Ադրբեջանում տեղի ունեցած զորավարժություններից հետո զորքն ամբողջական դուրս չի բերվել առաջնագծից. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանում օրեր առաջ տեղի ունեցած լայնածավալ օպերատիվ-տակտիկական զորավարժությունները թեեւ ավարտվել են, սակայն դրանից հետո զորքն ամբողջական դուրս չի բերվել առաջնագծից: Փոխարենը Ադրբեջանը սպառնալիքներ է հնչեցնում Արցախում ռազմական ավիացիայի ուսումնամարզական վարժանքների հետ կապված:

 

Զորավարժությունների ընթացքում Ադրբեջանը լարված էր պահում արցախա-ադրջեբանական սահմանը. ավարտի օրը՝ սեպտեմբերի 22-ին, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը:

 

Սահմանային իրավիճակի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

 

— Պարոն Աբրահամյան, անցած շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին լարվածություն էր նկատվում: Սա ինչո՞վ է պայմանավորված եւ այժմ իրավիճակը սահմանին ինչպե՞ս է գնահատվում:

 

— Ընդհանուր առմամբ՝ կարծում եմ, իրավիճակը շարունակում է մնալ նույնը: Պետք է արձանագրել, որ սեպտեմբերի 18-ից 22-ը Ադրբեջանում տեղի ունեցած զորավարժություններից հետո զորքն ամբողջական դուրս չի բերվել առաջնագծից: Այսինքն՝ սահմանին մի քանի ուղղություններով որոշակի տեղաշարժեր, այնուամենայնիվ, կան: Ադրբեջանը անընդհատ փորձելու է սահմանային տարբեր ուղղություններով սադրանքի դիմել: Դա կարտահայտվի դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցմամբ, դիպուկահարների ակտիվացմամբ, թե՝ մեկ այլ ձեւով փաստ է, որ դրանք անընդհատ տարբեր ժամանակահատվածներում տարբեր ուժգնությամբ դրսեւորվելու են:

 

— Այդ զորավարժություններին մասնակցել են մոտ 20 000 զինծառայող, 200 միավոր տանկ եւ այլ տեսակի զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի 120 հրթիռա-հրետանային համակարգեր: Այսինքն՝ այդ տեխնիկայի մի մասը հետ չի՞ քաշվել սահմանից:

 

— Այո, զորավարժությունների օրերին առաջնագծից որոշակի հեռավորության վրա գտնվող տեխնիկայի մի մասը դեռեւս դուրս չի բերվել առաջնագծից:

 

— Երեկվանից Արցախում մեկնարկել են ռազմական ավիացիայի ուսումնամարզական վարժանքները, այս կապակցությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դժգոհություն է արտահայտել՝ նշելով, թե Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը դիմում է հերթական սադրիչ գործողություններին, որոնք միտված են շփման գծում իրավիճակի սրմանը: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

 

— Արցախի պաշտպանության բանակը իրականացրել եւ իրականացնելու է այնպիսի գործողություններ, որոնք բարձրացնում են մեր զորքերի ընդհանուր մարտունակությունը: Թե Ադրբեջանը դրան ինչպես է նայում, ինչպես է մեկնաբանում, դա մեզ այդքան էլ հետաքրքիր չէ: Կարեւորը՝ մեր զորքերի մարտական պատրաստվածության մշտական բարձրացումն է, ու մենք այդ ուղղությամբ մեր բոլոր միջոցառումները իրականացնելու ենք:

 

— Պարոն Աբրահամյան, ռազմական ավիացիայի ուսումնամարզական վարժանքներից մանրամասներ կարո՞ղ եք ներկայացնել, ի՞նչ ուսումնական թռիչքներ են:

 

— Թույլ տվեք չմանրամասնել:

— Ադրբեջանի ՊՆ-ն զգուշացրել է, որ հակառակորդի ցանկացած օդային օբյեկտ, որը փորձ կանի մոտենալ ադրբեջանական բանակի առաջնագծի դիրքերին, անմիջապես կոչնչացվի եւ զգուշացնում է, որ հնարավոր կորուստների համար ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ռազմա-քաղաքական իշխանության վրա: Այս մասով մտավախություն արցախյան կողմը չունի՞:

 

— Հասկանալի է, որ Ադրբեջանի համար ցանկացած զարգացում դա սադրանքի գնալու առիթ է եւ մշտապես առիթներ է փնտրում՝ առաջնագծում սադրանքներ հրահրելու համար: Այս պարագայում Ադրբեջանը չպետք է փորձի վախեցնել կամ սպառնալից տոնով խոսել մեզ հետ, մենք մեր պլանավորած միջոցառումները իրականացնելու ենք ու ցանկացած դեպքում անհամաչափ հարված ենք հասցնելու ադրբեջանական ցանկացած սադրանքին: Ադրբեջանը անհարկի հայտարարություններ անելուց առաջ ավելի լավ կլինի զերծ մնա առաջնագծի տարբեր ուղղություններով սադրանքների գնալուց: Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձելու է անընդհատ իր սադրանքները թաքցնել եւ դրա ճանապարհին փորձելու է բոլոր խնդիրները բարդել հայկական կողմի վրա:

zham.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով