«ԻՄ ՔԱՅԼԸ» ԴԱՇԻՆՔԻՆ ՓՈՂ ԵՆ ՏՎԵԼ ԱՆՀԱՅՏ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐՆ ՈՒ ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԸ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Իմ քայլը» դաշինքը, որին մաս է կազմում նաեւ հեղափոխական-իշխանական կուսակցություն «Քաղաքացիական պայմանագիրը», կիրակի օրը «Մարիոթ» հյուրանոցում դրամահավաք-երեկո էր կազմակերպել։ Երեկույթին ելույթ ունեցավ դաշինքի քաղաքապետի թեկնածուն՝ դերասան-հումորիստ Հայկ Մարությանը՝ Կարգին Հայկոն։ Նրա ելույթը դեռ երկար կհիշեն քարոզարշավի ընթացքում, որը վատ հիշողություններ արթնացրեց ՀՀԿ-ի եւ ՀՀՇ-ի մասով։ Վանոյի ու Սերժի ժամանակների «բեսպրեդելի» մոտիվներով արված նրա հայտարարությունները երկու օր է՝ քննարկվում ու քննադատվում են Ֆեյսբուքում եւ Ֆեյսբուքից դուրս, թե ոնց է Հայկոն դաշտը բաժանում սեւերի եւ սպիտակների կամ ինչպես է իրեն թույլ տալիս ասել՝ «մեր թըմի դեմ խաղ չկա»։ Կարճ ասած՝ Հայկոն ապագա «սուպերքաղաքապետի» իր դերն այդ օրը լավ չխաղաց, պարզվեց՝ «սուպերմաման» նրա մոտ ավելի լավ է ստացվում։

Բայց երեկոյի գլխավոր նպատակը Հայկոյի դերասանական վատ խաղն ու հեղինակազրկող մտքերը չէին։ «ՔՊ»-ականներն ու դաշինքի մյուս անդամները հավաքվել էին, որ հանգանակություն անեին իրենց նախընտրական քարոզարշավի համար։ Իհարկե, տարօրինակ է, որ հին իշխանություններին սնած-պահած օլիգարխների երկիր Հայաստանում, այն էլ՝ Նիկոլ Փաշինյանին արդեն հավատարմության երդում տված ու նրա շեֆությունն անվերապահ ընդունած օլիգարխները դեռ չեն հոգացել իշխող կուսակցության քարոզարշավի ֆինանսավորման հարցը։ Բայց սա միայն դրական է խոսում իշխանությունների մասին։ Ի դեպ, նման դրամահավաքներ «ՔՊ»-ն նախկինում էլ է կազմակերպել։

Իսկ որքա՞ն փող է հավաքագրվել դրամահավաքի ընթացքում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «ՔՊ» խոսնակ Վահան Կոստանյանն ասաց, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական դրամահավաք-երեկոյի ընթացքում հանգանակվել է 22 միլիոն 198 հազար 652 դրամ։ «Ունենք նաեւ եւս 20 միլիոն դրամի նվիրատվության խոստում»,- ասաց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կոստանյանն ասաց նաեւ, որ հրավիրյալների թիվը եղել է մոտ 300, բայց թե նրանցից քանիսն է նվիրատվություն կատարել, դժվարացավ ասել՝ երեւի էլի մոտ այդքանը։ Նվազագույն նվիրատվության չափը եղել է 5 հազար դրամ, ամենաշատը՝ մի քանի միլիոն դրամ։ Իսկ հասարակական-քաղաքական շրջանակներից կամ գործարար թեւից հայտնի անձինք եղե՞լ են։

«Ճիշտն ասած՝ քանի որ միջոցառումը փակ է եղել, ես թույլտվություն չունեմ որեւէ մեկից իրենց անունները հրապարակել։ Եղել են մեր ավագանու անդամներն ու իրենց կողմից հրավիրված մարդիկ, իսկ մեր ավագանու թեկնածուներն իրենք, ըստ էության, արդեն բավականին հայտնի ու հանրային դեմքեր են»,- ասաց նա։

Իսկ գործարար շրջանակներից մարդիկ եղե՞լ են։ «Կարծում եմ՝ եղել են, բայց ես դեմքով չեմ ճանաչել։ Վահան Քերոբյանն է եղել՝ Menu.am-ի»,- միայն Քերոբյանի անունը հիշեց «ՔՊ» խոսնակը։ Այլ գործարարների անուններ դժվարացավ թվարկել, քանի որ նրանց հետ շփում չի ունեցել, դեմքով չի ճանաչում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածըի աղբյուրը  ՝ «Հրապարակ»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով