Սեպտեմբերի 1-ից հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները Փոթի նավահանգիստ-Հայաստան հաղորդակցությունում նվազում են 52%-ով

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ու «Վրացական երկաթուղի» ԲԸ համատեղ որոշման համաձայն, 2018 թվականի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները նվազում են 52%-ով:

Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 15-ից արգելվելու է ցամաքային ճանապարհով Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների ներկրումը։ Փոխադրումները պետք է իրականացվեն ջրային, այնուհետև երկաթուղային ճանապարհով։ Tert.am-ի հետ զրույցում ցորենի ներկրմամբ զբաղվող գործարարները մտահոգություն էին հայտնել, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանում

ալյուրի գինը կթանկանա կիլոգրամը 50 դրամով: Հնարավոր թանկացումը նրանք պայմանավորել էին երկաթուղով ներմուծելու ծախսերի ավելացմամբ: Հարցի մասին բարձրաձայնել էին նաև ԱԺ պատգամավորները, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խնդրի մասին բարձրաձայնել էր վրացի իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցում:Իսկ այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ասել էր, որ եթե էական զեղչեր ստանանք երկաթգծից` ցորենի թանկացում կարող է չլինել, հակառակ դեպքում հնարավոր է՝ 25 դրամով թանկանա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով