ՆԱԽԱՐԱՐԸ ՈՐՈՇԵԼ Է ՆՈՐԱՅՐ ԴԱՎԻԴՅԱՆԻՆ ՀԱՆԵ՞Լ

Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը, ըստ որոշ լուրերի, հայտնվել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեսադաշտում։ Ասում են՝ Արա Մինասյանին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնից հեռացնելուց հետո երկրորդ թիրախը Դավիդյանն է, որին տարիքի պատճառաբանությամբ ուզում են փոխել։ Դավիդյանը թեեւ մասնավոր զրույցներում դժգոհում է, որ «վերեւում» իրենից ազատվելու մտադրություն կա, որ իր դեմ ինտրիգներ են հյուսում իր իսկ հիվանդանոցի աշխատակիցները, որոնք պարբերաբար բողոքներ են գրում կառավարություն, սակայն բացահայտ հրաժարվում է խոսել այդ մասին։ Ավելին՝ մեր հարցերին պատասխանելիս ներկայացրեց, որ ոչ մի խնդիր չկա։

Երկու ամիս առաջ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում հարուցվել էր քրեական գործ։ Նույնիսկ քրեական գործ էր հարուցվել պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու փաստով։ Հավանաբար, այս քրգործերով էլ փորձել են հասունացնել կենտրոնի տնօրենին փոխարինելու գործընթացը։ Ըստ այդ նյութերի, կենտրոնում բուժվող երեխաների մի մասին ավելի քիչ են պահել կենտրոնում, քան ներկայացված է հաշվետվությունների մեջ։ «Նախնական քննությամբ պարզվել է, որ այս տարվա հունվարի 1-ից մինչ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կենտրոնում բուժօգնություն ստացած 128 երեխայից 35-ը նախատեսված 525 օրվա փոխարեն, փաստացի, շուրջօրյա բուժօգնություն է ստացել 128 օր։ Արդյունքում՝ առողջապահության նախարարություն են ներկայացվել մատուցված բուժման ծառայության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ, որոնց հիման վրա ընկերության հաշվեհամարին է փոխանցվել շուրջ 12.100.000 դրամ ավելի գումար»,- հայտնել էր ոստիկանությունը հունիսի 16-ին։

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանըհայտնեց, որ այս գործով նախաքննությունը շարունակվում է։ «Ստուգումներ են նշանակվել, ունենք հասցված վնասի վերականգնում որոշակի չափով»։ Նա նաեւ հայտնեց, որ այս գործով մեղադրյալ չկա։ Այլ կերպ ասած՝ կենտրոնի տնօրինությունը չի սպասել եւ նախաքննության ընթացքում որոշ չափով փոխհատուցել է պետությանը հասցված վնասը։ Ի՞նչ է կատարվում կենտրոնի շուրջ, արդյոք շարունակո՞ւմ են անհանգստացնել առողջապահության ոլորտի անվանի գործչին, կա՞ն նոր բողոքներ, եւ ի՞նչ լուծում ունեցավ քրեական կոնֆլիկտը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նորայր Դավիդյանը չցանկացավ խոսել այս թեմայով։ Նա մեզ ասաց, որ միշտ պատրաստ է ներկայացնել իր կենտրոնի աշխատանքը։ «Մենք ստեղծել ենք բուժհաստատություն, որը տարածաշրջանային նշանակություն ունի։ Ես կարող եմ ձեզ ցույց տալ մեր նվաճումները։ Օրինակ, մահացության դեպքերի կրճատման ցուցանիշները ներկայացնել, բայց այլ հարցերի շուրջ խոսելը բացառում եմ։ Ես չեմ ուզում դրանց անդրադառնալ, ինձ համար դա տհաճ է։ Հիմա ես կայուն վիճակում եմ։ Ամեն ինչ լավ է։ Ղեկավարությունն ինձ հասկացել է, ըմբռնում է իրավիճակը… Թյուրիմացությունը հարթվեց, ես չեմ ուզում խոսել այդ մասին։ Ես մի բան ասեմ միայն՝ կյանքում չեմ թալանել, նույնիսկ բնակարանս չեմ փոխել կենտրոնի տնօրեն աշխատելու ընթացքում, եկեք նայեք իմ հին ռեմոնտը»,- ասաց Դավիդյանը՝ վստահեցնելով, որ իր դեմ բողոքներ գրողն ինքը թալանչի է եւ մի քանի բնակարան ու մեքենաներ ունի։ «Նույնիսկ 37 թվին, երբ մարդու դեմ բողոք էին գրում, գոնե հետաքրքրվում էին, թե ով է գրում»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Hraparak.am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով