Ելփինի երեխաները դեռ չեն կարողանում դպրոց գնալ՝ գյուղ ներթափանցած աղանդավորական խմբի պատճառով

Սեպտեմբերի 1-ը նշեցին Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների դպրոցներում՝ բացի Ելփին գյուղի դպրոցից: Արդեն սեպտեմբերի 4-ն է, սակայն Ելփին գյուղի երեխաները դեռ չեն կարողանում գնալ դպրոց և օգտվել իրենց՝ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքից: Պատճառն այն է, որ անցած տարվանից գյուղ է ներթափանցել ինչ-որ աղանդավորների խումբ: Իրենց անվանելով ճշմարիտ հավատացյալներ՝ իրենց համակիր հանդիսացող դպրոցի ուսուցչուհիներից մեկի միջոցով ներգրավվել են դպրոցի ուսուցչական կազմից այլ ուսուցիչների և ամբողջ գյուղը խառնել են իրար: Գյուղում աղանդավորական քարոզչություն իրականացնելու դեմ ընդվզել են գյուղի բնակիչները՝ փորձելով հասկանալ, թե որ կազմակերպությունից են, որն է նրանց դավանանքը, նրանց ուզածը, և ինչու են քարոզում հենց իրենց գյուղում:

Պարզվել է, որ ամեն բան սկսվել է գյուղի երեխաներին ճամբար (ամառային ճամբարների հարցը մի առանձին երկար խոսված ցավոտ թեմա է, որտեղ չկա վերահսկողություն) ներգրավվելուց, որը կազմակերպել էր Վայոց Ձորում ոմն Մոսո: Սակայն ազգային արժեքների և դավանանքի անհանգստությունը տեղափոխվեց մտահոգության առավել լուրջ դաշտ․ պարզվեց, որ աղանդավորները բուկլետներ են բաժանել դպրոցում, սկսել են քարոզել դասերի ժամանակ: Ծնողները փորձել են հարցը բարձրացնել տնօրենի մոտ, սակայն հարցը պարզաբանելու նպատակով հրավիրված թվով 4 ուսուցիչներն ագրեսիվ ձևով հարձակվել են ծնողների վրա՝ նրանց անվանելով տգետ և սպառնալով դատի տալ իրենց սահմանադրական իրավունքը իբր ոտնահարելու համար, այնինչ ծնողների անհանգստության առիթ է դարձել այն, որ երեխաները սկսել են տարբեր առիթներով խոսել «փրկության», «հոգիներ»-ի մասին, խոստովանել են, որ դասերի ժամանակ տվյալ ուսուցիչներն Աստվածաշունչ են ընթերցել, իսկ երեխաների խոսքերով՝ նրանցից մեկն անգամ տեսիլքներ է սկսել տեսնել, և ուսուցչի արձագանքը եղել է ոչ թե մտահոգությունը, այլ այն, որ եթե կուզես նորից տեսիլքներ տեսնել, քեզ կօգնենք:

Թվով 73 ծնող այն դեպքում, երբ դպրոցի սաների թիվը կազմում է մոտ 150 երեխա, գրավոր նամակով դիմել են տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ Կրթության և գիտության նախարարություն, վարչապետին, տարբեր լրատվամիջոցների, սակայն ոչ մի տեղից արձագանք դեռ չեն ստացել: Դասադուլ իրականացնողների թվում է նաև աղանդավորության մեջ խոստովանված ուսուցչուհու տղան: Ինչպես միշտ է տեղի ունենում, երբ աղանդները ներթափանցում են որևէ համայնք, սկսվում են բաժանումներ, որի հրահրողը հենց իրենք են՝ իրենց ագրեսիվ պահվածքով և տարբեր մեղադրանքներով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակամայից հիշողությանս մեջ գալիս է Հայ եկեղեցու պատմություն առարկայի շուրջ վերջերս բարձրացված անտեղի աղմուկը… Փաստորեն, մեր երկրում կրկին հանգում ենք նրան, որ դպրոցն անջատ է եկեղեցուց, բայց անջատ չէ աղանդից:

Բոլոր իրադարձությունները վերծանված են ծնող Գևորգ Թովմասյանի խոսքերից, իսկ գրավոր դիմումի տակ ստորագրել է թվով 73 ծնող:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/almastalla

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով