Կարելի է լինել տաղանդավոր երգիծաբան, բայց չհաջողված քաղաքապետ. պատգամավորը՝ Հայկ Մարությանի մասին

Կարելի է լինել տաղանդավոր երգիծաբան, բայց ոչ մի կերպ չհաջողված քաղաքապետ: Այս մասին հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին։

«Երեւանի պարագան մի քիչ այլ է, քան մյուս քաղաքներինը, քան Ազգային ժողովինը: Երեւանի պարագայում ձայն տալով այս կամ այն կուսակցությանը՝ կանխորոշում եք ձեր քաղաքապետին, իսկ քաղաքապետի դերակատարումը Երեւանի պարագայում շատ բացառիկ ու պատասխանատու է։ Կարելի է լինել շատ տաղանդավոր երգիչ, դերասան ու երգիծաբան, նույնիսկ տաղանդավոր նախարար, բայց ոչ մի կերպ չհաջողված քաղաքապետ: Ես դա գիտեմ՝ ինչ է նշանակում, որքան ծանր գործ է»,–ասաց Խոսրով Հարությունյանը։

Նա շեշտեց, որ ավագանու ընտրություններին պետք է մասնակցի նաեւ Հանրապետական կուսակցությունը՝ անկախ հանրության շրջանում ունեցած հեղինակությունից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր հիշեցմանը, թե Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Ենոք Ազարյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ իմաստ չունի ՀՀԿ-ի մասնակցությունն ավագանու արտահերթ ընտրություններին, քանի որ հեղինակության դիֆիցիտի պատճառով քաղաքապետի պաշտոնից հրաժարական տվեց Տարոն Մարգարյանը, պատգամավորը պատասխանեց. «Հետո՞ ինչ, Տարոն Մարգարյանը եթե հրաժարական տվեց, դա չի նշանակում, որ Հանրապետականը Երեւանի հարցերում միայն Տարոն Մարգարյանի դեմքով կարող էր հանդես գալ։ Ես ասում եմ, որ մասնակցի եւ ձգտի հաջողության, եթե ավագանիում էլ մեծամասնություն չկազմի, նրա մասնակցությունը շատ օգտակար կլինի, օգտակար կլինի բուն երեւանցիների համար, բուն Երեւանի համար»:

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ ՀՀԿ-ն չպետք է կաշկանդվի հանրության շրջանում իր ներկայիս հեղինակությամբ, քանի որ լուրջ քաղաքականությունը վերելքներ ու վայրէջքներ է ենթադրում. «Ռեալ քաղաքականությունը խարսխված է հենց այդ իրողությունների վրա: Եթե չեք ուզում հաշտվել այդ իրողության հետ, ուրեմն մի զբաղվեք քաղաքականությամբ»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Աղբյուրը HARTAK.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով