Մայր Աթոռի միաբանությունն ու պաշտոնեությունը շնորհավորեցին Կաթողիկոսի ծննդյան օրը

Օգոստոսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պաշտոնավարող եպիսկոպոսները և միաբանության անդամները, Մայր Աթոռի կառույցներում սպասավորող քահանաներն ու պաշտոնեությունը, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներին մասնակցող տարբեր թեմերի քահանաներն այցելեցին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ շնորհավորելու ծննդյան տարեդարձի բերկրալի առիթով:

Հայոց Եկեղեցու հոգևոր դասի և հավատացյալ ժողովրդի անունից իրենց շնորհավորանքները բերելով Հայոց Հայրապետին՝ եկեղեցականներն ու աշխարհականները հայցեցին Երկնավոր Տիրոջ զորակցությունը Ս. Գրիգոր Լուսավորչի Աթոռի գահակալին և մաղթեցին կենաց արևշատություն ու արդյունավոր հովվապետություն` ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի մխիթարություն բարեպաշտ ժողովրդի:

Նորին Սրբությունը, իր երախտագիտությունը հայտնելով ջերմ խոսքերի և բարի մաղթանքների համար, ամենքին բաշխեց հայրապետական իր օրհնությունը: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ուղղեց` ազգին և Եկեղեցուն մատուցվող ծառայության մեջ իրեն լծակից հոգևոր դասին` ամբողջանվեր սպասավորության համար, որով առավել զորանում է Հայոց Եկեղեցին իր Տերունավանդ առաքելության մեջ: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև գոհունակությամբ փաստեց Մայր Աթոռի պաշտոնեության անսակարկ նվիրումն ու զորակցությունը Հայոց Հայրապետին` աշխարհասփյուռ ազգային-հոգևոր կյանքի շինությանն ուղղված օգտաշատ գործունեության մեջ:

Նորին Սրբությունը բարձր գնահատեց նրանց հոգու ամրությունն ու հավատքի զորությունը և, մաղթելով Աստծո Ս. Աջի հովանին ամենքին, պատգամեց առավել նախանձախնդրությամբ ու հանձնառու ոգով շարունակել իրենց օրհնյալ ծառայությունն ազգին, Հայրենիքին և Հայոց Եկեղեցուն:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տարեդարձի կապակցությամբ Մայր Աթոռում ստացվեցին բազում շնորհավորական ուղերձներ և գրություններ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով