Ռեֆորմիստների կուսակցությունը երկրում տիրող լարված մթնոլորտը թուլացնելու համար առաջարկում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպում կազմակերպել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
«Որևէ տիպի բաժանումներն ընդունելի չեն որևէ մեկի համար: Մենք բոլորս հայ ենք, հեղափոխականներ, հակահեղափոխականներ, սևեր և սպիտակներ չպետք է լինեն: Մենք այսօր առաջարկում ենք, որ այդ լարվածությունը թուլանա, քաղաքում և մեր երկրում բաժանարար գծեր չքաշվեն»,- նշեց նա:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող Ռեֆորմիստների կուսակցությունը, Վահան Բաբայանի խոսքով, նպատակ ունի ոչ միայն անցողիկ շեմը հաղթահարել, այլև հաղթել:
«Մենք 2016թ.-ին ենք ստեղծվել, և սա մեր առաջին ընտրություններն են, առաջին փորձն է: Այս ընթացքում բավականին համակիրներ իրենց աջակցությունն են հայտնել: Հասկացանք, որ պահը պատմական է, և որոշեցինք մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին»,- հայտնեց նա:
Ռեֆորմիստների կուսակցությունը ծավալուն ծրագիր չի հրապարակել, նրա նախընտրական ծրագիրը կազմված է 10 կետից:
«Քաղաքացիները նայում են առաջին համարի ասածին, նրա կենսագրությանը: Արտակ Ավետյանը ներկայացրել է 10 կետեր, դրանք վերաբերում են տարբեր ուղղությունների: Մեզ համար առաջնային տեղում է քաղաքի համատարած կանաչապատումը: Երևանն ունի առողջության խնդիր, որը գալիս է բնական միջավայրից»,- ասաց Վ. Բաբայանը:
Մայրաքաղաքում խցանումների խնդիրը լուծելու համար կուսակցությունն առաջարկում է վերգետնյա և ստորգետնյա կայանատեղիներ կառուցել, ինչպես նաև խաչմերուկներում «խելացի» լուսաֆորներ տեղադրել:
Վահան Բաբայանի տեղեկացմամբ՝ Ռեֆորմիստները նաև նախատեսում են Երևանում կենդանիների սիրահարների համար այգիներ կառուցել, իսկ սրճարանների և ռեստորանների փոխարեն ավելի շատացնել երիտասարդների համար անվճար ժամանցի վայրերը:
«Երևանը պետք է չկորցնի իր դիմագիծը: Առավել շատ պետք է հսկվի այս առումով: Օրինակ, կցակառույցների հարցում մեր դիրքորոշումը հետևյալն է. եթե սեյսմիկ եզրակացություն կտան, որ այդ կցակառույցները վտանգ են ներկայացնում, դրանք անմիջապես կքանդվեն: Իսկ եթե դա չի խոչընդոտում սեյսմիկ անվտանգությանը, միայն տեսքի համար քանդելը սխալ է»,- ասաց Վահան Բաբայանը:
tert.am