«ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն անելանելի է ու վտանգավոր». Ֆելգենգաուեր

«Վտանգավոր իրավիճակ է ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արևելքում` մասնավորապես Իդլիբում, Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև ու չի բացառվում անկայունության մեծ ալիք, որը կտարածվի նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է իրատեսական ռազմական գործողությունների վերսկսումը ԼՂ հակամարտության գոտում, հաշվի առնելով վերջին օրերին ակտիվացած տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը թիրախավորում է հայկական մերձսահմանային գյուղերը` Կոթի, Ոսկեպար, Բաղանիս, Վազաշեն, Արենի:

Ռուս ռազմական փորձագետի գնահատմամբ՝ ցանկացած զարգացում հնարավոր է թվում, անկանխատեսելի իրավիճակ է և ԼՂ հակամարտության գոտում ինչպես միշտ և Մերձավոր Արևելքում, քանի որ Իդլիբի հարցում Ռուսաստանի և գործընկերների դիրքորոշումները երկար ժամանակ տևած անհամաձայնությունից հետո միավորվեցին և դժվար է ասել, թե որքանով են կայուն ու հաստատուն այն համաձայնությունը, որը նախօրեին կայացավ Պուտինի և էրդողանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու մասին:

Ըստ Ֆելգենգաուերի, այն իրողությունները, որոնք այսօր կան նաև ԼՂ հակամարտության գոտում, հակամարտության շուրջ և հարևան տարածաշրջանում ստեղծված անելանելի քաղաքական, ռազմական և դիվանագիտական իրավիճակը, սպառազինության մրցավազքը, ուժերի կուտակումները շփման գծում թույլ են տալիս պնդել, որ եթե ոչ այսօր, ապա վաղը ռազմական լայնածավալ գործողություններ կարող են սկսվել, ինչպես 2016 թվականին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սակայն այդ գործողությունները չեն սկսվում, քանի որ այսօր ըստ էության ստատուս քվոն ձեռնտու է բոլոր կողմերին, քանի որ կորուստները նման պատերազմից հետո շատ ավելին են լինելու, քան ձեռքբերումները երկու կողմի համար էլ: Յուրաքանչյուրը մտածում է` ինչ կստանա նման պատերազմից: Եթե այսօր նույնիսկ հակամարտությունը կարգավորված չէ, ապա կողմերը նախընտրում են իրավիճակը թողնել ներկայիս տեսքով, քան փորձել լուծել խնդիրները ռազմական ճանապարհով: Կարծում եմ` ըստ էության ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այս իմաստով առանցքային բան չի փոխվել չհաշված այն մանր-մունր խնդիրները, որոնք առաջացել են հայ-ռուսական հարաբերություններում:

Շատ բան չի փոխվել, քանի որ ՀՀ իշխանություններն, ըստ էության, ընթանում են այն ուղով, որը նախկին իշխանություններն են ունեցել բացառությամբ պահանջելով Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին»,- ասաց Պավել Ֆելգենգաուերը:

Ռազմական փորձագետի կարծիքով, հայ-ռուսական հարաբերություններում լարվածություն իսկապես կա, որի հիմքում անվստահությունն է ՀՀ նոր իշխանությունների նկատմամբ: «Կա նման իրավիճակ, բայց դրա մյուս կողմում այն հանգամանքն է, որ Մոսկվան հակված չէ սրել իրավիճակը հայ-ռուսական հարաբերություններում, քանի որ բազում այլ խնդիրներ ունի և Հայաստանի հետ հարաբերություններում առկա անվստահության, լարվածության խորացումը խիստ անցանկալի է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Խիստ անցանկալի է նաև ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման սցենարը, ինչը նշանակում է, որ Մոսկվան կողմնակից է ստատուս քվոյի պահպանմանը, սակայն 2016 թվականի պատերազմը ցույց տվեց, որ Մոսկվան չի որոշում, թեև Մոսկվայի կարծիքը հաշվի առնվեց և գործողությունները դադարեցվեցին Մոսկվայի միջնորդության արդյունքում»,- ասաց Ֆելգենգաուերը:

Ըստ նրա, բնականաբար հակառակորդի համար ցանկացած անկայունությունը Հայաստանի ներսում և արտաքին հարաբերություններում հնարավորություն է վերսկսելու ռազմական գործողությունները: «Սակայն, ինչպես ասացի, ցանկության դեպքում Ադրբեջանը կարող էր պատերազմ սկսել նաև անցյալում: ԼՂ հակակամարտության չկարգավորվածությունը եղել է գործիք և դրանից հրաժարումը նշանակում է կորցնել այդ գործիքի կիրառումը իշխանության պահպանության հարցում»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի ՀԱՊԿ-ը, եթե հայկական գյուղերի շարունակական գնդակոծության արդյունքում ՀՀ իշխանությունները դիմեն ՀԱՊԿ-ին, նա պատասխանեց. «Ինչպես միշտ ասել եմ, ՀԱՊԿ-ի իմաստը Հայաստանի համար հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերություններն են և Հայաստանը կարող է ակնկալել միայն Ռուսաստանի աջակցությունը, քանի որ մենք ականատեսն ենք եղել, թե որքան տարբեր են շահերը ՀԱՊԿ-ում: Վերջին անցանկալի զարգացումը կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ ևս չի նպաստել ՀԱՊԿ-ում առկա նշածս իրավիճակի մեղմմանը»:

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով