«Տնտեսական դաշտը Հայաստանում անորոշության մեջ է». «Հայոց Աշխարհ»

«Հայոց Աշխարհ» թերթը գրում է. Հայաստանի տնտեսությունը բախվում է նոր խնդիրների։ Վերջին շրջանում տեղի ունեցող գործընթացները, մեղմ ասած, այնքան էլ նպաստավոր չեն տնտեսության զարգացման եւ առաջընթացի համար։ Ներքին անկայունությանն ու լարվածությանը գնալով ավելացնում են արտաքին մարտահրավերները։

Կառավարությունը փաստորեն հետին պլան է մղել տնտեսական գործընթացներն ակտիվացնելուն միտված նախորդ իշխանության նախաձեռնությունները։ Ավելին՝ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում դրանց իրականացման համար։ Կառավարության նախորդ գործունեությունը ցույց տվեց, որ այն մակերեսային պատկերացում ունի տնտեսության վերաբերյալ։ Թվում էր, թե բավարար է պայքարել կոռուպցիայի դեմ եւ տնտեսությունը կսկսի վերելք ապրել։ Կյանքը ցույց է տալիս, որ նման պարզունակ մոտեցումը արդարացված չէ։

Որքան էլ գործարարության համար հավասար դաշտի ստեղծումը կարեւոր նախապայման է տնտեսության զարգացման ճանապարհին, այնուհանդերձ միայն դրանով անհնարին է ցանկալի արդյունքի հասնել։ Տնտեսական դաշտը Հայաստանում անորոշության մեջ է։

Ու թե դա դեռ որքան կշարունակվի, դժվար է ասել։ Կառավարության քայլերը չեն նպաստում իշխանափոխությունից հետո տնտեսական հատվածում ի հայտ եկած լարվածության թուլացմանը։ Ակնկալիքները, որ կարճ ժամանակահատվածում հնարավոր կլինի լուրջ արդյունքի հասնել, չեն արդարանում։ Հակառակը, տնտեսությունն ակտիվություն չի ցուցաբերում։

Իհարկե, դա չի խանգարել, որ առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում արձանագրվի տնտեսական ակտիվության ծանրակշիռ աճ։ Վեց ամիսների տվյալներով, ըստ վիճակագրական կոմիտեի, դիտվել է 8,9 տոկոսանոց ակտիվություն, ինչը լավ ցուցանիշ է։ Սակայն դրան նպաստել է հիմնականում առաջին եռամսյակում արձանագրված բարձր աճը։ Հիշեցնենք, որ այն կազմեց 9,7 տոկոս։ Ակնհայտ է, որ հաջորդ շրջանում հատկապես իշխանափոխությունից հետո տնտեսական ցուցանիշները Հայաստանում այնքան էլ չեն փայլում ակտիվությամբ։ Դա նկատելի է հատկապես արդյունաբերության ոլորտում, որտեղ աճի միտումները վերջին ամիսներին ընկել են 2-3 անգամ։

Տարվա առաջին կեսի տվյալներով, տնտեսության այս հատվածում աճը համեստ է՝ ընդամենը 3,7 տոկոս։ Հակառակ դրան, տնտեսական ակտիվության հարցում վերստին մեծանում է գյուղատնտեսության դերը։ Ինչպես հայտնի է, նախորդ մեկ-երկու տարիներին տնտեսության այս հատվածը որոշակիորեն կորցրել էր իր կշիռը։ Տպավորությունն այնպիսին է, որ իշխանափոխությունից հետո գյուղոլորտի նշանակությունը տնտեսական ցուցանիշների ձեւավորման գործում կրկին սկսել է կարեւորվել։ Իհարկե, դրանում կա նաեւ սեզոնային փոփոխությունների ազդեցությունը։ Տարին գյուղոլորտի համար բավականաչափ առաջանցիկ է, ինչն ուղղակիորեն արտահայտվում է նաեւ արտադրության ծավալների վրա։

Այս ոլորտի իրական պատկերը հնարավոր կլինի ստանալ միայն տարեվերջին։ Առաջին կիսամյակի վերջին ամիսներին մտահոգիչ են հատկապես շինարարության ոլորտի միտումները։ Տարեսկզբի կտրուկ ակտիվությունից հետո տնտեսության այս ճյուղը, որը հազիվհազ փորձում էր վերականգնվել, ներքաղաքական զարգացումների հետեւանքով հայտնվել է անորոշության մեջ։ Թեեւ ոլորտում դեռեւս պահպանվում են աճի միտումները, այնուհանդերձ ապրիլից սկսած դրանք զգալիորեն թուլացել են։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց Աշխարհ» թերթի այսօրվա համարում: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով