Գերմանիայի քաղաքական գործիչները դեմ են, որ Բեռլինը Թուրքիային ֆինանսապես օգնի

Գերմանիայի կուսակցությունների մի շարք ներկայացուցիչներ դեմ են, որ պաշտոնական Բեռլինը ֆինանսական օգնություն տրամադրի Թուրքիային։ Ինչպես հայտնի է, թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով թուրքական լիրան արժեզրկվում է, որի հետևանքով Թուրքիայի տնտեսությունում նկատվում է ճգնաժամ։

Թուրքիային ֆինանսական օգնություն տրամադրելու առաջարկն արել էր Գերմանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող SPD կուսակցության նախագահ Անդրեա Նահլեսը։ Վերջինիս առաջարկը, սակայն, մերժվել էր կանցլեր Անգելա Մերկելի կողմից։

Գերմանիայի իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական» միության (CDU) նախագահ Վոլքեր Կաուդերն էլ անհրաժեշտ չի համարել Թուրքիային ֆինանսապես օգնելու մտադրությունը։  Դա որակել է, որպես  «անհիմն» մտադրություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նկատի ունենալով Թուրքիայում տեղի ունեցած մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները՝  Կաուդերն ասել է. «Թուրքիան նորից պետք է աշխարհի առջև ներկայանա որպես մի երկիր, որտեղ գոյություն ունի օրինականություն»։

Նշվում է, որ բացի Կաուդերից Թուրքիային օգնություն տրամադրելուն  դեմ էին արտահայտվել ընդդիմադիր կուսակցություններ, այդ թվում «Ձախերի» և «Կանաչների» կուսակցությունը։

Աղբյուրը հիշեցնում է, որ  Թուրքիային ֆինանսական օգնություն տրամադրելուն դեմ են եղել ոչ միայն խորհրդարանում, այլ նաև բնակչության շրջանում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ «Civey» հետազոտական ընկերությունն  անցկացրել էր սոցհարցում։ 2018թ․ օգոստոսի 20-21-ին անցկացված հարցումներին մասնակցել էր 5․051 մարդ։ Հարցվածների 71 տոկոսը դեմ է արտահայտվել Թուրքիային աջակցելու նախագծին, 22 տոկոսը հայտարարել է, որ համաձայն է Նահլեսի առաջարկի հետ, իսկ 7 տոկոսը դժվարացել է պատասխանել։

Թուրքական աղբյուրը  թուրք-գերմանական հարաբերությունների ապագայի համար կարևոր է համարում Սեպտեմբերի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Գերմանիա կատարելիք այցը։ Հայտնի էր դարձել, որ Գերմանիայի արտգործնախարարը սեպտեմբերի սկզբին մեկնելու է Թուրքիա։

Աղբյուր`    Demokrathaber

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով