Նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու համար մեղադրանք է առաջադրվել 1 անձի

2018 թվականի հուլիսի 31-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 3111-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 3121-րդ հոդվածի 2-րդ մասի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 1.1-րդ կետերի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 1-ին մասի, 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից սոցիալական աջակցության նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ:

Ոստիկանության Բազումի բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ էին ստացվել, համաձայն որոնց սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետը, 2012-2017թթ. իր սպասարկման տարածքի մի քանի բնակիչներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նրանց նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց պահանջել և ստացել է ապօրինի վարձատրություն:

Բացի դրանից՝ ըստ նախապատրաստված նյութերի՝ նույն բաժնի մասնագետները 2008-2017թթ. ընթացքում նույնպիսի գործողություններ են կատարել սոցիալական անապահովության նպաստից օգտվող 4 շահառուների օգտին:

Փաստական տվյալներ էին ստացվել նաև, որ բաժնի աշխատակիցները նախնական համաձայնության են եկել «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների ծառայողների հետ և 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում, առանց երկու անձանց գիտության, գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ էին մտցրել նրանց սոցիալապես անապահովության վերաբերյալ և նրանց անվամբ ապօրինի ձևակերպելով ընտանեկան նպաստներ և կազմելով կեղծ ցուցակներ, հափշտակել են նրանց անվամբ ելքագրված զգալի չափերի գումար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միաժամանակ, տվյալներ էին ստացվել մի անչափահասի հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը սահմանելու և հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձանց կողմից միջնորդ աշխատակցի միջոցով կաշառք պահանջելու վերաբերյալ:

Նշված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ընթացող նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ  ՀՀ քրեա­կան օրենսգրքի 3111-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ է ներգրավվել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնա­գետ Ք. Հ-ն:

Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի ապօրինի վարձատրություն ստանալու նպատակով շարունակաբար, 2012 թվականից 2017 թվականն ընկած ժամա­նակահատվածում, Վանաձորի թվով 7 բնակիչների նպաստառուների ցուցակում ընդգրկելու, հաջորդող տարիների ընթացքում նրանց նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն առանց խոչընդոտների իրականացնելու դիմաց պետական բյուջեի միջոցներից տրամադրվող դրամական օգնություն համար­վող նպաստի մեկից երեք ամսվա գումարներն անձամբ պահանջելու և ստանալու համար: Արդյունքում պետությանն ընդհանուր պատճառվել է առանձ­նապես խոշոր չափերի՝ 1․058.000 ՀՀ դրամի վնաս:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Միաժամանակ, դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնա­գետի պաշտոնում մեղադրյալի պաշտոնավարումը ժամանակավոր դադարեցնելու մասին, որը կատարման համար ուղարկվել է ՀՀ Վանաձոր համայնքի  աշխատակազմի ղեկավարին:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական, դատավարական այլ, ինչպես նաև օպերատիվ հետախուզական միջոցառումներ քրեական գործի մյուս դրվագների հանգամանքները լիարժեք բացահայտելու, կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման, հսկողության ներքո ներկա պահին քննվում է մարզում գործող Սպիտակի, Ստեփանավանի, Թումանյանի և Վանաձորի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նմանատիպ հանցագործությունների դեպքերով հարուցված թվով 6 քրեական գործ: Դրանցով  գործակալությունների 8 հանրային ծառայողների, այդ թվում՝ 1 գործակալության պետի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Հիշյալ գործերով քրեական հետապնդում է հարուցվել նաև Հայփոստ ՓԲ ընկերության թվով 19 ծառայողների նկատմամբ, այդ թվում՝ հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալուն օժանդակելու, խմբի կազմում խարդախության եղանակով հափշտակություններ կատարելու և կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու համար:

Դատախազների համապատասխան որոշումներով ժամանակավորապես դադարեցվել է պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային 5 ծառայողի պաշտոնավարում:

Նշված քրեական գործերով  բացահայտված պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը ներկա պահին կազմում է 593.914.000 ՀՀ դրամ, որից վերականգնվել է 27.715.500 ՀՀ դրամը՝ մուտքագրելով դատախազության դեպոզիտ հաշվին:

Միաժամանակ, նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասի ամբողջական վերականգնումն ապահովելու նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից արգելանք է դրվել մեղադրյալների շարժական և անշարժ գույքների վրա:

 

Ծանուցում.  ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով