«Վարույթն իրականացնող մարմնի ամենակարևոր «գործը» Մանվել Գրիգորյանին պարտադիր կալանքի տակ պահելն է». Արսեն Մկրտչյան

Загрузка...

Գեներալ Մանվել Գրիգորյանն «Արմենիա» ԲԿ-ում հետազոտությունից հետո հաջորդ օրը կրկին տեղափոխվել է Երևան քրեակատարողական հիմնարկ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Իր առողջական վիճակով ոչ ոք չի հետաքրքրվում: Վարույթն իրականացնող մարմինը նշանակել էր դատաբժշկական փորձաքննություն, որի շրջանակներում նա տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ որոշակի բուժզննություններ են իրականացվել: Առողջական վիճակի հետ կապված որևէ այլ բան վարույթն իրականացնող մարմնի կողմից չի նախատեսվում, և դա չի էլ հետաքրքրում նրանց: Վարույթն իրականացնող մարմինը միայն մի հարց էր դրել դատաբժշկական փորձագիտական կենտրոնի առջև՝ ի՞նչ հիվանդություններով է տառապում Մանվել Գրիգորյանը»,- ասաց Ա.Մկրտչյանը՝ հավելելով, որ Գրիգորյանի մոտ առկա հիվանդություններն ընկնում են կառավարության 825-Ն որոշման տակ, բայց փորձագետները կարող են այլ կարծիքի լինել, որը, պաշտպանի համոզմամբ, կլինի կանխակալ մոտեցում:

Ըստ նրա՝ մինչ օրս ըստ էության լուրջ կարևորություն կամ նշանակություն ունեցող քննչական գործողություններ չեն իրականացվել, վարույթն իրականացնող մարմնի կողմից ամենակարևոր «գործը» եղել է այն, որ Մանվել Գրիգորյանը պարտադիր գտնվի կալանքի տակ, ինչը ՀՔԾ-ն և դատավորներն իրականացրել են:

«2 ամսով կալանքը երկարացնելը ոչ միայն անհիմն է, այլև զավեշտալի: Եթե այդ դատավորները մնան և պաշտոնավարեն, վստահ եմ, որ կալանքը ևս մի քանի անգամ նույն կերպ պարտադիր կերկարաձգեն»,- ասաց Ա.Մկրտչյանը:

Հարցին, թե ինչո՞ւ պաշտպանները չեն պնդում, որ քննչական գործողություններ իրականացվեն, կամ ինչո՞ւ վարույթն իրականացնող մարմինը չի իրականացնում այդպիսիք, Ա.Մկրտչյանը պատասխանեց. «Մեզ հետաքրքիր էլ չէ, թե ինչու չեն իրականացվում քննչական գործողություններ, որովհետև մեղադրանքը հիմնավոր չէ, առնվազն յուրացման մասով հիմնավոր չէ։ Չկա, չի կարող լինել այդպիսի մեղադրանք, և ցանկացած մեղսունակ դատավորի պարագայում նման մեղադրանքը չի կարող հիմնավորվել դատարանում»:

Նա տեղեկացրեց, որ հանցանքի վերաորակավորում չի եղել:

Ընդ որում, ինչպես շեշտեց պաշտպանըՄ.Գրիգորյանին մեղսագրվող «յուրացման» ժամանակ նա գտնվել է Արցախում. «Իրեն ոչ ոք, ոչ մի ֆիզիկական, իրավաբանական կամ պաշտոնատար անձ երբևիցե որևիցե գույք չի վստահել, որ դրանից հետո էլ անգամ իրավասու կամ իրավազոր լիներ՝ որևէ քննչական մարմին քննարկեր: Այսինքն՝ ես ելնում են այն ելակետից, որ յուրացում հանցակազմն առանց հանցավորին գույք վստահելու պարագայի չի կարող ընդհանրապես քննարկվել։ Երբ չկա որևէ մեկը, որ վստահել է, յուրացում կամ վատնում չի կարող նրա վերաբերյալ կիրառելի լինել»:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրել կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն):

 

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...