Եվս երեք խոշոր ընկերություն հերքում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի հետ բիզնես կապի մասին լուրերը

«Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանը կամ նրա ընտանիքի որևէ անդամ ո´չ նախկինում, ո´չ ներկա դրությամբ չեն եղել և այժմ էլ չեն հանդիսանում «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ բաժնետերեր»,- տարածած նամակում նշում է Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ն:

Նամակում նշվում է նաև, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության անցյալում և ներկա դրությամբ միակ բաժնետիրոջ մասին տեղեկություններին կարելի է ծանոթանալ Ընկերության պաշտոնական կայքում:

Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամներին պատկանելությունը հերքում է նաև «Ռոբերտո» կոշիկների ցանցը: «Փիրալյան» ՍՊԸ տնօրեն Գևորգ Իորդանյանը հայտնում է. ««Փիրալյան» ՍՊԸ-ում Ռոբերտ Քոչարյանը, նրա ընտանիքի անդամները կամ Քոչարյանների ընտանիքի որևէ մոտ հարազատ երբևէ հիմնադիր և բաժնետեր չի եղել և չի հանդիսանում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արարատցեմենտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մանուկ Առաքելյանը հայտնում է, որ Ռոբերտ Քոչարյանը, նրա կինը, որդիները կամ դուստրը «Արարատցեմենտ» ՓԲԸ բաժնետեր չեն հանդիսանում և երբևէ չեն հանդիսացել: «Հայտնում ենք նաև, որ «Արարատցեմենտ» ՓԲԸ բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրը, որտեղ գրանցվել և գրանցվում են բաժնետերերի և նրանց պատկանող բաժնեմասերի վերաբերյալ տեղեկությունները, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի համաձայն վարվում է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կողմից»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին հայտարարություն էր տարածել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն՝ նշելով. «Վերջերս հայաստանյան որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այդ տեղեկատվությունը Ռոբերտ Քոչարյանը անձամբ հերքել է վերջերս տված իր հարցազրույցում:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցանկանում է հստակեցնել, որ հանդիսանում է բաց և թափանցիկ ընկերություն, որը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ, ինչը վերջին երկու տասնամյակների ընթացքում նպաստել է Հայաստանի կայուն զարգացմանը: Ռոբերտ Քոչարյանը մեր ընկերությունում որևէ բաժնեմաս չունի և երբեք էլ չի ունեցել: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պատրաստ է այս փաստը հաստատելու համար իր հաշվապահական հաշվառման գրքերը և գրանցումները տրամադրել մանրամասն աուդիտ իրականացնելու համար»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

imedia.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով