրներ: Բայց Մոսկվայի այս անհանգստությունները դարձան ներքին գործերին միջամտելու մասին մեղադրանքների պատճառ, այնինչ Մոսկվան ոչ թե միջամտում է,

այլ անհանգստանում այն ամենով, որ տեղի է ունենում, և այն ամենով, ինչ դեռ կարող է տեղի ունենալ: Իսկ զուգահեռաբար՝ Ադրբեջանն ակնհայտորեն ձգտում է Մոսկվայի հետ ավելի սերտ հարաբերությունների, կան խոսակցությունների Ադրբեջանին ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ շնորհելու հավանականության մասին: Սրան զուգահեռ՝ Հայաստանին տրվող 100 միլիոն դոլարի վարկի իրականացման գործընթացն է սկսվել, ինչը ցույց է տալիս, որ չնայած անհանգստություններին ՀՀ-ում տեղի ունեցող ցնցումների վերաբերյալ, Ռուսաստանը շարունակում է զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ պարտավորությունների ստուգմանը Ադրբեջանի կողմից, ապա, Տարասովի կարծիքով, ՀԱՊԿ-ն ունի պարտավորություններ իր անդամ երկրի անվտանգության ոլորտում: Սակայն, ըստ նրա, ներկայումս ՀԱՊԿ-ի հեղինակությանը մեծ հարված է հասցվել, կան որոշակի խնդիրներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետապնդման հետ կապված, և դժվար է ասել, թե ՀԱՊԿ-ը կկարողանա՞ միասնաբար արձագանքել սահմանում տեղի ունեցող իրադարձություններին, եթե դիմում լինի Հայաստանի կողմից:

Ըստ նրա, «Շանթ 2018» զորավարժությունների սցենարը ևս առիթ դարձավ Ադրբեջանի նման արձագանքի համար, քանի որ սցենարում խոսք կար Ադրբեջանին պատերազմ հայտարարելու մասին:

Գերմանացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտն իր հերթին՝ նշեց, որ Ադրբեջանը կարող է փորձել օգտվել այն իրավիճակից, որը ստեղծվել է Հայաստանում հեղափոխությունից հետո և ներքին, և արտաքին ոլորտներում: Ըստ նրա, սա Հայաստանի համար անցումային փուլ է, լի մի շարք մարտահրավերներով, քանի որ կան նաև արտաքին քաղաքական խնդիրներ:

«ՀՀ նոր իշխանությունների առջև այսօր բազում խնդիրներ են ծառացել` ՀՀ ներքաղաքական կյանքը կայունացնելու առաջնահերթությունը և հեղափոխության հետևանքները քաղաքականապես կայացնելու անհրաժեշտությունը, որը պահանջում է արագ ներքին քաղաքական գործընթացներ: Սակայն, բնականաբար, ԼՂ հակամարտության գոտում իրավիճակ չի փոխվել, և կա հակամարտություն, որի շուրջ իրավիճակը զարգանում է, հակառակորդը գուցե

փորձի օգտվել մի շարք հանգամանքներից: Բնականաբար, ներքին գործընթացներին զուգահեռ՝ արտաքին ճակատի նկատմամբ հայկական կողմը պետք է ուշադիր լինի և սխալներ թույլ չտա, քանի որ պատերազմի վերսկսման վտանգը և Հայաստանին ռազմական անակնկալ մատուցելու հավանականությունը բարձր է, քանի որ ներքին անկայունությունը Հայաստանում շարունակվում է»,- նշեց Ստյուարտը:

Նրա դիտարկումների համաձայն, բնականաբար, դաշնակիցների ակնհայտ աջակցությունը ադրբեջանական կողմին ոգևորում է, ոգևորում է նաև այն, որ շատ են խոսակցությունները հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին:

«Մենք, իհարկե, խորապես տեղյակ չենք, թե իրականում կա՞ն խնդիրներ, թե՞ ոչ, քանի որ դրանք որակվում են՝ որպես լավ՝ ՀՀ նոր իշխանությունների օրոք, բայց եղան որոշակի զարգացումներ, որոնք Մոսկվայի կոշտ գնահատականին արժանացան: Ընդհանուր առմամբ բոլոր արտաքին ուղղություններում զգուշավորությունը հարկավոր է ներքին գործընթացներն անցնցում և առանց խնդիրների ավարտելու համար»,- ասաց գերմանացի քաղաքագետը:

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով