Թուրքիայի բնակչությունն արագորեն ծերանում է

Թուրքիայի բնակչության շրջանում տարեց մարդկանց թիվը հետզհետե աճում է։ Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 1990-ականներին տարեցները կազմում էին բնակչության 4 տոկոսը, իսկ ներկայումս այդ ցուցանիշը հասել է 9 տոկոսի։

Ըստ կանխատեսումների, եթե Թուրքիայի բնակչությունը նույն ռիթմով շարունակի ծերանալ, ապա ընդամենը 22 տարի հետո կդասվի «շատ ծեր բնակչություն» ունեցող երկրների շարքին։ Ծնելիության մակարդակն այս երկրում գնալով նվազում է, իսկ տարեց բնակչությունը (65+) ավելանում է։

Աղբյուրի տվյալների համաձայն՝ 2001թ․ Թուրքիայում ծնելիության ցուցանիշը կազմում էր 2․38, ապա 2017թ․ այն կազմում էր արդեն 2․07։ Մյուս կողմից, 2001թ․ յուրաքանչյուր 1000 անձին բաժին ընկնող ողջ ծնված երեխաների քանակն արտացոլող միջինացված ցուցանիշը կազմում էր 20․3, իսկ 2017թ․ այդ ցուցանիշը կազմել է 16․1։ Այս տվյալները ևս «շատ ծեր բնակչություն ունեցող» երկրներին բնութագրող չափանիշներից են։

Ծերացող Թուրքիայում նվազում է նաև «աշխատունակ տարիքի» բնակչության թիվը։ 2018թ․ դրությամբ աշխատունակ (15-64 տարեկան) բնակչությունը կազմում է երկրի ընդհանուր բնակչության 67 տոկոսը։ Սա թեև վատ ցուցանիշ չէ, բայց ըստ աղբյուրի գնահատման, ծնելիության ցածր մակարդակի պատճառով այս տարիքային խմբի ներկայացուցիչների թիվն էլ շատ արագ կնվազի։

Մասնագետների պնդմամբ՝ 2040թ․ Թուրքիայի հասուն (15-64) քաղաքացիների թիվը կհասնի առավելագույն ցուցանիշի, ինչից հետո կսկսի նվազել։ Դրանից հետո երկրի տարեց բնակչության թիվը կգերազանցի երեխաների թվին։

Աղբյուր`    tr.euronews.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով