Նիկոլ Փաշինյանը և Թիմուր Ուրազաևը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին:

Վարչապետը կարևորել է հայ-ղազախական հարաբերությունների հետագա զարգացումը և համոզմունք հայտնել, որ դեսպանի ակտիվ գործունեությունը կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանն ու խորացմանը տարբեր ոլորտներում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի ու Ղազախստանի հարաբերություններում առկա է լավ մթնոլորտ և հավելել, որ այն կնպաստի երկու երկրների միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացմանը:

Իր հերթին, Թիմուր Ուրազաևը նշել է, որ Ղազախստանը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ամրապնդմամբ, արդյունավետ փոխգործակցությամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը և գոհունակությամբ նշել, որ 2018 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառության ծավալներն աճել են 2,5 անգամ:

Նիկոլ Փաշինյանը և Թիմուր Ուրազաևը նշել են, որ գործարար կապերի խթանման ու զարգացման ուղղությամբ առկա է մեծ ներուժ և քննարկել լոգիստիկ խնդիրների լուծման հնարավորություններին վերաբերող տարբեր հարցեր:

Կողմերն անդրադարձ են կատարել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու կարևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահության շրջանակներում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով