Նիկոլ Փաշինյանը սարսափելի արագությամբ ոչնչացնում է մեր պետական և պաշտպանական ռեսուրսները. Վոլոդյա Հովհաննիսյան

«Այս 100 օրը ես երկակի եմ գնահատում: Այս ընթացքում մենք ազատվեցինք Սերժ Սարգսյանի իշխանությունից, լայն թափ ստացավ կոռուպցիայի դեմ պայքարը, բայց ես բացասական եմ գնահատում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»,-այսօր՝ օգոստոսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հրապարակախոս,  պատմաբան Վոլոդյա Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքերով, Նիկոլ Փաշինյանն այս ընթացքում կարողացավ ոչնչացնել ՀՀ բոլոր ուժային կենտրոնները. «Նա ոչնչացրեց եկեղեցին, երկրապահը, պետական կառույցներ, Արցախի հեղինակությունը: Դրա հետ միասին նա  ազգը բաժանեց երկու մասի՝ հեղափոխականների և հակահեղափոխականների: Սա քաղաքական փսիխոպատիայի բարձրագույն արտահայտությունն էր: Քաղաքական գործիչը, կորցնելով իր հենարանները, արդյունք չտեսնելով իր գործունեության մեջ, ազգին պահում է այսպիսի հոգեվիճակի մեջ, երբ անհրաժեշտ է դրոշակակիր, անհրաժեշտ է պայքար»:

Հովհաննիսյանի խոսքերով, այսպիսի հոգեվիճակի մեջ մարդկանց առաջին անգամ պահել են Տրոցկին և Լենին, երբ քաղաքացիական պատերազմ սկսվեց, միլիոնավոր մարդիկ մահացան և երկար տարիներ երկիրը չեր կարողանում հասնել տնտեսական նախկին մակարդակին. «Արդյո՞ք քաղաքացիական պատերազմի ժամանակ Հայաստանը կունենա ներուժ դիմակայելու համար, իհարկե ոչ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Պետական կառույցներն այնքան են թուլացել, որ քաղաքացիները կարող են մտնել ոստիկանություն, ծեծել, ջարդել, փշրել, ոստիկանին տանեն հիվանդանոց: Ու քրեական գործ է հարուցվել ընդամենը խուլիգանության հոդվածով»,-ասաց բանախոսը:

Հովհաննիսյանի խոսքերով, մարզերում առհասարակ պետական իշխանություն գոյություն չունի:

Բանախոսը նաև հարց բարձրացրեց, թե ինչու չեն բացահայտվում Նաիրիտի, Հյուսիս-Հարավի կոռուպցիոն սխեմաները, կամ ում է պատկանում Հայաստանի մոլիբդենի հսկայական պաշարը. «Սա կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ պրիմիտիվ հաշվեհարդար է անհատների դեմ: 100 օրվա շռնդալից ապտակը լրատվության և մարդու խոսքի ազատության իրավունքի ոտնահարումն էր: Նիկոլ Փաշինյանը սարսափելի արագությամբ ոչնչացնում է մեր պետական և պաշտպանական ռեսուրսները»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Աղբյուր՝ Analitik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով