«ԱԺ-ն ցրելը և ԱԺ նոր ընտրություններ անցկացնելը կառաջացնեն շատ լուրջ ճգնաժամ, որի նախադրյալները մենք արդեն տեսանք». Աղասի Ենոքյան

 

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«ԱԺ-ն ցրելը և ԱԺ նոր ընտրություններ անցկացնելը կառաջացնեն շատ լուրջ ճգնաժամ, որի նախադրյալները մենք արդեն տեսանք». Աղասի Ենոքյան

168.am-ի զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը

– Երևանում տեղի ունեցած ավագանու ընտրություններից հետո, երբ պարզ դարձավ, որ իշխանական «Իմ քայլը» դաշինքն ունի ընտրությանը մասնակցած քաղաքացիների գրեթե 82 %-ի աջակցությունը, հետագա ներքաղաքական զարգացումների վերաբերյալ տարբեր կարծիքներ սկսեցին շրջանառվել: Մի խումբ կարծիքների համաձայն՝ այս ընտրություններին նման արդյունքը մանդատ էր քաղաքացիների կողմից հեղափոխական ուժին՝ լուծարել ԱԺ-ն և կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Մյուս պնդման համաձայն՝ ընտրությունները նման արդյունքներով բացահայտեցին քաղաքական համակարգի անառողջ բնույթը, կանխատեսելով քաղաքական, սահմանադրական ճգնաժամ ԱԺ արտահերթ ընտրությունների կազմակերպման ընթացքում, եթե այն տեղի ունենա ԱԺ լուծարման ճանապարհով: Դուք ի՞նչ կարծիք ունեք ստեղծված իրավիճակի մասին, և ի՞նչ արտացոլեցին այս ընտրությունները:

– Այս ընտրություններն արտացոլեցին, որ «Իմ քայլը» դաշինքը կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երևանում ունի շատ մեծ թվով ընտրողներ, և նրանք իրենց ձայնը տվեցին ավագանիում այդ կուսակցության ներկայացուցիչներն ունենալու օգտին: Չեմ կարող պնդել, որ սա մանդատ, իրավունք է տալիս ցրել Ազգային ժողովը, որովհետև այն բոլորովին այլ մարմին է: Ես բացարձակ չեմ հասկանում, թե ինչու է անհրաժեշտ ցրել Ազգային ժողովը: Սա շատ կարևոր հարց է, որը մինչ այժմ չի քննարկվում, բոլորին թվում է (որովհետև այդպես է ներկայացվում), թե ԱԺ-ն ցրելը կարևորագույն հարց է իշխանությունն ամբողջացնելու կամ իշխանափոխության երկրորդ փուլն իրականացնելու համար, մինչդեռ կան շատ ավելի կարևոր հարցեր, որոնք կարելի էր անել այս ընթացքում՝ առանց ԱԺ-ն ցրելու: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է տնտեսական բարեփոխումներին: Ընդունված է կարծել, որ այս ԱԺ-ն խոչընդոտելու է տնտեսական բարեփոխումներին, ինչն ընդհանրապես անհեթեթ եմ համարում, որովհետև նախ՝ դեռ փորձ չի արվել տնտեսական որևէ օրենք մտցնել ԱԺ, որն այս ԱԺ-ն կբոյկոտի: Երկրորդ՝ եթե այս ԱԺ-ն բաղկացած է օլիգարխներից, որոնք տնտեսության մեջ են գործում, ապա նրանք ուրախ կլինեն, եթե ընդունվեն ավելի հարմար օրենքներ իրենց գործունեության համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Շատ է խոսվում նաև այն մասին, որ այս ԱԺ-ն կխոչընդոտի կոռուպցիայի դեմ պայքարին, որովհետև մենք տեսնում ենք, որ կոռուպցիայի դեմ համակարգային պայքար չկա, բայց տեսնում ենք, որ կան բազմաթիվ ձերբակալված` հետո բաց թողնված և տարբեր պատմություններով անցած օլիգարխներ:

Կրկին ենթադրվում է, որ նախկին իշխանությունների հետ կապված պատգամավորները կխոչընդոտեն օրենսդրական փոփոխություններին, որոնք միտված են կոռուպցիայի վերացմանը:

Բայց եկեք հասկանանք, որ կոռուպցիան իշխանության հետ կապի մասին է, իշխանությունը հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է, կրկին անհասկանալի է, թե ինչու նրանք պետք է խոչընդոտեն Նիկոլ Փաշինյանի իշխանության կոռուպցիայի վերացմանը, ինչու պետք է նրանք աջակցեն այս իշխանության կոռուպցիային` խոչընդոտելով վերացմանը: Այսինքն` այս ուղղությամբ ևս ես խնդիրներ չեմ տեսնում:

Մյուս կողմից, իհարկե, հասկանալի է նաև, որ ներկայիս ԱԺ-ն չի արտահայտում երկրում եղած քաղաքական ուժերի դասավորությունը, բայց ԱԺ-ն ցրելը կհանգեցնի շատ լուրջ ներքաղաքական ճգնաժամի: Ես կարծում եմ, որ ցրելը, հետո նոր ընտրությունները կառաջացնեն շատ լուրջ ճգնաժամ, որի նախադրյալները մենք արդեն տեսանք այս ընտրությունների ժամանակ: Տեսանք, թե քաղաքական ուժերի միջև ինչպիսի թշնամանք գնաց` քաղաքը բաժանվեց «սևի և սպիտակի», ըստ էության, հանրապետությունը բաժանվեց «սևի և սպիտակի»: Ես վախենամ, որ ԱԺ արտահերթ ընտրությունների շուրջ ճգնաժամային երևույթները երկրում է՛լ ավելի խորանան: Ուստի չեմ հասկանում, թե ինչու է անհրաժեշտ ցրել ԱԺ-ն` դրանով իսկ հետաձգելով կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական բարեփոխումները: Այս բոլորը, ինձ թվում է՝ արդեն արհեստականորեն են կապվում, տրամաբանական կապ չեմ տեսնում:

– Հայտարարություններից պարզ է դառնում, որ վարչապետը չի ցանկանում հրաժարական տալ՝ մտավախություն ունենալով, որ ԱԺ-ն իր հրաժարականից հետո նոր վարչապետ կընտրի՝ դրանով իսկ տապալելով արտահերթ ընտրություններ անցկացնելու իշխանությունների ծրագրերը: Այսինքն` սա սահմանադրական եղանակն է, իսկ լուծարման համար անհրաժեշտ է սահմանադրական փոփոխությունների դիմել, քանի որ դա հակասահմանադրական է: Ինչպե՞ս պետք է խուսափել ճգնաժամից այս հարցում:

– Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, պետք է գնալ սահմանադրական ճանապարհով, այսինքն` բնական է, եթե հինգ ամիս առաջ այլ էր իրավիճակը` Փաշինյանը կարող էր գնալ հեղափոխական ճանապարհով, ապա հիմա, եթե մենք վերադարձել ենք սահմանադրականության դաշտ, պետք է գնալ այդ ճանապարհով: Սահմանադրական ճանապարհով վարչապետի հրաժարականից հետո, ինչպես նշեցիք, ԱԺ-ն, ամենայն հավանականությամբ, չի ինքնալուծարվի, ուրեմն՝ պարզապես հիմա պետք չէ այդ հարցին ձեռք տալ: Ճգնաժամը չխորացնելու համար պետք է հետաձգել:

– Իսկ որքա՞ն է հնարավոր հետաձգել այս հարցը: Մեկ այլ կարծիք էլ կա, որ Փաշինյանը պետք է շտապի, քանի որ հանրային աջակցության մակարդակը կարող է անկում ապրել, քանի որ Կառավարության համար հեշտ չի լինելու կարճ ժամանակահատվածում արդյունք ցույց տալ` դրանով իսկ որոշակիորեն բավարարելով հասարակական սպասումները:

– Այո, նման կարծիքներ ևս շատ են հնչում: Նախ՝ տնտեսական բարեփոխումների համար, թեկուզ՝ ներկայիս վիճակում, բավարար է Կառավարության որոշումների մակարդակը, այսինքն` ամենևին պետք չեն օրենսդրական փոփոխություններ դրա համար, և երկրորդ, ինչպես նշեցի, տնտեսական բարեփոխումների համար ԱԺ-ն բացարձակ խոչընդոտ չէ: Թող մեկ փորձ արվի Կառավարության կողմից և տնտեսական բարեփոխումների որևէ փաթեթ ներկայացվի, ու տեսնենք՝ արդյոք ներկայիս ԱԺ-ն կխոչտընդոտի՞ դրան, թե՞ ոչ:

Սխալ կանխատեսումների վրա հիմնված դատողություններ են, թե ԱԺ-ն խոչընդոտելու է: ԱԺ գոյությունը չի խոչընդոտելու, դա մի մարմին է, որ այսօր չի արտահայտում բնակչության իրական քաղաքական նախասիրությունը, բայց դրան ձեռք տալը բերելու է ծանր իրավիճակի:

Նույնը վերաբերում էր Քոչարյանի ձերբակալության որոշմանը: Քոչարյանը ոչ ոքի չէր խանգարում, նրան կարելի էր ձերբակալել շատ ավելի ուշ՝ շատ ավելի լավ ապացույցներ հավաքելուց հետո: Շտապողականությունը հանգեցրեց ճգնաժամի այս հարցի շուրջ:

– Այս հարցին անդրադառնալու ճիշտ ժամանակը ե՞րբ կլինի:

– Ինձ թվում է, որ օր առաջ և ժամ առաջ պետք է սկսել բարեփոխումները, հետո կերևա` ինչպես լուծել այս հարցը: Կարծում եմ` բացի վերոնշյալից, Փաշինյանն այլ խնդիր ևս ունի. նա պետք է կարողանա իր հետևից 130 մարդու ներկայացնել հասարակությանը, որոնց հասարակությունը չի ճանաչում: Կոպիտ ասած, նա 130 արարատմիրզոյաններ պետք է ներկայացնի հասարակությանը և ստիպի նրանց քվեարկել:

Փաշինյանի թիմին ոչ ոք չգիտի, ներկայիս նախարարներին ոչ ոք չի ճանաչում, իսկ ինչպես է նա կարողանալու այդքան մարդ բերել ու բոլորին անցկացնել:

Կրկին պետք է Փաշինյանի համար քվեարկե՞ն, սա լինում է վարչապետի ընտրություն, և ոչ՝ ԱԺ ընտրություն:

Այսինքն` շատ բարդ խնդիրներ կան, որոնց ձեռք տալը ներկայումս՝ նման արտաքին քաղաքական ճգնաժամային իրավիճակում, որը, կարծում եմ, լավ չեն պատկերացնում Հայաստանում, թե ինչ ճգնաժամի մեջ ենք, սխալ է: Այս ճգնաժամային իրավիճակում սկսել ԱԺ-ի հետ կապված ճգնաժամ գեներացնել, կարծում եմ՝ ամենևին դրա ժամանակը չէ:

– Արտաքին քաղաքական ճգնաժամ ասելով՝ նկատի ունեք հայ-ռուսակա՞ն, թե՞ ԼՂ ճակատում առկա խնդիրները:

– Երկու ճակատն էլ նկատի ունեմ: Եթե չասեմ՝ մենք լուրջ ետընթաց ենք արձանագրում բանակցություններում, ապա ժամանակը մեր դեմ է աշխատում, ու եթե Դուք տեսաք Թրամփի շնորհավորանքը, ապա այնտեղ լուրջ ակնարկ կար, որ մի քանի ամսից լուրջ գործեր են սպասվում Ղարաբաղի ճակատում:

– Այսինքն` դա ամերիկյա՞ն նախաձեռնություն է լինելու:

– Դա լինելու է եռանախագահողների նախաձեռնություն: Կարծես թե գծագրվում է, որ եռանախագահողները եկել են կոնսենսուսի և պետք է երկու երկրներին համոզեն, ստիպեն, հորդորեն, որպեսզի ընդունեն նրանց առաջարկները:

– Բայց ՀՀ վարչապետն ակնարկել է, որ զիջումների չի գնալու, առանց որոնց՝ համանախագահները որևէ փաթեթ չեն կարող առաջարկել կողմերին: Բնականաբար, այս փուլում որևէ տիպի զիջման հայկական կողմը չի համաձայնի՝ հաշվի առնելով՝ ինչպես ադրբեջանական կոշտ դիրքորոշումը, այնպես էլ՝ հանրային աջակցության մակարդակն այս փուլում չկորցնելու ՀՀ կառավարության ցանկությունը:

– Իհարկե, ՀՀ որևէ ղեկավար, որը կհամաձայնի տարածքային զիջումների, անմիջապես կլքի իր պաշտոնը ժողովրդի պահանջով: Ինչպե՞ս է դիմակայելու այդ ճնշումներին Կառավարությունը, խոսքը դրա մասին է: Ինչպես է նա դիմակայելու և՛ ներքին, և՛ արտաքին ճնշումներին, ես դա լավ չեմ պատկերացնում: Իսկ Հայաստանը կարծես այդքան էլ ակտիվ չէ իր արտաքին քաղաքական հարցերում, իսկ որտեղ էլ որ ակտիվ է՝ գնում է աննախադեպ զիջումների:

– Նկատի ունեք հայ-ռուսական միացյալ նախագի՞ծը Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու շուրջ:

– Այո, դա պարզապես անդառնալի փոփոխություններ կարող է առաջացնել ՀՀ արտաքին քաղաքականության մեջ: Սա մեծ ռիսկեր պարունակող նախաձեռնություն է՝ սկսած նրանից, որ մեր ուժերը հայտնվում են Սիրիայում հայկական դրոշի տակ: Դրանով մի կողմից՝ կոնցենտրացնելով հակամարտության կողմերի ուշադրությունը Հայաստանի և տեղի հայկական համայնքի վրա, իսկ Հայաստանը ներկայումս չափազանց խոցելի է ահաբեկչական կազմավորումների համար:

Տարիուկես առաջ ահաբեկչական մի կազմակերպություն` «Սասնա ծռերը», հարձակվեց Երևանի վրա և գրավեց տարածք, մենք տեսնում ենք, որ մեր Ազգային անվտանգության ղեկավարի հեռախոսներն են գաղտնալսում, այս պայմաններում ՀՀ-ն չի կարող նման խոշոր սպառնալիքների դիմագրավել: Մյուս կողմից՝ սա հանգեցնելու է Հայաստանի հետագա մեկուսացման: Հայտնի է դարձել, որ Փաշինյանի և նրա թիմի հանդիպումները Նյու Յորքում մերժվել են, անգամ մերժվել է Մնացականյան-Պոմպեո հանդիպում անցկացնելու առաջարկն այս նախագծի պատճառով: Չգիտեմ` ինչպե՞ս եք պատկերացնում, որ հայկական այդ զորքերը` օժանդակող ուժերը, աջակցեն Թուրքիային, այդպես է ստացվում: Սրանք խնդիրների մի մասն են միայն, այստեղ բազմաթիվ մարտահրավերներ կան, և կարծում եմ, որ բոլոր ռիսկերը հաշվի չեն առնվել:

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով