«Մեր տնտեսական աճը բերել է նրան, որ այդ գիծը հատել ենք». Հազարամյակի մարտահրավերները մերժել է Հայաստանին

Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիան մերժել է Հայաստանում վերսկսել ծրագիրը, քանի որ Հայաստանն արդեն, ըստ Համաշխարհային բանկի 2018 թվականի հուլիսի 1-ի զեկույցի, համարվում է «բարձր-միջին» եկամուտ ունեցող երկիր։ Մինչդեռ Հազարամյակի մարտահրավերները կարող է աջակցություն տրամադրել 1 շնչի հաշվով համախառն ազգային եկամտի միայն «ցածր» և «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրներին: Ընդ որում՝ Վրաստանը և Ուկրաինան համարվում են «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկրներ և ստանում են Հազարամյակի մարտահրավերների աջակցությունը։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀԲ հաշվարկով Հայաստանում 1 շնչին ընկնող համախառն ազգային եկամուտը գերազանցում է 4000 դոլարը։ Ըստ նրա՝ Վրաստանի և Ուկրաինայի ցուցանիշը շատ չի տարբերվում Հայաստանից, սակայն ՀԲ շեմից ներքև է։ 2016-ին ՀՀ-ում ազգային եկամուտը մեկ շնչի հաշվով եղել է 3770 դոլար, 2017-ին՝ 4000, Ադրբեջանում՝ համապատասխանաբար՝ 4760 և 4080 դոլար, Վրաստանում՝ 3830 և 3790 դոլար։ Նվազումը, ամենայն հավանականությամբ, փոխարժեքի արժեզրկման արդյունք է, և ՀՀ-ում էլ դրա արդյունքում է այսպիսի պատկեր ստացվել։ Իրանում՝ 5400 դոլար է, Ռուսաստանում՝ 9231։

Վ. Խաչատրյանի կարծիքով՝ մի կողմից՝ լավ է, որ Հայաստանում այդ ցուցանիշը բարձր է, ինչը նշանակում է, որ մեր տնտեսական աճը բերել է նրան, որ այդ գիծը հատել ենք, և դա հնարավորություն է տալիս երկրին վարկեր վերցնել ավելի լավ պայմաններով.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Տարբեր երկրներ ոչ միայն գոյատևման վարկեր են տալիս, այլև՝ զարգացման։ Ընդունում են, որ տվյալ երկիրը, որ միջինից բարձր եկամուտ ունի, համարվում է ավելի ապահով ու վստահելի, և այդ դեպքում՝ վարկավորման ավելի նպաստավոր պայմաններ ունեցող։ Սակայն, ցավոք, դա մեր վրա էական ազդեցություն չի կարող ունենալ, որովհետև լավագույն պայմանների դեպքում այդ չափանիշերից չենք կարող օգտվել, որովհետև պարտք/ՀՆԱ ցուցանիշը սահմանագծին է հասել և 70%-ին է մոտենում առանձին դեպքերում»։

Վ.Խաչատրյանի կարծիքով՝ Հազարամյակի մարտահրավերների ծրագրից զրկվելու մեջ մեղավորներ փնտրելու անհրաժեշտություն չկա, և ուրիշ հանգամանքի պետք է ուշադրություն դարձնել, որ ՀՀ-ում այդ ցուցանիշը թվանկարչության հետևանք է, որի մասին շատ է խոսվել.

«Մեզ շատ է հետաքրքրել, թե իրականում մեր տնտեսության պատկերը որն է։ Եթե խոսենք գյուղատնտեսության տատանումների մասին, դա անբացատրելի է՝ խաղողի բերքի, լոլիկի արտահանումների հետ կապված, և այլն։ Հատկապես գյուղատնտեսությունն եմ վերցնում, որովհետև մեր մոտ թվանկարչության խնդիրները հենց այդ բնագավառում են։ ԱՎԾ խնդիրն այն է, որ իրենք առաջնային տվյալները վերցնում են համայնքապետերից, իսկ նրանք ուղղակի կատարել են մինչ այսօր իրենց մարզպետների հրահանգները, որոնք էլ կատարել են երկրի ղեկավարության հրահանգները, և թվանկարչությամբ են զբաղվել, իսկ այսօր չգիտեմ ինչպես է։ Այսինքն՝ ռեալ տնտեսական պատկերը չկա, և դրա փոխարեն՝ ունենք թվանկարչության տնտեսություն, որի պատճառով Հայաստանը զրկվում է Հազարամյակի մարտահրավերներ ծարգրից օգտվելու հնարավորությունից»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տնտեսագետը քաղաքական որևէ տարր այստեղ չի տեսնում։ Նա նշեց, որ այն ժամանակ, երբ Հայաստանն այդ ծրագրից զրկվեց, քաղաքական գործոնը շատ հստակ էր՝ Մարտի 1. «Այնտեղ չափորոշիչներից հիմնականը, բացի տնտեսականից, ժողովրդավարությունն ու կոռուպցիան է, որ այսօրվա պայմաններում հակառակն է՝ քաղաքական չափորոշիչները լիարժեք բավարարում են պահանջներին, իսկ տնտեսական չափորոշիչներով Հայաստանն առաջանցիկ է եղել Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի չափորոշիչներից»։

Նա չբացառեց, որ իրադրությունը կարող է փոխվել, և Հայաստանը նորից համարվի «ցածր-միջին» եկամուտ ունեցող երկիր և հնարավորություն ունենա ստանալ ՀՄ աջակցությունը.

«Տեխնիկական առումով հնարավոր է, որովհետև շատ արագ են փոխվում ազգային եկամտի հաշվարկման բաղադրիչները, և չի բացառվում, որ աշնանը վերահաշվարկից հետո պատկերը փոխվի։ Այդ պայմաններում կկարողանանք ակնկալել Հազարամյակի մարտահրավերներ ծրագրի գումարները»։

«Սակայն կարիք չկա անընդհատ սպասել ՀՄ ծրագրերին, պետք է մտածել ամենակարևորի՝ երկրի տնտեսական  զարգացման մասին, որ դուրս գանք այդ 4000-ից էլ, և 5000, 6000, 7000 դոլար եկամուտ ապահովվի մեկ շնչի հաշվով։ Եկեք մտածենք՝ ոնց անել, որ երկրի զարգացում ապահովենք և այդ ՄՀ ծրագրի մասին էլ մոռանանք, զարգացած երկիր դառնանք և օգտվենք մեր հնարավորություններից, որ ունենք իրականում։ Նաև ստեղծված արդյունքից օգտվողների, բևեռացվածության հարցը պետք է հաշվի առնել։ Այսօրվա պայմաններում ներքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման դեպքում, որ եկամուտներից օգտվողների կառուցվածքը փոխվի, ավելի շատ մարդ օգտվի ազգային եկամտից, մենք կունենանք ավելի լավ պատկեր և դրա մասին չենք մտածի։ Այսինքն՝ երկրի տնտեսական իրավիճակը փոխելու արդյունքում մեր կյանքի որակը կփոխվի»,- հավելեց Վ.Խաչատրյանը։

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով