Փողոցներում կտեղադրվեն 2000-ից ավել տեսախցիկներ

Առաջիկայում փողոցների տեսնակարահանումը խստացվելու է: Տեղադրվելու է մինչեւ 2 հազար հատ նոր տեսախցիկ: Այս տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին փոխանցել էին ոստիկանության աղբյուրները: Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՀԺ-ի հետ զրույցում չի հերքել տեղեկությունները:

«Այդպիսի մի ծրագիր կա, որ պարեկային ծառայության անցնելով՝ կառավարությանը նմանատիպ առաջարկություն ներկայացնենք: Սա արվում է վարորդներին զսպելու նպատակով, քանի որ վրաերթերի, ՃՏՊ-ների, վիրավորների թիվը շատ է: Ես անթույլատրելի եմ համարում նման քանակը»,- ասաց Վալերի Օսիպյանը:

Անդրադառնալով տեղադրվող տեսախցիկների թվաքանակին՝ Օսիպյանը նշեց, որ հնարավոր է այն երկու հազարից ավելի լինի կամ պակաս: «Սա ամենեւին չի նշանակում, որ մենք ամեն տեղ մեր քաղաքացիներին բռնելու ենք, պատժենք եւ գումար վերցնելով՝ տուգանենք: Հակառակը, մենք ուզում ենք զսպել մեր վարորդներին, որպեսզի ճանապարհային երթեւեկության կանոններին է՛լ ավելի հարգալից պահպանեն, քանի որ երթեւեկության բոլոր մասնակիցներն ունեն նույն հավասարությունը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանապետի փոխանցմամբ՝ տեղադրվող տեսախցիկները չեն նպաստելու միայն ՃՏՊ-ների թիվը կրճատելուն եւ իրավախախտ վարորդներին շուտ հայտնաբերելուն: «Նպատակ կա նաեւ հանցագործությունները նախականխել եւ կանխել»,- ասաց նա:

Այժմ անհայտ է, թե ծրագիրն ինչ ֆինանսական միջոցների հաշվին է իրականացվելու: Հարցին՝ արդյո՞ք պետբյուջեի հաշվին է իրականացվելու, Վալերի Օսիպյանը պատասխանեց, որ քննարկվում է նաեւ այլ ֆինանսական միջոցների ներգրավման տարբերակը: Առաջիկայում ծրագիրն իրականացվելու է միայն Երեւանում, կախված արդյունքներից՝ տեսախցիկներ կտեղադրվեն նաեւ հանրապետության մյուս քաղաքներում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով