«Նիկոլ Փաշինյանը դարձել է 21-րդ դարի Տրոցկին». Էդուարդ Շարմազանով

Aravot.am  ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեծ ցանկության դեպքում անգամ դժվարանում է խոսել թավշյա հեղափոխությամբ Հայաստանում իշխանության եկած ուժերի հարյուրօրյա ձեռքբերումների մասին:

Ավելին, տարօրինակ է համարում նոր կառավարության ձեռքբերումների մասին խոսելն առհասարակ: «Միգուցե այսօր երեկոյան հրավիրած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը կխոսի «ձեռքբերումների» մասին`ո՞ւմ է բռնել, ի՞նչ է արել, ո՞նց է արել»,- Aravot.am-ի հետ զրույցում

հեգնեց Էդուարդ Շարմազանովը: Մեր զրուցակցի համոզմամբ, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ոչ թե կառավարության ղեկավար է, այլ հեղափոխական կոմիտեի, քանի որ ջնջում է ամեն ինչ, ինչը մինչեւ իրեն եղել է, գնում է քաղաքական մերժողականության ճանապարհով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր զրուցակցն ասում է նաեւ, որ ժողովրդավարության, այլախոհության, բազմակարծության, խոսքի ազատության եւ արտաքին քաղաքականության մասով բավական մտահոգիչ իրավիճակ ունենք: «Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կոմիտեն անցած երեք ամիսների ընթացքում հասցրել է հասարակությունը բաժանել դավաճանների եւ յուրայինների, քայլողների եւ նստողների, հեղափոխականների եւ հակահեղափոխականների, սեւերի եւ սպիտակների.

սա անթույլատրելի է: Ես ուզում եմ, թե ոչ` Նիկոլ Փաշինյանը բոլորի վարչապետն է եւ իրեն պետք է պահի իբրեւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վարչապետ, ՀՀ-ի շահերը եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու անմեղության կանխավարկածը պետք է պաշտպանի, ոչ թե միայն իր, յուրայինների եւ հրապարակում հավաքվածների շահերը: Այնինչ, մենք այլախոհության նկատմամբ անհանդուրժողականություն ենք տեսնում, անմեղության կանխավարկածի խիստ խախտում.

մի քանի գործերով պետական մարմիններն առանց դատարանի որոշման իրենց կարծիքն են հրապարակում: Վիքիլիքս կայքի հրապարակման հիման վրա մեղադրական եզրակացություն տեսանք, ինչը խայտառակություն է: Ավելին, հետագայում այդ դատավորն ասաց, որ նման բան չի եղել (խոսքն Արմեն Գեւորգյանին առաջադրված  մեղադրանքի մասին է– Ն. Գ.):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մենք տեսանք չկայացած ասուլիս: Առաջին նախագահի պաշտոնավարման շրջանում, երբ նույնիսկ ՀՅԴ-ն էր փակվում, թերթեր էին փակվում, չեմ հիշում`նման տեռոր կա՞ր խոսքի ազատության դեմ: Կարծեմ, այնուամենայնիվ կային թերթեր, լրատվամիջոցներ եւ գործիչներ, որոնք օգտվում էին իրենց խոսքի ազատությունից: Այսօր այնպիսի մի իրավիճակ է, որ  կամ Փաշինյանին պետք է գովես, կամ, եթե չես գովում`հարձակումների պետք է ենթարկվես:

Նիկոլ Փաշինյանն իրեն պահում է նեոբոլշեւիկի նման: Նիկոլ Փաշինյանը դարձել է 21-րդ դարի Տրոցկին: Սա շատ մտահոգիչ է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնում է, որ այդ ժամանակ էր, որ Ռուսաստանը բաժանվեց հեղափոխականների եւ հակահեղափոխականների. առաջինները կարմիր դրոշը վերցրած գնացին Տրոցկու ետեւից, երկրորդներն արժանացան Նիկոլայ երկրորդի ճակատագրին: Նա մի էական արձանագրում է ցանկանում անել`այժմ 21-րդ դարն է:

Նոր կառավարության`կոռուպցիայի դեմ պայքարելու, արդարություն հաստատելու ջանքերը ԱԺ փոխխոսնակը կարեւորում է: Հիշեցնում է նախկինում իր քանիցս արած հայտարարությունները`ՀՀ բյուջեն գողացած կամ «լափած» պաշտոնյաները պետական համակարգում տեղ չունեն: Բայց, այսօր էլ մնում է նույն կարծիքին`դրա համար կա դատարան. «Անգամ դատարանում ամբաստանյալին վերջին խոսքի իրավունք է տրվում: Բայց այս մարդիկ լսելու ունակություն չունեն. հեղափոխական-հակահեղափոխականը ո՞րն է»:

«Հա, տեսանք, փոփոխություններ էլ տեսանք. Էլթոն Ջոնի հետ`չգիտեմ կի՞նն էր, թե՞ ամուսինը, սելֆիներ տեսանք, սեռական փոքրամասնությունների ակտիվություն տեսանք, Շուռնուխի դեպքեր, Կենտրոնի ոստիկանության վրա հարձակում տեսանք, պղծության քարոզ տեսանք, Վեհափառ Հայրապետի եւ Սբ. Էջմիածնի Վեհարանի նկատմամբ ոտնձգություններ տեսանք. մի բան, ինչը չի եղել ոչ Շահի, ոչ էլ Թալեաթ փաշայի ժամանակ: Նիկոլ Փաշինյանը թող այս ամենից խոսի: Օրինակ, ինձ հետաքրքիր է`մեր երկիրն ո՞ւր է գնում եւ ի՞նչ արժեքային համակարգով:

Բայց ինքը լայվ է մտնում եւ ասում`ՀՀ-ի հպարտ քաղաքացի… էդ հպարտ քաղաքացուն ի՞նչ ենք քարոզում. մեր պետությանն ու եկեղեցուն դե՞մ ենք գնում, հայկական ընտանիքին դե՞մ ենք գնում: Ռոբերտ Քոչարյանը ասուլիս է անում, ինքը լայվ է մտնում. Քոչարյանի ասուլիսն իր համար ավելի՞ կարեւոր էր, քան Վեհարանի վրա հարձակվե՞լը: Շուռնուխում ծեծում են`լայվ եք անում, ոստիկան են ծեծում`լայվ չեք անում… սա է խնդիրը»,- ասում է մեր զրուցակիցը:

Անդրադառնալով կառավարության եւ վարչապետի վարած արտաքին քաղաքականությանը` Էդուարդ Շարմազանովը կրկին տարակուսանք է հայտնում. «Ի՞նչ է նշանակում`գնալ Եվրոպա մուննաթ գալ, թե փողը քիչ եք տալիս, պիտի շատ տաք, ես հեղափոխություն եմ արել`փողեր ավելացրեք… Կամ`առանց ՀԱՊԿ գործընկերների, առանց ՀԱՊԿ անդամ երկրների նախագահներին տեղեկություն հաղորդելու` ՀԱՊԿ քարտուղարին հրավիրել Երեւան եւ մեղադրական եզրակացություն ներկայացնել… Հայաստանը երեք նախագահների կառավարման

շրջանում էլ ունեցել է տարբեր քաղաքականություն, բայց այդ քաղաքականությունը եղել է հստակ: ՀՀ երեք նախագահների քաղաքականության առանցքում եղել է Հայաստանի անվտանգությունը եւ Արցախի հարցի հայանպաստ լուծումը: Ժողովուրդը շատ դեպքերում գոտիները ձգել է, որպեսզի Արցախում ամեն ինչ նորմալ լինի, որպեսզի մեր խաղաղությունը չվտանգվի, մինչդեռ այսօր իշխանությունը սադրանքների է գնում: Բոլորի վրա մուննաթ գալը ո՞րն է: Կամ`ի՞նչ է նշանակում Մինսկի խմբի համանախագահ, քո դաշնակից երկրի ԱԳ նախարարին ասում ես`ադապտացվիր նոր իրողություններին: Ի՞նչ նոր իրողություն:

Կամ`102-րդ ռազմաբազայի հետ կապված… կառավարության նիստում դրա մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը, բա ինչո՞ւ մնացածի մասին չի խոսում»: Էդուարդ Շարմազանովին մտահոգում է հայ-ռուսական հարաբերությունների լարված վիճակը` անկախ Նիկոլ Փաշինյանի «բաժակաճառային`ամեն ինչ լավ է» հայտարարություններից, մտահոգում է նաեւ Լավրովի`ՀՀ

իշխանությունների հասցեին հնչեցրած մեղադրանքները: Նկատում է, որ այդ ամենի արդյունքը «վայելողը» ժողովուրդն է լինելու, ոչ թե իշխանությունը: Նա անցած երեսուն տարիների ընթացքում չի մտաբերում նման դեպք, երբ մեր դաշնակից երկրի ԱԳ նախարարը նման մեղադրանքներ հնչեցնի իշխանությունների հասցեին: ԱԺ փոխխոսնակը դեմ է նաեւ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանի մոտեցումներին. «Ի՞նչ է նշանակում`Հայաստանը հակամարտության կողմ է: Ո՞ր միջազգային փաստաթղթերով է Հայաստանը հակամարտության կողմ»:

Նա հիշեցնում է, որ Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում մեր ողջ դիվանագիտությունը, այդ թվում նաեւ` խորհրդարանական եւ անկախ կուսակցական պատկանելությունից, Ստրասբուրգից`Մոսկվա եւ Մոսկվայից` Բրյուսել, միտված են եղել ապացուցելու, որ Արցախի խնդիրը տեղի ժողովրդի ինքնորոշման դասական պայքար է: Հայաստանին որպես հակամարտության կողմ մշտապես ջանացել է ներկայացնել Ադրբեջանը:

Արձանագրում է, որ իր գործունեության հարյուր օրվա ընթացքում, Հայաստանի նոր կառավարիչները ապակառուցողական արտաքին քաղաքականություն են իրականացրել եւ զարմանում է. «Մեր ԱԳՆ-ում խելքը գլխին մի մարդ չկա՞, որ ասի`պարոն վարչապետ, այդպես չի»: Մեր զրուցակիցը դեմ է նաեւ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների ազատ արձակմանը. «Նիկոլ Փաշինյանը պետության ղեկավարն է, եթե իր ղեկավարության շրջանում որեւիցէ մի խունտա զինված հարձակվի եւ ոստիկանին սպանի… չնայած, կարող է ձայն չհանեն.

ոստիկանին ծեծում են, իրենք ձայն չեն հանում, վաղը հնարավոր է սպանեն`էլի ձայն չհանեն… Չգիտեմ: Շատ մտահոգիչ է»: Անդրադառնալով կառավարության խոստումներին` ներդրումների վերաբերյալ, Էդուարդ Շարմազանովը խոստացված թռիչքային զարգացումը չի տեսնում:

Հիշեցնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, որ դեռեւս որեւէ ներդրումային ծրագիր չկա: Նաեւ հիշում է փոխվարչապետ Արարատ Միրզոյանի աղմուկ հանած եւ 20-միլիոնանոց այցը Դուշանբե , բայց դեռ չի հասկացել, թե ի՞նչ 20 միլիոն էր, ինչո՞ւ պիտի արվեր այդ ծախսը:

«Մի մասը բիզնես-լանչի է լինում, ինքնաթիռից է ուշանում, մյուս մասն էլ գնացել է ԱՄՆ եւ դիվանագիտության մեջ չլսված բան է անում`դեմոկրատներին խնդրում են ստորագրահավաք անեն, որ Թրամփը Փաշինյանի հետ հանդիպի… վարչապետի աշխատակազմ չկա, բան չկա…

Փոխնախարարն ասում է`այլընտրանքային ճանապարհ. հետաքրքիր է, դա իր համար ո՞րն է`Թուրքիայո՞վ, թե՞ Ադրբեջանով: Հայաստանն այնպիսի իրավիճակում է, որ մեր արտաքին քաղաքականությունը շատ սթափ, զգույշ եւ հավասարակշռված պետք է լինի:

Հասկացանք`իշխանության եք եկել… Շանտաժով եկել եք իշխանության, մի քանի պատգամավոր շանտաժի են ենթարկվել եւ  կողմ են քվեարկել, չեմ կարծում, որ այդ շանտաժը միջազգային հարթակներում Հայաստանին օգուտ բերի»: Մեր զրուցակցի աչքից չեն վրիպել նաեւ բանջարեղենի եւ մրգի բարձր գները: Բացի «մարդ բռնելու» ոլորտից` նա այլ ոլորտում ձեռքբերումներ չի տեսնում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով