Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի դեմ նոր մեղադրանքներ առաջադրելու փորձ է արվում:
Թուրք-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի պատճառ դարձած Բրանսոնի դատական գործի հետ կապված նոր զարգացումներ են ի հայտ եկել:
Գործով նոր վկա է ներգրավվել, ով ցանկացել է որ իր անձը գաղտնի մնա:
Ըստ թուրքական աղբյուրի՝ անձը, ով դիմել է «գաղտնի վկա» լինելու համար, հայտնել է, որ Բրանսոնը անգլիացի և ամերիկացի ընկերների հետ միասին կրոնական առաքելություն է իրականացրել, իսկ ինքը նրանց համար որոշ ժամանակ թարգմանչի և էքսկուրսավարի ծառայություն է մատուցել:
«Գաղտնի վկան» Իզմիրի հանրապետական գլխավոր դատախազություն դիմել է 2018թ. մայիսի 9-ին:
Վկայի խոսքերով Բրանսոնն ու ընկերները Ստամբուլի «Իսթիքլալ» պողոտայում «Յիղիթ» հայտարարությունների գրասենյակում քրիստոնեությամբ հետաքրքրվող անձանց համար հայտարարություն են տվել և վերջիններիս հետ առանձին հանդիպումներ կայացրել:
«Գաղտնի վկայի» համոզմամբ` Բրանսոնը քրդերին քրիտոնեացնելու համար Ֆերիքյոյում հավաքներ է կազմակերպել, ինչպես նաև Օրթաքյոյում իսրայելցի իմամի հետ հանդիպման ժամանակ խոսել է «Քուրդիստանի» քարտեզից, Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման բարեգործական գումարներից: Նա նաև նշում է, որ ավելի ուշ բարեգործական գումարները նավով, ծովային ճանապարհով տեղափոխել են Իսրայել:
«Գաղտնի վկան» հաղորդում է, որ միևնույն ժամանակ Բրանսոնը իրանցիների հետ նավթային առևտրով էր զբաղված: Հսկայածավալ ապրանքներ էր գրանցված վկայի անունով: Բարեգործական գումարները հավաքում էին նաև Սիրքեջիում գտնվող հավաքատեղիում, որից հետո կրկին ծովային ճանապարհով տեղափոխում:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական կառույցների հետ կապ ունենալու և լրտեսություն անելու մեղադրանքով կալանավորված Էնդրյու Բրանսոնի խափանման միջոցը հուլիսի 26-ին (2018թ.) թուրքական դատարանը փոխել էր՝ սահմանելով տնային կալանք: Չնայած ԱՄՆ-ի իշխանությունները ողջունել էին դատարանի որոշումը, այնուամենայնիվ, այն համարել էին ոչ բավարար:
Բրանսոնի փաստաբանն գոստոսի 17-ին դատարանին դիմել է Բրանսոնի նկատմամբ սահմանված տնային կալանքը և Թուրքիայի սահմաններից դուրս գալու արգելքը վերացնելու միջնորդությամբ, սակայն այս անգամ ևս դատարանը մերժել էր առարկությունը: