«Խմբագրության աշխատանքը պարալիզացված է. սա Ոստիկանության անպատասխանատու գործելակերպ է». խմբագիր Սևակ Հակոբյանը՝ «Yerevan.today»-ում խուզարկության մասին

«Այն, ինչ կատարվել է, ինձ համար էլ տարօրինակ է, քանի որ այս ամենի պատճառն այն է, թե իբր «Yerevan.today»-ն է շուտ տեղադրել ձայնագրությունը (ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման,- հեղ.) և այստեղ ձայնագրություն էին փնտրում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Yerevan.today» կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը՝ անդրադառնալով խմբագրության տարածքում իրավապահ մարմինների մոտ 7 ժամ տևած խուզարկությանը։

«Խուզարկությունը խախտումներով է ընթացել, մենք հանդես կգանք մամուլի ասուլիսով։ Այս պահին միայն կարող եմ ասել, որ առգրավել են իմ համակարգիչը, ընդ որում՝ դա կատարվել է կրկնակի ստուգումների արդյունքում։ Այսինքն՝ ստուգում էին, որևէ բան չէին գտնում, և տպավորություն էր, թե անպայման պետք է որևէ բան գտնեն։ Հետո կրկնակի ստուգում արեցին, արձանագրեցին, որ տեղեկատվությունը, որի համար եկել են, մեր կայքում հրապարակվել է շատ ավելի ուշ, քան տարածվել էր։ Մենք դա դրել ենք ժամը 15։00-ին այն դեպքում, երբ այդ ժամին արդեն բազմաթիվ տեղերում դրված է եղել։ Առանց հիմնավորման առգրավեցին ու գնացին»,- ասաց նա։

Խուզարկության համար, ըստ Հակոբյանի՝ դատարանի որոշում է եղել. «Տարել են իմ համակարգիչը և մյուս համակարգիչների կոշտ սկավառակները»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սևակ Հակոբյանն այս ամենը համարում է ոստիկանության անպատասխանատու գործելակերպ.

«Եթե Ոստիկանությունն այդքան տեղեկություն կարող էր ունենալ, որ շուտ ենք դրել, ուրեմն՝ կարող էր ստուգել և տեսնել, որ դրել ենք բավականին ուշ։ Մենք ամբողջը սղագրել՝ նոր տեղադրել ենք, դրա համար դրել ենք ուշ։ Սա Ոստիկանության անպատասխանատու գործելակերպ է, զարմացած եմ նաև Քննչական կոմիտեի վրա,

որովհետև արդեն մամուլով տարածում են, թե ինչ գործի հետ կապված ստուգումներ են, մամուլում էլ հայհոյանքներ են տարածվում։ Ես սա համարում եմ մեր գործունեությանը վնասելու փորձ։ Հետո, որ համակարգիչներում ոչինչ չգտնեն, չեն էլ հայտարարելու, որ ոչինչ չեն գտել, արդեն տպավորություն է, թե հանցագործություն են բացահայտում»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նաև նշեց, որ դեռ սեպտեմբերի 11-ի երեկոյան իրենց դեմ արշավ էր սկսվել.

«Դեռ ամսի 11-ի երեկոյան մեր դեմ քսի էին տվել իրենց ֆեյքերին։ Ամսի 11-ի երեկոյան կայքերում տարածվեց, թե մենք դա երկու օր շուտ ենք հրապարակել, ու ինչքան էլ փորձագետները բացատրեցին, որ երկու օր շուտ չեն դրել, միևնույն է, դա տարածվում էր։ Բայց ուշադրության չարժանացավ այն, որ նույն Google-ում ցույց էր տալիս,

թե  ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի ասուլիսի մասին հաղորդագրությունը մենք էլի շուտ ենք տարածել։ Թե դա ինչպես է եղել, ես չգիտեմ։ Իրենք ստուգել են ամեն ինչ, ինձ թվում է, որ 2014թ. մինչ օրս մեր լրատվությանը ծանոթացել են։ Եկել էին 9 հոգով, բայց անընդհատ զանգում էին, խորհրդակցում էին, մեծ համակարգ էր աշխատում։ Հիմա, թե ինչի՞ համար է համակարգն ուղղորդվել, չեմ կարող ասել»։

Սևակ Հակոբյանը հավելեց, որ ցուցմունք կամ բացատրություն չի տվել.

«Խմբագրության աշխատանքը պարալիզացված է, չգիտենք, թե երբ կվերադարձնեն կոշտ սկավառակներն ու համակարգիչը։ Կապարակնքել են և «Երևան-սիթիի» տոպրակներով տարել… Տոպրակներն իրենց հետ էին բերել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով