Սեւերի եւ սպիտակների բաժանելը շատ է մտահոգում բիզնեսին. Ռուսաստանաբնակ գործարարի ահազանգը Փաշինյանին

Ռուսաստանաբնակ հայ ներդրողներն անհանգստացած են «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ «սեւ եւ սպիտակ ուժերի» մասին աղմկահարույց հայտարարությամբ: Այս մասին Մոսկվայում սեպտեմբերի 8-ին կայացած հանդիպման ժամանակ ասել է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արտակ Թովմասյանը:

«Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի ելույթը «սեւ եւ սպիտակ ուժերի» մասին: Ասեմ, որ դա շատ է անհանգստացնում բիզնեսին, այն գործընկերները, որոնք պատրաստ էին Հայաստան գալ, մտահոգված են՝ ի՞նչ պետք է անել, որ մեր ազգը չբաժանենք սեւերի եւ սպիտակների: Ես հայտարարել եմ, որ մենք չենք դադարեցնելու մեր ներդրումները, նոր ներդրումներ ենք անելու: Մենք ներդրումներ չենք անում Քոչարյանի, Սերժ Սարգսյանի կամ Փաշինյանի համար, մենք հայ ազգի համար ենք ներդրում անում: Այս հարցը մտահոգում է, եւ ի՞նչ եք Դուք անելու, որ չլինի նման թիմային բաժանում Հայաստանում»,- ասել է գործարարը

Փաշինյանը պատասխանել է՝ ինքը կոչ է արել, որ քննադատությանը պետք է հանդուրժողականությամբ վերաբերվել եւ ամեն ինչ պետք է ներառվի սիրո եւ համերաշխության տրամաբանության մեջ:

«Սա իսկապես խնդիր է, եւ մենք պետք է քայլ- քայլ, համբերատար շարժվենք այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հայտարարությանը. ես կարծում եմ՝ թյուըմբռնում կա այդ հայտարաության վերաբերյալ, եւ խոսքը բոլորովին այլ կոնտեքստի է վերաբերվել: Խոսքը վերաբերվել է նրան, որ բոլորիս ակնհայտ է, որ Հայաստանին անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ երբ Հանրապետական մեծամասնության ներկայացուցիչները, ի հեճուկս քաղաքական պրոցեսների, փորձում են ցույց տալ, որ իրենք թույլ չեն տալու արտահերթ ընտրություններ, դրանով ասում են՝ ժողովուրդ ջան, դուք մի հատ էլ պետք է հեղափոխություն անեք: Եթե պետք լինի, մի հատ էլ կանենք, բայց ես, որպես ՀՀ վարչապետ, բացառում եմ, որ երբեւէ Հայաստանում ատելության մթնոլորտ կձեւավորվի: Ես ձեր այս ահազանգն ի գիտություն եմ ընդունում եւ բոլորին կոչ եմ անում, որ որեւէ մեկին ուղղված քննադատություն չվերածվի ատելության քարոզի, մերոնքականների եւ ձերոնքականների բաժանելը պետք է բացառվի»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Slaq.am — Լրատվական աղբյուր

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով