«Խիստ կասկածելի է այն պահը, որ միայն «Վիկիլիքսի» հրապարակման հիման վրա է մեղադրանք առաջադրվել Արմեն Գևորգյանին». Փաստաբան

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Հ1-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդված 3-րդ մասով։

«Տարիներ առաջ, եթե հիշում եք, եղան «Վիկիլիքսի» հրապարակումներ։ Երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները, ճնշում էր եղել Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ։ Նա բարձրաձայնել էր ու դիմել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին և հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից ճնշումներ են եղել իր վրա, որպեսզի նա կայացնի Սերժ Սարգսյանին ձեռնտու որոշում»,- նշեց ՀՔԾ պետը։

168.am-ի հետ զրույցում փաստաբան Նորայր Նորիկյանն ասաց, որ ինքն էլ է հիշում, որ տարիներ առաջ նման խոսակցություններ կային.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ես կարծում եմ՝ այդ քրեական գործի վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն կա։ Միայն «Վիկիլիքսի» հրապարակման հիման վրա մեղադրանք առաջադրել Արմեն Գևորգյանին, չեմ կարծում, որ ՀՔԾ-ն միայն այս հանգամանքով է սահմանափակվել։ Առնվազն անհրաժեշտ է նշված դատավորի ցուցմունք տալը, նրա դիրքորոշումը, արդյոք այդպիսի բան եղե՞լ է, թե՞ չի եղել, այլ ապացույցներով մեղադրանքի հիմքը լրացնելու կամ մեղադրանքը հիմնավորելուն ուղղված այլ ապացույցներ պետք է անհրաժեշտ լինեն։ Ես կարծում եմ՝ այս գործով հավելյալ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն կա»։

Ն. Նորիկյանն ընդգծեց, որ իր համար սկզբունքային է, որ Մարտի 1-ի հետ կապված որևէ մեկը, ով կատարել է քրեական օրենքով արգելված արարք, պետք է կանգնի պատասխանատվության առաջ. «Գործող իշխանությունների շահերից է բխում՝ այս քրեական գործով ապահովել իսկապես բազմակողմանի, օբյեկտիվ քննություն, որովհետև եթե այս քրեական գործով տեղի ունենա որևէ այլ ստվերոտ բան, մենք ապագա չենք ունենալու»։

Փաստաբանը գտնում է՝ Ա. Գևորգյանի նկատմամբ հարուցված քրեական գործի շրջանակներում նրան առաջադրվել է արդադատությանը խոչընդոտելու մեղադրանք.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ենթադրում եմ՝ առաջիկա օրերին ավելի մեծ տեղեկատվության կտիրապետենք։ Ընդամենը պնդում եմ, որ խիստ կասկածելի է այն պահը, որ միայն «Վիկիլիքսի» հրապարակման հիման վրա է նման մեղադրանք առաջադրվել։ Ենթադրում եմ, որ առնվազն տեղի ունեցած կլինեն այլ քննչական գործողություններ՝ առերեսում Արմեն Գևորգյանի ու նշված դատավորի հետ, կամ այլ ապացույցներ, այլ ցուցմունքներ կլինեն, որոնք վարույթն իրականացնող մարմնի համար բավարար հիմք են հանդիսացել նման մեղադրանք առաջադրել Արմեն Գևորգյանին»։

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով