Անտվերպենի քաղաքապետարանի ընտրություններին առաջին անգամ հայ թեկնածու է մասնակցում

Հոկտեմբերի 14-ին Բելգիայի մեծությամբ 2-րդ` Անտվերպեն քաղաքում տեղի է ունենալու քաղաքապետարանի պատգամավորների ընտրությունը, որին մասնակցելու է 13 կուսակցություն: Իշխող՝ «Նոր ֆլամանական դաշինք» (NVA) կուսակցության ցուցակում ներկայացված է նաև մեր հայրենակից,  Բելգիայի հայկական կազմակերպությունների ընդհանուր համակարգող, ՀԲԸՄ Եվրոպայի կառույցի ներկայացուցիչ, «ՆՈՒԱՐԴ»  մշակութային  միության երիտասարդական կառույցի ղեկավար  Շահնուր Մինասյանը:

«Հայերն այսօր»-ի հետ զրույցում Շահնուր Մինասյանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է ընտրություններին մասնակցել երկրում քաղաքական ծանր կշիռ ունեցող ուժի կողմից: Առաջարկը ստացել է քաղաքապետից, որը չի մերժել, քանի որ գիտակցել է՝ այդ միջոցով կարող է բարձր ատյաններում լսելի դարձնել նաև հայկական խնդիրները:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հայ համայնքի աջակցությամբ հաջողության հասնելու դեպքում կկարողանամ արծարծել համայնքային հիմնախնդիրները, զբաղվել հայ և ազգային այլ փոքրամասնությունների՝ Անտվերպենի կյանքում ներգրավման գործընթացով, լեզվի և մշակույթի պահպանմամբ, ինչպես նաև ակտիվ աշխատանք տանել հայ-բելգիական հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ»,-խոսելով նախընտրական ծրագրի մասին՝ ընդգծեց Շահնուր Մինասյանը և հավելեց, որ այդքան էլ մտահոգված չէ թուրք-ադրբեջանական ուժերի՝ իրեն ընդդեմ գործելուց և հակաքարոզչություն կազմակերպելուց: Ընտրությունները համամասնական են, հետևաբար, հակաքարոզչությունն ուղղված է լինելու նաև իրենց կուսակցության դեմ: Այդ պարագայում էլ նրանք չեն կարող հաջողության հասնել, որովհետև ազգային թեմաներն այստեղ չեն քննարկվում:

 

Հավելենք նաև, որ Շահնուր Մինասյանը Անտվերպենի քաղաքապետարանի ընտրություններին մասնակցող առաջին հայազգի թեկնածուն է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

hayernaysor.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով