Ոչ ոքի թույլ չեմ տա խոսել իմ Սուրբ հայրենիքի տարածքները վաճառքի հանելու մասին. Քաշաթաղի բնակիչ

Սա Հայաստան է, և վերջ…

Լեոնիդ Ազգալդյան

Լեոնիդն այս խոսքն ասում էր օտարներին՝ հասկացնելով, որ մենք ազատագրական կռիվ ենք մղում, ոչ՝ բռնագրավման: Ցավոք, նույն խոսքերը պետք է այժմ ասենք հայի անուն կրողներին, ովքեր, չգիտեմ ինչո՞ւ, առաջինն են ցանկանում դարձյալ կորցնել ազատագրված հայրենիքը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրոք, որ քաղաքականությունը, ինչպես շատերն են ասում, անառակություն է (չցանկացա ավելի կոպիտ արտահայտվել):  Սակայն կա մի կարևոր իրողություն, որ հանուն քաղաքական կարիերայի, անձնական բարգավաճման, օտարից վերցրած մեծ գումարների չպետք է ուրանալ հայրենիքը:

1994թ. մայիսին Ադրբեջանը ծնկաչոք զինադադար աղերսեց մեզանից ու ստացավ: Մենք հազարավոր քաջորդիների արյան գնով ազատագրեցինք Արցախն ու մեր պատմական հայրենիքի այն հատվածները, որոնք տարբեր ժամանակահատվածներում և հիմնականում խորհրդային կարգերի սկզբներից բռնակցվել էին մի պետության, որը նորույթ էր մինչ 20-րդ դարի 20-ական թվակաները: Այդ տարածքները հազար-հազար տարի առաջ մտնում էին Մեծ Հայքի Սյունիք և Արցախ աշխարհների Աղահեճ՝ Քաշաթաղ, Խոժոռաբերդ, Կովսական, Գրհամ, Բաղք, Քաշունիք, Հաբանդ, Բերդաձոր, Վայկունիք, Ծար և այլ ու այլ գավառների մեջ:

Իսկ եթե որևէ մեկը կասկածում է, որ ազատագրված տարածքները հայոց ոստան են, կարող է գալ Արցախ և տեսնել Հայոց հարյուրավոր սրբավայրերը, հանգստարանները: Եթե թշնամին է խոսում նույն տարածքների վերադարձման մասին, հոխորտում պատերազմով, հասկանալի է ու բնական: Սակայն մտահոգիչ է, երբ հայ քաղաքական գործիչներն են պահանջում, ահաբեկում մեզ, որ հետ վերադարձնենք մոտ 10 հազար հայորդիների արյամբ սրբացած, հազարավոր քաջերի հերոսացման ու տառապանքի գնով ազատագրված մեր հայրենի երկիրը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Զոյա Թադևոսյանը Արցախի ազատագրված տարածքների վերաբերյալ շատ հանգիստ ու համոզված հայտարարել է, որ դրանք պետք է վերադարձվեն, որ. <<Հիմնախնդրի լուծումը դա է պահանջում։ Ինձանից կարող եք ոչ մեկդ չնեղանալ, բայց դա ես չեմ որոշում, եռանախագահողների և ընդհանարպես, բանակցությունների սեղանին միշտ դրված է եղել այդ հարցը…>>:

Է, թող դրված էլ մնա, մեզ ի՞նչ: Չգիտեմ՝ տիկին Զոյա, դուք տեսե՞լ եք՝ ինչպես նույն եռանախագահողներին Բերձորում դիմավորեցին մեր երիտասարդները, ինչպես էր ամերիկյան համանախագահողը փորձում թաքնվել ցուցարարների աչքից: Հասկանալի է՝ Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ էլ արծարծում է ազատագրված տարածքները թշնամուն վերադարձնելու հարցը, իբր դրանով կապահովվի խաղաղություն և բարեկամություն: Բայց մի մոռացեք՝ թշնամու մշտական երազանքը Երևանին տիրանալն է, բարբաջում են՝ մերն է: Ի՞նչ անենք՝ տա՞նք…

Ես Ձեզ հրավիրում եմ Քաշաթաղ և Քարվաճառ, Ակնա, ու Մեխակավան, Կովսական ու Քաշունիք, որպեսզի Ձեր աչքերով տեսնեք իմ հիշատակած հազարավոր պատմական հուշարձանները, որոնք պատմում են հայի մասին՝ սկսած վաղնջական ժամանակներից: Իսկ եթե չեք ցանկանում գալ ու անձամբ տեսնել, ձեզ կտրամադրեմ ազատագրված ու վերստին հայացած այդ տարածքների լուսանկարները:

Արդեն 22 տարի է, ինչ բնակվում եմ նաև իմ կողմից ազատագրած Քաշաթաղում, ինձ նման հազարավոր ազատամարտիկների ու հայրենիքի նվիրյալների հետ և ոչ մեկին թույ չեմ տա անպատասխանատու խոսքեր հնչեցնել իմ Սուրբ հայրենիքի մասին, առավել ևս դրանք վաճառքի հանել:

Թուրքերը, եռանախագահողները, միջազգային այլ կառույցներ կպահանջեն, որ հետ վերադարձվեն ազատագրված տարածքները, բայց ցանկացած հայ պետք է դեմ լինի դրան ու դառնա այս տարածքների պահապան-զինվորը:

ԶՈՀՐԱԲ  ԸՌՔՈՅԱՆ

<<Մերան>> թերթի խմբագիր

Haydzayn.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով