ԱՄՆ լաբորատորիաներ Հայաստանում. ինչպես է բիոզենքն «աշխատում Ռուսաստանի և Իրանի սահմանների մոտ

Խմբագրության կողմից

 

Ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում վերլուծական մի նյութ՝ նվիրված Հայաստանում ամերիկյան փորձարկումներին, որոնք կարող են ողբերգական ելք ունենալ։ Հոդվածում խոսքը վերաբերում է մեր երկրում Պենտագոնի բիոլոգիական լաբորատորիաներին, որոնք պարտադրվել են Հայաստանի ղեկավարությանը 2007թ. քաղաքական ճգնաժամից հետո։ Հայերը համաձայնեցին՝ ամերիկացիները գործի անցան։ Եվ այսօր Հայաստանում ամերիկյան լաբորատորիաների պատերի ներսում վիթխարի վտանգ է թաքնված՝ հղի տիեզերական արհավիրքով։ Ընդ որում՝ արհավիրքը կարող է լինել և՛ ոչ միտումնավոր, և՛ միտումնավոր։ Ի՞նչ նպատակներ են հետապնդում ամերիկացիներն իրենց բիոլաբորատորիաներով Հայաստանում։ Ո՞ւմ դեմ են դրանք ուղղված։ Վերջապես, ինչո՞ւ քաղաքական ուժերը, որոնց կյանքի նպատակն, իբր, Հայաստանի ինքնիշխանությունն է, որոնք պահանջում են դուրս բերել ռուսական ռազմակայանը և սահմանապահներին, ցայժմ ծպտուն չեն հանել ամերիկյան բիոլաբորատորիաների հաշվով։ Չեն կարող հակաճառել տերերի՞ն։ Իսկ եթե վաղը այստեղ ինչ-որ բան պատահի, ապա ո՞վ կստանձնի ամերիկյան կամայականության հետևանքների պատասխանատվությունը, եթե այդ պահին ինչ-որ մեկի պատասխանատվությունը որևէ մեկին կհետաքրքրի։ Կարծում ենք՝ ամերիկյան բիոլաբորատորիաների փակման և Հայաստանից այնտեղ առկա կենսանյութերի անվտանգ դուրսբերման հարցը պետք է դառնա ազգային անվտանգության թիվ 1 խնդիրը։ Քանի որ Ռուսաստանի և Իրանի դեմ ամերիկյան փորձարկումների հետևանքով սպառնալիքի տակ կհայտնվի ՀՀ բնակչությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

2008 թվականից Պենտագոնը Հայաստանում ստեղծել է մոտ տասնյակ բիոլաբորատորիաներ, որոնք աշխատում են ամերիկյան պաշտպանական «Համատեղ մասնակցության կենսաբանական ծրագրով» (CBEP)։ Մի կողմից՝ նախագիծը զարգացնում է վիրուսների հայտնաբերման և դրանց արագ վնասազերծման հնարավորություններն աշխարհի 25 երկրներում։ Մյուս կողմից՝ ինչպես արդեն գրել է EADaily-ն, ծրագրի ղեկավարը՝ Անվտանգության սպառնալիքների նվազեցման գործակալությունը (DTRA), իրականացնում է գաղտնի հետազոտություններ բիոզենքի օգտագործման և մշակման գծով։ Օրինակ, Վրաստանում։

Հայաստանը, Ռուսաստանի հետ ունեցած հատուկ հարաբերությունների բերումով, առանձին պատմություն է։ Սակայն այստեղ ևս իրականացնում են պաթոգենների հետազոտություններ, որոնք DTRA-ն արդեն վաղուց ուսումնասիրում է որպես բիոզենք. սիբիրյան խոց, բրուցելյոզ, ժանտախտ, աֆրիկյան խոզի ժանտախտ և տուլյարեմիա։ Ավելին, ամերիկացիները մուտքի իրավունք ունեն Հայաստանի տվյալների ողջ շտեմարանում և դուրս են տանում առանձնապես վտանգավոր պաթոգենների նմուշները վրացական փակ լաբորատորիա՝ Լուգարի կենտրոն (Վրաստանի Լ.Սաքվարելիձեի անվ. հիվանդությունների և հանրային առողջության վերահսկման կենտրոն)։ Եվ, դատելով ըստ ամենայնի, երկիրն օգտագործում են որպես հավելյալ փորձադաշտ Վրաստանում փորձարկումների արդյունքների մասին տեղեկատվություն հավաքելու համար։ Հայաստանն այն երկիրն է, որտեղ ամրագրում են մուտացվող վիրուսների բռնկումներ, և դրանցից որոշները երկրից տարածվել են ողջ Անդրկովկասով, ինչն ամերիկացիներին բավականաչափ տեղեկություն է տալիս այն մասին, որ բիոզենքը կարող է «աշխատել» բնական ճանապարհով՝ ինչպես Ռուսաստանի սահմանին և հարավում, այնպես էլ Իրանում։ Հայաստանում միայն բիոլաբորատորիաների և տեղեկատվություն ստանալու ցանցի ստեղծման վրա Պենտագոնն արդեն ծախսել է ավելի քան $50 մլն։

Բիոզենքի վետերան մշակողները Հայաստանում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս տարի լրանում է 10 տարին, ինչ Հայաստանը մասնակցում է DTRA կենսաբանական սպառնալիքի նվազեցման (BTRP) ծրագրին, որը CBEP-ի բաղկացուցիչ մասն է։ Երևանում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական փոստի՝ Wikileaks կայքում հրապարակված տվյալներով՝ 2008թ. համաձայնագրի ստորագրումից առաջ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը խոստացել էր հայկական իշխանություններին հատկացնել $9 մլն արդեն 2009թ. առողջապահության և գյուղատնտեսության նախարարություններին առընթեր երկու լաբորատորիա ստեղծելու մասին։ 2018թ. DTRA-ն վճարեց, և ամերիկյան կապալառուները երկրում ստեղծեցին բիոլաբորատորիաների մի ամբողջ ցանց։ Դրանցից երեքը՝ կենտրոնականները, գտնվում են Երևանում, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում, Սննդամթերքի անվտանգության պետծառայությունում և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում։ Շրջանային լաբորատորիաներ են գործում Իջևանում, Գյումրիում, Մարտունիում և Վանաձորում։

Չնայած բոլոր լաբորատորիաները ենթարկվում են Հայաստանի պետական մարմիններին, դրանք ղեկավարում է DTRA-ն, որի հայկական ստորաբաժանումները պաշտոնապես գլխավորում է մայոր Մեթյու Փոուփին։ Բացի հայ մասնագետներից, այնտեղ աշխատում են ամերիկյան կապալառուին, ենթակապալառուին և ենթա-ենթակապալառուին ներկայացնող գիտնականներ։ Դրանցից գլխավորը CH2M Hill-ն է։ Գնումների դաշնային կայքի տվյալներով՝ ընկերությունը DTRA-ից ստացել է $50 մլն միայն Հայաստանում լաբորատորիաներ և տեղեկացման ցանց ստեղծելու համար՝ որպես CBEP ծրագրի երկրորդ փուլ երկրում։

CH2M Hill-ը հայտնի է նրանով, որ նաև բիոլաբորատորիաներ է կազմակերպել Վրաստանում, Ուգանդայում, Տանզանիայուն, Իրաքում, Աֆղանստանում և Հարավարևելյան Ասիայի երկրներում։ Ընկերության պրեզենտացիայում ասվում է, որ այն, օրինակ, ապահովում է կենսաբանական գործակալների պահպանումը Վրաստանի Լուգարի կենտրոնում և աշխատանքի համար վարձել է պաշտոնաթող ռազմական կենսաբանների։ Ի դեպ, ավելի մեծ հետաքրքրություն են առաջացնում CH2M Hill-ի ենթա-ենթակապալառուները Black&Veatch ընկերության միջոցով, որը կառավարում է ԱՄՆ բիոլաբորատորիաներն Ուկրաինայում, Գերմանիայում, Ադրբեջանում, Կամերունում, Թաիլանդում, Եթովպիայում և Վիետնամում։ Դա Battelle Memorial Institute-ն և Southern Research Institute-ն է։ Հայաստանում դրանց մասնակցության մասին տեղեկատվություն չի հրապարակվում, բայց այն բաց է և հասանելի։ Southern Research Institute-ը այդ մասին տեղեկացրել է իր կայքում, իսկ Battelle Memorial Institute–ը մեկ ամիս առաջ զետեղել էր տեղեկատվություն Հայաստանում «Համատեղ մասնակցության կենսաբանական ծրագրի» (CBEP) շրջանակներում նախագծին սատարելու գծով մասնագետի թափուր տեղի մասին։

Երկու ընկերությունն էլ Պենտագոնի և ԿՀՎ հին գործընկերներն են։ Օրինակ, 1952-1996թթ. Battelle Memorial Institute-ը ամերիկյան բանակի 11 գործարք է ստացել և ցայսօր իրականացնում է հետազոտություններ և փորձարկումներ՝ չափազանց թունավոր քիմիական նյութերի և պաթոգեն բիոակտիվ նյութերի օգտագործմամբ՝ ԱՄՆ կառավարական հաստատությունների լայն շրջանակի համար։

Պետական գործարքների ընդհանուր գումարը $2 մլրդ է։ Ընկերությունը զբաղեցնում է 23-րդ տեղը ամերիկյան խոշոր 100 պետկապալառուների մեջ։ Battelle-ի և ԿՀՎ համատեղ գործողություններից մեկը Clear Vision-ն է 1997 և 2000թթ.։ Գործողության շրջանակներում գիտնականները վերակառուցել և փոքր տրամաչափի ԽՍՀՄ ժամանակների սիբիրյան խոցի ռումբ են փորձարկել, որպեսզի ուսումնասիրեն պայթյունից հետո վիրուսի տարածման սկզբունքները։ 2006-ից Battelle-ը կառավարում է կենսաբանական լաբորատորիա Կենսապաշտպանության և հակամիջոցների ազգային կենտրոնում (NBACC), Ֆորթ Դեթրիկ քաղաքում (Մերիլենդ նահանգ), Ազգային անվտանգության դեպարտամենտի (DHS) պայմանագրով։ Ընկերությունը $344,4 մլն-ի և $19,9 մլն-ի տասնամյա երկու դաշնային գործարք է կնքել և բիոլաբորատորիան կկառավարի մինչև 2026թ.։ Համաձայն NBACC փաստաթղթերի՝ բիոլոգիական լաբորատորիան զբաղվում է, օրինակ, փոշեցրման տեխնոլոգիայի գնահատմամբ, աերոզոլային տոքսինների սպառնալիքների գնահատմամբ և Burkholderia pseudomallei բակտերիաների գնահատմամբ, որոնք առաջ են բերում մելիոիդոզ վարակիչ հիվանդությունը։ Ամերիկյան գիտնականների ֆեդերացիան (FAS) Burkholderia pseudomallei բակտերիաները բնութագրում է որպես Բ կարգի բիոահաբեկչության օգտագործման հնարավոր միջոց, և ավելի վաղ Պենտագոնն արդեն ուսումնասիրել էր այդ բակտերիաները բիոզենքում օգտագործելու համար։

DTRA-ի ևս մեկ ենթա-ենթակապալառուն է Southern Research Institute–ը։ 1951-1962թթ. նրա մասնագետները մասնակցում էին Պենտագոնի 16 պայմանագրերում, բիոագենտների հետազոտություններում և մշակումներում։ Իսկ 2001թ. Southern Research Institute-ը դարձավ ամերիկյան բանակի ենթակապալառուն սիբիրյան խոցի ուսումնասիրման գծով։

Բիոհետախուզության գլոբալ ցանց

DTRA-ում պաշտոնապես հայտարարում են «Համատեղ մասնակցության կենսաբանական ծրագրի» (CBEP) իրականացման մի քանի նպատակների և բիոլաբորատորիաների ֆինանսավորման ու տասնյակ երկրներում անձնակազմի ուսուցման մասին։ Առաջինը հատկապես վտանգավոր պաթոգենների հավաքածուի՝ հուսալի և անվտանգ օբյեկտներում հավաքման և պահման նպատակն է։ Երկրորդը՝ առողջապահության և անասնաբուժության համակարգերի ամրապնդումը՝ առանձնապես վտանգավոր պաթոգենների (որոնք կարող են սպառնալիք ներկայացնել անվտանգության տեսակետից) հետ կապված հիվանդությունների բռնկումները վերհանելու, ախտորոշելու և դրանց մասին տեղեկացնելու համար։ 2013թ. ռազմավարական հետազոտությունների RAND կենտրոնը, որը կատարում է Սպիտակ տան պատվերները, հրապարակել է «Առաջ, դեպի ինտեգրված ռազմական բիոհետախուզություն. գնահատական և հնարավորություններ» հաշվետվությունը։ Փաստաթղթում վերլուծաբանները փոքր-ինչ այլ կերպ են նշել ծրագրի նպատակները։ Այսպես, CBEP ծրագրով գործող լաբորատորիաները պետք է մտնեն տվյալների հավաքման միասնական ցանց՝ ԱՄՆ բանակի առողջապահության կենտրոնի (AFHSC) համար, և դրանց խնդիրն է հետազոտությունների անցկացումը համաճարակային իրավիճակի (առանձնապես վտանգավոր պաթոգեններով) գնահատման նպատակով։ Վրաստանն, ի դեպ, հաշվետվության տվյալներով, տարբերվում է ծրագրի մյուս մասնակիցներից նրանով, որ մասնակցում է նաև «Ի հայտ եկող վարակների գլոբալ դիտարկման և արձագանքման համակարգ» ռազմական ծրագրին (GEIS)։ Այն ենթադրում է լաբորատոր հետազոտություններ և քիմիական, կենսաբանական, ճառագայթաբանական և միջուկային գործակալների, վարակիչ հիվանդությունների բռնկումների թեստեր… GEIS ծրագրի կատարումը դրված է ոչ թե Լուգարի կենտրոնի, այլ, ինչպես ասված է հաշվետվությունում, դրա համար Վազիանիի ամերիկյան ռազմակայանում կառուցված բիոլաբորատորիայի վրա։

Դատելով հրապարակված հետազոտություններից՝ ամերիկացիներն արդեն տիրապետում են բավականաչափ ինֆորմացիայի Հայաստանի համաճարակային իրավիճակի մասին, այդ թվում կապված առանձնապես վտանգավոր պաթոգենների հետ, որոնք Պենտագոնը վաղուց ուսումնասիրում և թեստավորում է որպես կենսաբանական զենք. սիբիրյան խոց, բրուցելյոզ, ժանտախտ, աֆրիկյան խոզի ժանտախտ և տուլյարեմիա։

DTRA-ի և CH2M Hill-ի միջև միայն մինչև 2019թ. գործող գործարքում ասվում է այն մասին, որ անձնակազմի ուսուցման և հետազոտությունների անցկացման համար կապալառուն կստանա $6 մլն։ Ընդ որում, ինչպես պարզել է EADaily-ն, DTRA-ն աշխատանքներ է տանում, որոնք շատ ավելի լայն են, քան նշված է անգամ RAND-ի հաշվետվությունում։ Օրինակ, տվյալների շտեմարանները պետք է պատկանեն այն երկրին, որտեղ գտնվում է լաբորատորիան, բայց, ինչպես ցույց են տալիս փաստաթղթերը, ամերիկյան գործակալությունն ազատ տնօրինում է Հայաստանում ստացված պաթոգենների նմուշները՝ դրանք օգտագործելով այլ երկրներում սեփական հետազոտությունների համար։ Իսկ երկրում առանձին հիվանդությունների բռնկումների հետազոտություններն ավելի շատ նման են այն վիրուսների տարածմանը հետևելուն, որոնք թեստավորել են Վրաստանում։

Ժանտախտի հայկական գենոմները՝ DTRA-ի ձեռքում

2015թ. Միկրոբիոլոգիայի ամերիկյան ընկերության (NCBI) կայքում հրապարակեցին տեղեկատվություն Կովկասի ժանտախտի ցուպիկի (Yersinia pestis) շտամների 11 գենոմից բաղկացած հավաքածուի ստեղծման մասին։ Աշխատանքների համար վճարում էր DTRA-ն, իսկ հավաքածուում տեղ գտավ 2 գենոմ Հայաստանից։ Հետաքրքիր է, որ դրանց տնօրինողը ոչ թե հայկական պետհաստատություն էր, այլ Մայքլջոն Նիկոլիչը, որը նշված է որպես ԱՄՆ-ում Ուոլթեր Ռիդի անվ. հետազոտությունների ռազմական ինստիտուտի (WRAIR) ներկայացուցիչ։ Պենտագոնի այս հետազոտական հաստատությունը DTRA-ի ստորաբաժանումն է։

Բուլղարացի լրագրողուհի Դիլյանա Գայթանջիևան Վրաստանում ԱՄՆ բիոլաբորատորիայի մասին իր վերջին հետաքննությունում հրապարակել է փաստաթղթեր, որոնցում ասվում է, որ Նիկոլիչը մասնակցում է DTRA-ի և Վրաստանի հիվանդությունների և հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի համատեղ հետազոտություններին, պատասխանատու է նախկին ԽՍՀՄ երկրներից պաթոգենների ուսումնասիրման համար և աշխատում է Լուգարի կենտրոնում։

Ակնհայտ է, որ Վրաստանում ժանտախտի ցուպիկի շտամի հայկական գենոմները կարող էին լինել Հայաստանի լաբորատորիայինը։ Ընդ որում, ոչ առաջին անգամ։ 2010թ. DTRA-ն վճարել էր «Ժանտախտի ցուպիկի շտամների pPCP1 պլազմիդների՝ ստացված նախկին Խորհրդային Միությունում, բնութագրումը» հետազոտությունը։ Այն անցկացվում էր Վրաստանում, ԱՄՆ երկու ռազմական գիտական հաստատությունների՝ Annex ռազմածովային բժկական կենտրոնի և Էդջուվադի ռազմական քիմիակենսաբանական կենտրոնի մասնակցությամբ, առանց անգամ հայկական բիոլաբորատորիաների որևէ ներկայացուցչի մասնակցության։ NCBI կայքում զետեղված տեղեկատվությունում ասվում է, որ հետազոտություններում օգտագործել են ժանտախտի ցուպիկի շտամ՝ ստացված Շիրակի մարզում։

Հայաստանում DTRA-ի վերահսկողության տակ գտնվող առանձնապես վտանգավոր պաթոգենների բիոլաբորատորիաները, դատելով բաց տվյալներից, ժանտախտի ցուպիկի հետազոտություններ են անցկացրել միայն այս տարի՝ «Հայաստանում ժանտախտի ցուպիկի հանդեպ դրական թեստ ունեցող կենդանիները»։ Երկրի 38 շրջաններից 27-ում հավաքել են ժանտախտի ցուպիկի 9329 շտամ։

Ժանտախտի ցուպիկը կարող է առաջ բերել գեղձուռուցքների ժանտախտ, ժանտախտային թոքաբորբ և սեպտիկ ժանտախտ, որոնք Եվրոպայում համաճարակների ժամանակ 200 մլն մարդու կյանք են խլել։

ԱՄՆ-ում, միևնույն ժամանակ, շարունակում են թեստավորել բիոզենքի տարբեր տեսակներ, և ժանտախտի ցուպիկը դրանցից մեկն է։ 2012թ. Պենտագոնի մասնագիտացված West Desert Test Center հաստատությունը, որը ենթարկվում է Ռազմական փորձարկումների և գնահատման հրամանատարությանը (ATEC), հրապարակեց հաշվետվություն Dugway Proving Ground-ի գործունեության մասին։

Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է ժանտախտի ցուպիկի ստեղծման և պահման մասին՝ հետազոտությունների և թեստերի համար։ Հաշվետվությունում նաև տեղեկացվում է այն մասին, որ ժանտախտի ցուպիկը օգտագործվում է որպես բիոգործակալ աերոզոլների, հեղուկի կամ փոշու տարածման թեստերի համար։

Dugway Proving Ground-ում ռազմական նպատակներով թեստավորում են նաև բրուցելյոզն ու տուլյարեմիան։ Զուգադիպությամբ Հայաստանի լաբորատորիաներում DTRA-ի վերահսկողության ներքո իրականացնում են այս պաթոգեններով իրավիճակի հետազոտություններ և դրանց ազդեցությունը մարդու վրա։ 2016թ. ամերիկյան Բիոտեխնոլոգիաների տեղեկատվության ազգային կենտրոնի (NCBI) կայքում հրապարակեցին «Ռետրոսպեկտիվ տեսություն ընտրված զոոնոզ և արբիվիրուսային էթիոլոգիաների նկարագրման համար Հայաստանում հոսպիտալացված ֆեբրիալ հիվանդների մոտ» հետազոտությունը։ Բացի Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնին առընթեր հայկական լաբորատորիայի գիտնականներից, Հայաստանի «Նորք» գլխավոր վարակիչ հիվանդանոցի 600 հիվանդների բժշկական քարտերը հետազոտել են Ֆորթ Դեթրիկի Վարակիչ հիվանդությունների ռազմական բժշկական հետազոտական ինստիտուտի ներկայացուցիչներ Ռոբերտ Ռիվարդը և Թինաթին Կուչուլորիան և Ուոլթեր Ռիդի անվ. Ռազմական հետազոտությունների ինստիտուտի մասնագետ Քրիստիան Բաուտիստան։ Նրանց հետաքրքրում էր, թե որ զոոնոտիկ վարակներն են ամենատարածվածները (բրուցելյոզ), ինչպես են վարակվում դրանցով և ինչպես են դրանք տարածվում երկրում։ Այդ նույն թվականին NCBI կայքում ի հայտ եկավ նաև «Բրուցելյոզի գնահատականը Հայաստանում 2016թ. հոպիտալացված հիվանդների մոտ» հետազոտությունը։ Հեղինակներն են «Նորքում» ամերիկյան լաբորատորիայի մասնագետները և CH2M Hill-ի հայկական ստորաբաժանման ներկայացուցիչ Լյուդմիլա Նիազյանը։

1977թ. համար ամերիկյան բանակի հաշվետվության տվյալներով՝ բրուցելյոզի փորձարկումները որպես կենսաբանական զենք իրականացվել են ԱՄՆ-ում հինգ անգամ 1952թ., երկու անգամ՝ 1954թ. և չորս անգամ՝ 1955թ.։

Տուլյարեմիան ևս մեկ պոտենցիալ բիոզենք է, որի հետազոտությունները Հայաստանում վճարել է ամերիկյան գործակալությունը։ 2014թ.՝ «Հայաստանում տուլյարեմիայի բռնկումների վերլուծություն, 1996-2013», իսկ 2017-ին՝ «Մարդու կողմից տուլյարեմիայով հիվանդանալու դեպքերը Հայաստանում 1996-2012թթ.»։ Այս զոոանթրոպոնոզ վարակը, որը նաև անվանում են ճագարի տենդ, վարակում է հենաշարժողական ապարատը, նյարդային, սեռական, լիմֆատիկ համակարգերը և կարող է հանգեցնել արթրիտի, մենինգիտի, էնցեֆալիտի, թոքաբորբի և ինֆեկցիոն-տոքսիկ շոկի։ Ստույգ հայտնի է, որ Պենտագոնը լրջորեն դիտարկել է այն որպես բիոզենք օգտագործելու տարբերակները։ Ամերիկյան բանակի 1981թ. գաղտնազերծված հաշվետվությունում ասվում է, որ ռազմական գերատեսչության մասնագետները համեմատել են հակառակորդի մեծ քաղաքի վրա հնարավոր բիոլոգիական հարձակման երեք սցենարների տնտեսական արդյունավետությունը. 16 միաժամանակյա գրոհ վարակված դեղնախտի մոծակներով գետնից և օդից և աերոզոլային հարձակում տուլյարեմիայի փոշու տարածմամբ։

625 հազար մարդու սպանության դեպքում յուրաքանչյուր մահ Պենտագոնի վրա 29 սենթ կնստեր։ Եթե զոհերի թիվը 10 անգամ պակաս լիներ, ապա յուրաքանչյուր կյանքի արժեքը կկազմեր արդեն $2,86։
«Հայաստանում մարդու կողմից տուլյարեմիայով հիվանդանալու դեպքերը 1996-2012թթ.» հետազոտության հեղինակները Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի լաբորատորիայի և DTRA-ի մեջ մտնող ամերիկյան Ատլանտայի համանուն կենտրոնի մասնագետներն են։ Հետազոտությունում գիտնականներն ուսումնասիրել են տուլյարեմիայով վարակման 266 գրանցված դեպք։ Օրինակ, որոշել են այն խմբերը, որոնք ենթարկվել են տուլյարեմիայով հիվանդանալու ամենաբարձր ռիսկին։

Հայաստանում ամերիկյան լաբորատորիաները նման մակարդակով առաջինը և միակն են երկրում։ Ուստի, այնտեղ, ըստ էության, երկրի պատմության մեջ առաջին անգամ հավաքվում է երկրում համաճարակային իրավիճակի մասին տվյալների ողջ շտեմարանը։ 2016թ. NCBI կայքում հրապարակեցին «Աղիքային հիվանդությունները Հայաստանում ֆեբրալ հոսպիտալացված հիվանդների մոտ» հետազոտությունը։ Դրա անցկացումը ֆինանսավորել է DTRA-ն։ Աշխատանքում ասվում է, որ դա երկրում նման տեսակի առաջին հետազոտությունն է։

Սարքավորում մատակարարեցին՝ մեջտեղ եկավ սիբիրյան խոցը

Սիբիրյան խոցը կենսաբանական զենքի ամենավտանգավոր տեսակներից է, որը մինչև օրս ուսումնասիրվում և թեստավորվում է ԱՄՆ-ում։ Վրաստանում սիբիրյան խոցի բազմակի ուսումնասիրությունների մասին EADaily–ն արդեն գրել է։ Իսկ ահա Հայաստանի մասին հետաքրքիր տեղեկատվություն՝ հրապարակված DTRA-ի ենթակապալառուի՝ Black & Veatch-ի կայքում՝ թվագրված 2012թ. վերջ։ Դրանում ընկերությունը տեղեկացնում է, որ ծրագրի շրջանակներում DTRA-ն Հայաստանի առողջապահության նախարարության երեք լաբորատորիաներում տեղադրել է վարակիչ հիվանդությունների ախտորոշման սարքավորում։ Այն կարող է հաստատել Հայաստանում սիբիրյան խոցի բռնկումները ժամերի ընթացքում, տեղեկացրել է Black & Veatch-ը՝ նշելով, որ հանգամանքների բերումով Հայաստանում սարքավորումը տեղադրելուց անմիջապես հետո գրանցել են սիբիրյան խոցի բռնկում։ «Այնպես համընկավ, որ մի քանի շաբաթ անց հայկական կառավարությունում սկսեցին ստացվել տեղեկություններ երկրի արևելքում՝ Գեղարքունիքի մարզից սիբիրյան խոցի ախտանշաններով հիվանդների մասին։ Black & Veatch-ի մասնագետների ղեկավարությամբ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ստուգեցին նմուշները՝ օգտագործելով նոր սարքավորումը՝ ELISA և PCR։ Թեստերը դրական էին։ Սարքավորումն օգնեց տալու ճշգրիտ արդյունքներ մի քանի ժամվա ընթացքում։ Ավելի վաղ թեստավորման մեթոդները այդքան հուսալի չէին և օրեր էին տևում»,- ասվում է Black & Veatch-ի պաշտոնական հաղորդագրությունում։

Վրաստանից՝ Aedes Albopictus-ով

Հայաստանը կարող է հետաքրքիր լինել DTRA-ին ոչ միայն նրանով, որ սահմանակից է Իրանին և գտնվում է Ռուսաստանի հարևանությամբ։ Վրաստանի հետ սահմանը թույլ է տալիս ամերիկացի մասնագետներին հետևել նաև փորձարկումների հետևանքներին, որոնք իրականացվում են Լուգարի կենտրոնում՝ հարևան երկրում։

Ասիական վագրամոծակը (Aedes Albopictus) արևադարձային տենդի, դենգե տենդի, Չիկունգունյի և Զիկա վիրուսի փոխանցողն է, որն առաջ է բերում գենետիկ փոփոխություններ նորածինների մեջ։ Արնածուծ միջատների այս տեսակը 2014-ից հավաքում և հետազոտում են Լուգարի կենտրոնում՝ «Վիրուսը և այլ ալբովիրուսներ Վրաստանում» ծրագրով։ Ավելի վաղ Aedes albopictus մոծակներ Վրաստանում չեն գրանցվել, իսկ հիմա Վրաստանում այդ տեղի համար ոչ բնորոշ միջատների ներկայությունը հաստատված է Հիվանդությունների կանխման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով։

2014-ից, երբ սկսվեց Պենտագոնի ծրագիրը, Aedes Albopictus մոծակներ գրանցվել են նաև հարևան Կրասնոդարի երկրամասում և Թուրքիայում։ Իսկ DTRA-ի վերահսկողության տակ գործող բիոլաբորատորիաներից մեկի հետազոտություններով՝ Երևանում և Հայաստանում։ Այս տարի NCBI կայքում ի հայտ եկավ տեղեկատվություն «Բնական օջախային վարակների էպիզոոտոլոգիական պոտենցիալը Հայաստանի հյուսիս-արևելքում» հետազոտության մասին, որն իրականացրել էր DTRA-ի վերահսկողության տակ գործող էպիզոոտոլոգիայի, էկզոպարազիտոլոգիայի և էնտոմոլոգիայի կենտրոնի լաբորատորիան Երևանում (Հայաստան)։

«Առաջին անգամ Aedes albopictus-ը Հայաստանում հայտնաբերեցին Նոյեմբերյանի (Տավուշի մարզ) և Վրաստանի միջև 2016թ.։ Դա առանձնակի վտանգավոր վարակների և աբրովիրուսների փոխանցող է։ Միջատի ներկայությունը հաստատվել է 2017թ., և այն կազմել է հյուսիս-արևելքում հավաքված մոծակների 13,5%-ը։ Aedes albopictus-ն ի վիճակի է փոխանցելու դենգե տենդը, Չիկունգունյուն և Արևմտյան Նեղոսի տենդը։ 2015թ. վերջից մենք գրանցել ենք փոխանցողների և վարակակիրների քանակի զգալի ավելացում։ 2016թ. (Տավուշ) և Նոյեմբերյանի Բագրատաշենում 2017թ.,- տեղեկացվում է հետազոտությանը կցված ինֆորմացիայում և ավելացվում, որ կրծողների և հիվանդություն փոխանցողների (մոծակներ) բարձր խտությունը վկայում է այն մասին, որ տարածաշրջանում ի հայտ են եկել լավ պայմաններ ոչ միայն տուլյարեմիայի, այլև այլ բնական օջախային վարակների տարածման համար և անհրաժեշտ են կանոնավոր էպիզոոտոլոգիական հետազոտություններ իրավիճակը վերահսկելու համար։

Վրաստանից եկած աֆրիկյան ժանտախտը Հայաստանում դարձավ ատիպիկ

Հայաստանում բիոլաբորատորիաների ստեղծումը Պենտագոնն սկսեց լոբբիի ենթարկել 2008թ.՝ երկրում աֆրիկյան խոզի ժանտախտի համաճարակի ժամանակ։ Հետաքրքիր է, որ վիրուսը հայտնվեց Վրաստանից, Հայաստանում մի քանի տարի անց հիվանդությունն ընդունեց ատիպիկ ձև, և հենց Հայաստանից, ինչպես երևում է DTRA-ի հովանու ներքո անցկացված հետազոտությունից, վիրուսը տարածվեց Անդրկովկասով, ներառյալ Ռուսաստանը։

2017թ. Հայաստանի գյուղնախարարության և DTRA-ի հովանու ներքո հրապարակեցին «Աֆրիկյան խոզի ժանտախտի համաճարակաբանական կարգավիճակը Տավուշի մարզում» հետազոտության շնորհանդեսը։ Այն իրականացնողների շարքում նշված էր ամերիկյան Pacific Northwest National Laborato-ի ներկայացուցիչը, որը գտնվում է Battelle Memorial Institute-ի վարչությունում։

Պրեզենտացիայում ասվում է, որ աֆրիկյան խոզի ժանտախտի (ASFV) բռնկումը երկրում տեղի է ունեցել 2007թ., և առաջին դեպքերը գրանցվել են հյուսիսում՝ Տավուշի և Լոռու մարզերում, որոնք սահմանակից են Վրաստանին։ «Այդ ժամանակվանից ASFV-ը տարածվել է Կովկասյան տարածաշրջանում և նրա զոհերն են դարձել ընտանի և վայրի խոզերը»,- ասվում է փաստաթղթում։ Հայաստանում երկու տարվա ընթացքում աֆրիկյան ժանտախտից սատկել է 7 հազար առանձնյակ, ևս մոտ 18 հազ. հիվանդացել է, և դրանք ոչնչացվել են։ Գիտնականներին հետաքրքրում էր ոչ միայն հիվանդության տարածումը, այլև տնտեսական էֆեկտը։ Դրանցից մեկը. 2014-ին Հայաստանի հյուսիսում խոզաբուծությունն զգալի անկում ապրեց՝ կենտրոնանալով ավելի հարավ՝ Արարատյան մարզում։

Պրեզենտացիայում չգիտես ինչու ոչինչ չի ասվում, բայց աֆրիկյան խոզերի ժանտախտը եկել էր Վրաստանից, որտեղ այն հայտնաբերել էին, և ASFV համաճարակն սկսվել էր 2007թ. առաջին կեսին։ Թե ինչպես է տարածաշրջանին ոչ բնորոշ վարակը հայտնվել երկրում՝ ճշգրիտ հայտնի չէ։ Իշխանությունների վարկածով՝ անբարենպաստ երկրներից Վրաստան եկած նավերից հոսող ջրերից։ Մեկ այլ վարկածով՝ այն բերվել է կենդանիների մսի միջոցով։

Հետաքրքիր է, թե ինչ էֆեկտ ունեցավ աֆրիկյան ժանտախտը Հայաստանում։ Հայաստանի ԳԱԱ բջջային կենսաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի ու Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի գիտնականները 2018թ. հրապարակեցին «Աֆրիկյան խոզի ժանտախտի վարակի երրորդ ալիքը Հայաստանում. վիրուսը պաթոգենության նվազում է ցուցադրում» հետազոտությունը։ Դրանում նրանք համեմատել են Դիլիջանի խոզերի լաբորատոր թեստերը 2007 և 2011թթ. և ի հայտ են բերել վիրուսի նոր ASF շտամ՝ ատիպիկ։ «Հիվանդությունը վերածվել է ավելի քրնոիկ վարակի»,- ասվում է հետազոտությունում։

Աֆրիկյան խոզերի ժանտախտը համարվում է խոզաբուծության գլխավոր սպառնալիքը և կարող է վիթխարի տնտեսական վնաս հասցնել արտադրող երկրներին։ Ընդ որում, NCBI կայքի երկու հետազոտություններում ասվում է այն մասին, որ ASF վիրուսը կարող է վարակել մարդկանց և դառնում է դենգե տենդի հարուցիչ կամ վարակել մարդու իմունային համակարգը։ DTRA-ում աֆրիկյան խոզերի ժանտախտը համարում են պոտենցիալ բիոզենք։

DTRA՝ «հայկական» լոբբիստ

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը (CARD) Հայաստանում աշխատում է արդեն 13 տարի և հայտնի է նրանով, որ իրականացնում է ֆերմերության զարգացման և տեղի գյուղտնտարտադրանքի վաճառքի նախագծեր։ Այն մի քանի նախագծեր ունի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պետհաստատություններում։ Չնայած CARD-ը գրանցված է որպես հայկական կազմակերպություն, այն ամերիկյան Market Access Program (MAP) ծրագրի «ժառանգորդն» է՝ ուղղված այլ երկրներում շուկաների ստեղծմանը, որոնք կարող են սպառել ամերիկյան տարբեր արտադրանք գյուղատնտեսության համար։ Ինչով էլ, ըստ էության, զբաղվում է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը»՝ նիդեռլանդական դուստր AgroVision B.V.-ի միջոցով ստեղծելով CARD AgroService և CARD AgroCredit ձեռնարկությունները։ Առաջինը վաճառում է արտադրանք գյուղատնտեսության համար և զբաղվում է քոնսալթինգով, երկրորդը վարկեր է տրամադրում ֆերմերական տնտեսություններին։ Միևնույն ժամանակ, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամը արդեն վեց տարի սպասարկում է DTRA-ի շահերը։ Ամերիկյան գործակալության կայքում ասվում է, որ 2012-2016թթ. CARD-ը ստացել է ավելի քան $2,5մլն-ի 5-ական գործարք։ Իսկ 2017թ., ԱՄՆ Դաշնային գնումների կայքի տվյալներով՝ հիմնադրամը շահել է ևս մեկ գործարք՝ $1 մլն-ի, գիտական և տեխնիկական ծառայությունների մատուցման համար։

Գործարքների մանրամասները բաց չեն, բայց ամերիկյան GovTribe կայքում, որը հետևում է ԱՄՆ-ում պետգնումներին, տեղակայված են DTRA-ի պաշտոնական տեղեկատվություններ այն մասին, որ գործակալությունը մտադիր է գործարքներ կնքել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի» հետ 2012, 2013թթ. Հայաստանում ամերիկյան գործակալության գործունեության համախմբման և սատարման համար։ Բացի լոգիստիկ աջակցությունից, խոսքը վերաբերում է DTRA-ի շահերի լոբբինգին երկրի իշխանական կաբինետներում։ «CARD-ն ունի գործարքների մեծ ցանց կարևոր կազմակերպությունների հետ, որոնք ներգրավված են «Համատեղ մասնակցության կենսաբանական ծրագրում»։ CARD-ն ապացուցել է իր կրիտիկական անհրաժեշտությունը հայկական կարևոր նախարարներին, գործադիր ղեկավարներին հասանելի դարձնելու հարցում այն նախարարություններում և միջոցառումներին հաջող մասնակցության ապահովման մեջ, որոնք իրականացնում է DTRA-ն»,- ասվում է այն տեղեկատվությունում, թե ինչու է DTRA-ն մտադիր գործարք կնքել CARD-ի հետ «մեկ մասնակցից գնում կատարելու» ընթացակարգում՝ առանց տենդերի անցկացման։

Երբ փնտրելու բան չկա

Սեպտեմբերի սկզբին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց ռուսական «Կոմերսանտ» թերթին, որում ասաց, որ DTRA-ի ստեղծած լաբորատորիաները գտնվում են երկրի իշխանությունների լիակատար վերահսկողության ներքո և ռուսաստանցի մասնագետները դրանք այցելելու իրավունք են ստացել։ «Մենք պատրաստ ենք համագործակցության, և արդեն ռուսաստանցի մասնագետներն այնտեղ եղել են և համոզվել, որ այնտեղ ոչ մի ահավոր բան չկա, այդ լաբորատորիաներում»,- ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը և հավելել, որ լաբորատորիաները չեն կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ։

Ինչում իրավացի է Հայաստանի վարչապետը, այդ այն է, որ հայկական բիոլաբորատորիաներում փնտրելու բան չկա։ 2017թ. վերջին նման օբյեկտներից մեկում գտնվող մասնագետ միկրոկենսաբանները Սարատովից սահմանափակվել են վիզուալ դիտումով, և նրանց թույլ չի տրվել մտնել բոքսեր, որտեղ պահվում են վիրուսներն ու քիմիական ռեակտորները։ Բայց սա էլ գլխավորը չէ։ EADaily-ի հետաքննությունից դատելով՝ հավանաբար, սույն լաբորատորիաները Հայաստանում Պենտագոնի համար կատարում են միանգամայն այլ խնդիրներ, քան Վրաստանում, որտեղ բռնկվել է հերթական սկանդալը Լուգարի կենտրոնում ամերիկացիների գործունեության մասին նոր հերթական կոմպրոմատից հետո։ Եվ հարցն այդժամ այն է՝ «սևո՞վ» կօգտագործեն արդյոք ամերիկացիները Հայաստանի իշխանություններին, թե՞ DTRA-ին անհրաժեշտ են լոբբիստներ՝ բարձր աշխատասենյակների տերերին ավելի հլու դարձնելու համար։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Հայաստանում ամերիկյան լաբորատորիաների ցանցի հայտնվելը կարող էր կապված լինել ոչ այնքան հանրապետության իշխանությունների ֆինանսական մոտիվացիայի, որքան նրանց քաղաքական հարկադրանքի հետ Վաշինգտոնի կողմից։ Բնութագրական է, որ Հայաստանում սույն ցանցը սկսել է ծավալվել 2008թ.։ Չի բացառվում, որ լաբորատորիաների շինարարությունը ամերիկացիների կողմից ընտրությունների արդյունքներն ընդունելու պայմաններից մեկն էր, որոնք կայացել են այդ թվականին և ավարտվել, կրկին ոչ առանց ԱՄՆ միջամտության, ջարդարարությամբ և անկարգություններով Երևանում։

Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությանը՝ համատեղ օգտագործել ամերիկյան փողերով կառուցված լաբորատորիաները, ապա, ուզում ենք հուսալ, որ Ռուսաստանը լիովին կօգտվի դրանից և ամենամանրակրկիտ ձևով կստուգի ոչ թե մեկ կամ երկու, այլ բոլոր (!) նմանատիպ օբյեկտները, հետագայում բացառելու համար որևէ ինսինուացիա այս հաշվով։ Ինչպես ասացին EADaily-ին Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվության և մամուլի վարչությունում, «Ռուսաստանի և Հայաստանի միջև կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտի գործարքները շարունակվում են այդ հարցի բոլոր ասպեկտներով»։

Աղբյուրը` EurAsia Daily 

shame.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով