«Սա վերջին նախազգուշացումն է նոր իշխանություններին. այլ նախազգուշացումներ չեն լինելու, լինելու են կոնկրետ գործողություններ». Վիգեն Հակոբյան

168.am-ի զրուցակիցն է՝  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը

– Պարոն Հակոբյան, որպես PR մասնագետ, ըստ ձեզ՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը նրա վարկանիշի վրա ինչպե՞ս կարող է ազդել։ Ասում են՝ PR-ի տեսանկյունից ավելի լավ է՝ մարդու մասին բացասական խոսեն, քան ընդհանրապես չխոսեն, Քոչարյանի դեպքում է՞լ է դա գործում։

– Հասարակական կարծիքը բավականին երկար է նախապատրաստվել։ Ռոբերտ Քոչարյանին սկզբից որպես վկա էին կանչել՝ հենց Մարտի 1-ի գործով, հետո հոդվածը ընդլայնվեց՝ դառնալով սահմանադրական կարգի տապալում։ Այսինքն` այնպես չէ, որ չէին նախապատրաստել այդ հնարավոր գործողությունները։ Հիմա էլ գրեթե ամեն օր որոշակի դոզայով, հիմնականում՝ համացանցի, և երբեմն՝ նաև հեռուստատեսության միջոցով, տաք է պահվում թեման, ցույց են տրվում Մարտի 1-ի իրադարձությունները։ Այնպես չէ, որ ձերբակալել և մոռացության են մատնել, Մարտի 1-ի թեման անընդհատ տաք է պահվում։ Անպայման չէ, որ անընդհատ շեշտվի Ռոբերտ Քոչարյանի անունը, որովհետև Մարտի 1-ի գործը հենց Քոչարյանի անվան հետ է կապվում։ Բավականին ակտիվ քարոզչական տեխնոլոգիաներ են օգտագործվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Համացանցում էլ բավականին ակտիվ խմբեր են գործում, որոնք բաղկացած են և՛ իրական օգտատերերից, և՛ ֆեյքային խմբերից, որոնք թեման տաք են պահում։ Իսկ եթե հակառակորդ ճամբարից ինչ-որ կարծիք է հնչում, փորձ է արվում այդ ակտիվությունը լռեցնել, տրենդային դարձնել իրենց կարծիքը։

– Իսկ բացասական իմիջից դրականի անցումը Ռոբերտ Քոչարյանի պարագայում հնարավո՞ր է, այսինքն՝ բացասական ընկալումից աստիճանաբար փոխարինվի անտարբերությամբ, հետո նրան սկսեն դրական լույսի ներքո ներկայացնել։

– Այս տարիների ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հասարակության մեծ մասի մոտ բացասական իմիջ ուներ, ընդ որում՝ Մարտի 1-ն այդ կերպարի ձևավորման միայն վերջին կետն էր, որովհետև նախորդ 10 տարիների ընթացքում էլ իրեն նախորդող իշխանությունների քարոզչական աշխատանքի, նաև օբյեկտիվ գործոնների շնորհիվ, Քոչարյանն ունի հիմնականում բացասական իմիջ։ Թեպետ ֆեյսբուքյան տարածքում թվում է, թե ակտիվ օգտատերեր կան՝ և՛ մի կողմից, և՛ մյուս, բայց հասարակության մեջ այդ բացասական ընկալումը պահպանվում է։ Այն, ինչ դուք ասում եք, կարող է լինել միայն այն դեպքում, երբ այսօրվա իշխանությունները, որոնք Մարտի 1-ի գործի բացահայտման ջատագովն են, իրենք են սկսել այս գործի վերանայումը, և որոշ շրջանակների կողմից համարվում է, որ իրենց քաղաքական պատվերի շրջանակներում է այս ամենը, ռեյտինգային զգալի կորուստներ ունենան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Աշխարհաքաղաքական բավականին լուրջ կենտրոններ են հիմա մտել գործի մեջ, կարևոր պաշտոնյաներ են խառնվում այս ամենին, և դժվար է ասել՝ ինչի կհանգեցնի այս գործը: Բայց կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի կերպարի անցումը բացասականից նեյտրալ, որը երկար ժամանակ է պահանջում, կախված է նրանից, թե այսօրվա իշխանությունները որքան ժամանակ կպահպանեն իրենց անհամեմատ բարձր ռեյտինգը, որը դեռ կա, և որը պահպանվում է նաև նման գործերի շնորհիվ։

Առայժմ լուրջ սոցիալ-տնտեսական ոլորտի արդյունքներ չկան, որպեսզի դրանք որպես հաղթաթուղթ ներկայացվեն, առայժմ որպես հաղթաթուղթ՝ ներկայացվում են հակակոռուպցիոն գործողությունները, ապօրինի հարստացման դեմ պայքարը։ Եթե ինչ-որ մի փուլում հասարակությունը սկսի այլ պահանջներ դնել, և իշխանությունները չկարողանան բավարարել այդ պահանջները, ապա այդ պարագայում բոլոր այն գործիչները, որոնք ասոցիացվելու են՝ որպես այս իշխանության դեմ գործողներ, կարող են սկսել դիտարկվել՝ որպես դրական կերպար։ Դրա համար ժամանակ է պետք։ Ես համաձայն չեմ լինի, երբ ասում են, թե ՀՀԿ-ն կամ մյուսները հենարան չունեն, որովհետև բոլորն էլ ժամանակին իրենց համար առնվազն սոցիալական հենարաններ են ստեղծել. մի խավ կա, որն իրեն վատ չի զգացել նրանց օրոք։ Այսինքն՝ նրանք ունեն իրենց  հենարանը, այն մեծ չէ, բայց կա։

– Ինչպիսի՞ զարգացումներ են սպասվում Ռ. Քոչարյանի դեմ հարուցված գործում՝ հաշվի առնելով դրսից հնչող հայտարարությունները, և մասնավորապես՝ Լավրովի այն հայտարարությունը, որ պայմանավորվածություններ են խախտվել։

– Ովքեր Լավրովին գիտեն ու այսքան տարիներ հետևել են, գիտեն, որ նա հմուտ դիվանագետ է, բավականին զուսպ է իր գնահատականներում, և նրա նման հայտարարությունն արդեն բավականին կոշտ է։ Նույնիսկ կարծում եմ՝ սա վերջին նախազգուշացումն է։ Այսինքն՝ այլևս այլ նախազգուշացումներ չեն լինելու, լինելու են կոնկրետ գործողություններ՝ տարբեր ոլորտների հետ կապված։ Թեկուզ, եթե պաշտպանական պատվերիդ տեղ հասնելը կամ պատրաստելը երկարում է, դա էլ է ենթադրում գործողություն։ Բայց միայն այն, որ նա նման հայտարարություն արեց, և հաշվի առնելով այն, որ այս թավշյա հեղափոխականների շրջանում էլ բավականին մեծ է այն խավը, որոնց համար Ռուսաստանի կարծիքը մեծ նշանակություն ունի, նույնիսկ այդ հայտարարութունն արդեն կարող է բավական լուրջ նվազեցնել պոտենցիալ ընտրազանգվածն ապագայում։

Շատ-շատերի համար, որոնք դեմ էին նախկին ռեժիմին, կողմ են այսօրվա իշխանություններին, բայց որոնց համար Ռուսաստանի դիրքորոշումը բավականին կարևոր նշանակություն է ունենում, կարող է բավականին լուրջ սթափեցնող նշանակություն ունենալ և ազդել ընտրազանգվածի վրա։ Այդ պարագայում Լավրովի գործողությունները նաև այդ նպատակն ունեին իրականում, դա բազմաշերտ ֆունկցիոնալ հայտարարություն էր։ Սա չի նշանակում, որ այդ ընտրազանգվածը հաջորդ ընտրություններին գնալու է նույն հանրապետականներին ընտրի, բայց կարող է փորձել գտնել իր համար որևէ երրորդ ուժի հանգրվան կամ ընդհանրապես չմասնակցի։

Վերադառնալով բուն ձեր հարցին՝ կարծում եմ՝ ազդեցություն ունենալու է։ Եթե հիշում եք՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունն էլ բավականին զուսպ, կշռադատված էր։ Մի քիչ կասկածում եմ, որ հենց նման գնահատական էին ակնկալում այսօրվա իշխանություններն ԱՄՆ-ից։ Ըստ էության, գրեթե նույն բանն էր ասում, ինչ ասում են գրեթե բոլոր գեոքաղաքական կենտրոնները։ Սա նշանակում է, որ աշխարհաքաղաքական կենտրոնների գնահատման տեսակետից կա զգուշավորություն։ Մենք դա տեսնում ենք և ԵՄ-ի հետ հարաբերություններում՝ որոշակի անհասկացված լինելու սինդրոմը, ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ դեռևս պետք է տեսնեն՝ ինչ ներդրումների մասին է խոսքը, մինչդեռ նախորդ՝ Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակ խոսվում էր 8 մլրդ դոլարի ծրագրի մասին։ Ռուսաստանի մասին էլ չեմ խոսում։

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով