«Երեւանցիները պետք է միասնական լինեն եւ չբաժանվեն ո՛չ սեւերի, ո՛չ էլ սպիտակների»

Ռեֆորմիստներ կուսակցությունն ու իր քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը լարված ու թեժ նախընտրական քարոզարշավն ընդմիջեցին տոնական համերգով «Դվին» հյուրանոցի շինհրապարակում: Պարզվում է` այն ուներ ենթատեքստ, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ, ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ հետ:

– Համերգային ծրագիրը զուտ մեր կողմնակիցների, երեւանցիների համար էր, բայց նաեւ այլ ենթատեքստ կար: Մեր քաղաքապետի թեկնածուն` Արտակ Ավետյանը, համեստ մարդ է, նա երբեք չի բարձրաձայնի իր կատարած աշխատանքների մասին, եւ սա լավ առիթ էր` հավաքվելու շինհրապարակում, որպեսզի մեր հասարակությունը տեսնի, որ մենք ոչ թե նախընտրում ենք ցեխ շպրտել այս կամ այն ուժի վրա, այլ գործ ենք ցույց տալիս: Մեր թեկնածուին շատ անգամ ասում են, թե չեն ճանաչում, նրա արած գործերից տեղյակ չեն, թե ինչու պետք է Երեւանի քաղաքապետ լինի եւ այլն, մինչդեռ նա համակարգել է «Դվին» հյուրանոցի վերակառուցման աշխատանքը, եւ կարճ ժամանակում մեծ նախագիծ է իրականացվել, որի արդյունքներն ինքներդ էլ տեսնում եք: Կարծում եմ` Երեւանի քաղաքապետը հենց այդպիսին պետք է լինի: Դրա համար մենք էլ եկել ենք, որ սատարենք մեր թեկնածուին եւ կարծում եմ, որ Արտակ Ավետյանը հենց այն մարդն է, որը կարող է օգուտ տալ մեր քաղաքին թե՛ որպես քաղաքապետ, թե՛ որպես ավագանի:

– Պարոն Բաբայան, որոշ սոցհարցումների համաձայն` Ձեր քաղաքական ուժը ավագանու ընտրություններին կլինի երկրորդ տեղում: Ի՞նչ կասեք այս մասին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Շատ սոցհարցումներ են կատարվել, բայց Հայաստանի ներքաղաքական վիճակը ժամերի դրությամբ փոխվում է, եւ այս պահին չէի ուզենա կանխատեսումներ անել: Բարձր եմ գնահատում մեր շանսերը, բայց ամեն ինչ կորոշվի սեպտեմբերի 23-ին` մեր քաղաքացիների ընտրությամբ:

– Ամփոփելով քարոզարշավը՝ հետաքրքիր է՝ հավասա՞ր եք համարում մրցակցությունը:

– Ամեն դեպքում ընտրարշավը գնահատում եմ նորմալ: Ինչ վերաբերում է նրան, թե հավասար էր կամ հավասար չէր, ասեմ, որ աշխարհում հավասար ոչինչ չկա եւ չի էլ կարող լինել: Խոսքն ընդամենը հնարավորությունների մասին է, մեկը շատ ֆինանս ունի, մյուսը՝ քիչ, այդուհանդերձ մենք նույն ձեւ ունեինք հնարավորություն ներկայանալու եւ ներկայացնելու մեր ծրագրերը: Մնացածը քաղաքացին է որոշելու եւ աննհավասարության խնդիր չկա:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

– Նկատի ունեմ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակտիվորեն մասնակցեց քարոզարշավին՝ սատարելով «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին: Սա որեւէ կերպ չխանգարե՞ց հավասար մրցապայքարին:

– Յուրաքանչյուր վարչապետ որի կուսակցության թեկնածուն մասնակցի ընտրություններին, բնական է, որ ինքն էլ պետք է սատարի նրան: Այնպես որ, խանգարելու հարց չկա, իրենց ընտրողն իրենց է ընտրելու, մեզ ընտրողը` մեզ:

– Քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետի թեթեւ ձեռքով քաղաքական ուժերը բաժանվեցին սեւերի եւ սպիտակների, Դուք որտե՞ղ եք տեսնում Ձեր կուսակցությանը:

– Մենք չենք համարում մեզ ո՛չ սեւ, ո՛չ սպիտակ, մենք համարում ենք, որ երեւանցիները պետք է միասնական լինեն եւ չբաժանվեն ո՛չ սեւերի, ո՛չ էլ սպիտակների:

–  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ իր քաղաքապետ ընտրվելու դեպքում հրավիրելու է ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ միասին կառավարել Երեւանը: Ի՞նչ կասեք այս մասին:

–  Դրական եմ համարում այդ հայտարարությունը, բնական է, որ Երեւանը պետք է բոլորով կառավարեն, որովհետեւ մենաշնորհների դարն անցել է: Պետք է լինի առողջ ուժերով համաձայնության կառավարում եւ ոչ միայն Երեւանում:

 

Iravunk.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով