Երկրի վարչապետը հայտարարություն անելուց առաջ պետք է 7 անգամ չափի, 1 անգամ ասի. Շարմազանով

168.am-ի զրուցակիցն է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուաւրդ Շարմազանովի հետ

 – Պարոն Շարմազանով, երեկ մեկնարկել է Երևանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, սակայն մինչ այդ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը խոսեց սևերի ու սպիտակների մասին՝ այդպիսով ջրբաժան դնելով ընտրությունների մասնակից մյուս ուժերի միջև, որոնք, սակայն, նույնպես հանդես են գալիս՝ որպես հեղափոխության պաշտպան: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:

– Նախ՝ որպես պատմաբան, մի փոքր պատմական էքսկուրս անեմ, որ հայ ժողովուրդը, Հայաստանը միշտ պարտվել է, երբ բաժանարար գծեր ենք դրել, մենք պարտվել ենք, երբ բաժանվել ենք Բագրատունիների և Արծրունիների, մենք պարտվել ենք, երբ Կիլիկիայում բաժանվել ենք ունիթորների և հակաունիթորների, մենք պարտվել ենք, երբ բաժանվել ենք կոմունիստների և ՀՀՇ-ականների, մենք պարտվելու ենք, եթե, աստված մի արասցե, գիծ դնենք սևերի և սպիտակների, հեղափոխականների և հակահեղափոխականների, նոր Հայաստանի և հին Հայաստանի: Հայաստանը մեկն է: Ի՞նչ հիմարություն է՝ հին ու նոր Հայաստան: Հայաստանը մեկն է՝ Հայկ նահապետից մինչև հավերժություն:

Այդ բաժանարար գծեր դնելը ամենամեծ խայտառակությունն է, հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելը ամենամեծ խայտառակությունն է: Եթե Հայկ Մարությանն է սպիտակը, այսինքն՝ բաժանարար գիծ դնողը, ապա ես պատրաստ եմ սև լինել: Այս էյֆորիան անցնելու է: Եթե իրենք մեր հայրենիքում թշնամիներ ու հակառակորդներ են տեսնում, ես իմ երկրում թշնամի ու հակառակորդ չեմ տեսնում: Եթե իրենք մեզ համարում են ազգի հակառակորդ, հակահեղափոխական, խնդիր չկա, եթե այդ անձն է սպիտակը, թող ես սևը լինեմ: Պատմությունը ցույց կտա՝ ով ով էր:

– Հանրապետականը ո՞ր ուժին է աջակցում:

– Հանրապետականը որևէ ուժի չի աջակցում, սա պաշտոնապես հայտարարում եմ: Եթե Հանրապետականն աջակցեր, Հանրապետականը կառաջադրվեր: Մենք որևէ մեկի հետո ո՛չ ռեստորանում, ո՛չ «քուչեքում», ո՛չ պառլամենտում, ո՛չ տներում չենք բանակցում, պարո՛ն վարչապետ: Զորացրվածների մասով՝ կոռեկտ խոսելը լավ բան է, պատմությունը ցույց կտա՝ ով է զորացրված, ով նույնիսկ զորացրման ենթակա չի, ով անելիք ունի, ով չունի: Հանրապետականը որևէ մեկին չի աջակցում, եթե աջակցեր, ինքը կառաջադրեր իր թեկնածուին:

Ինչո՞ւ չենք առաջադրել. սա էլ է շատ պարզ: Մենք ցանկացել ենք, որպեսզի Երևանի ավագանու ընտրությունները լինեն զուտ ծրագրային, ժողովուրդն ընտրի ծրագրերը: Եթե մենք առաջադրվեինք, գնալու էր ոչ թե ծրագրերի պայքար, այլ գնալու էր սև-սպիտակի պայքար, բոլորը հարձակվելու էին «քըխ» հանրապետականների վրա, ու ժողովուրդն էլի չէր ընտրելու որևէ ծրագիր: Մենք գտնում ենք, որ այս փուլում չառաջադրվելը ճիշտ էր, ազատ ենք թողել մեր կառույցները և ցանկանում ենք, որ մեր ընտրողը, մեր երևանցին ընտրի ոչ թե հեղափոխականների ու հակահեղափոխականների միջև, այլ ընտրի ծրագրերի միջև:

– Այսինքն՝ հերքո՞ւմ եք Փաշինյանի հայտարարությունը, որ որոշ ուժեր ԱԺ-ում, «քուչեքում» ու տարբեր ռեստորաններում բանակցում են ՀՀԿ-ի հետ՝ ստանալու համար նրա ընտրակեղծարար ռեսուրսի աջակցությունը:

– Նախ՝ կարծում եմ, որ երկրի վարչապետը հայտարարություն անելուց առաջ պետք է 7 անգամ չափի, 1 անգամ ասի, որովհետև իր խոսքի արժեքը շատ կարևոր է, և օդում խոսքեր չասի: Իսկ այն, ինչ ինքն ասում է, օդում ասված խոսքեր են, որովհետև, կրկնում եմ, Հանրապետականը որոշում չունի որևէ քաղաքական ուժի սատարելու վերաբերյալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով