«Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգն էլ ավելի է մեծացել». Ֆելգենգաուեր

«Հայաստանի և Ադրբեջանի միջև միայն գիտակցված բանակցությունները կարող են իրավիճակը դուրս բերել ներկայիս իրավիճակից»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ անդրադառնալով իրավիճակին ԼՂ հակամարտության գոտում:

Տեղեկացնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ հայկական ուժերը կրակով են պատասխանել Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին, և հնարավոր է՝ ադրբեջանցիներն ունեն կորուստ: Ուշագրավ է, որ սա տեղի է ունեցել Մոսկվայում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի պաշտոնական հանդիպումից հետո: Հանդիպմանը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Դավիթ Տոնոյանն իր ռուս գործընկերոջն էր ներկայացրել արցախաադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին, մասնավորապես՝ Նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը։

Իսկ օրերս Տավուշի մարզում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման մասին հարցին՝ ասել էր, որ Հայաստանը պատրաստ է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, այդ թվում` բանակցությունների վերսկսմանը։ «Բոլորս հասկանում ենք, որ անհրաժեշտ է որոշակի նախապատրաստական փուլ, որոշակի նախապայմաններ բանակցությունների վերսկսման համար։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել բանակցային գործընթացը կառուցողական հունով շարունակելու այն քաղաքական պարտավորությունների շրջանակում, որ մենք ստանձնել ենք, և ՀՀ ազգային շահերի համատեքստում»,- նշել էր Փաշինյանը։

Խոսելով տեսակետներից, թե ռուսական կողմի համաձայնությամբ է Հայաստանը պատժիչ գործողություն իրականացրել ադրբեջանական ուղղությամբ` Ֆելգենգաուերն ասաց, որ դա թյուր կարծիք է: Նա նշեց, որ պատերազմի վերսկսման վտանգն է՛լ ավելի է մեծացել մի շարք գործոնների հետևանքով, հնարավոր պատերազմի հետևանքները և սփռումը բավական մեծ է լինելու, ուստի հայկական կողմն իր գործողությունն է իրականացրել և մարտավարություն փոխել, ինչպես ՀՀ Պաշտպանության նախարարն էր նշել վերջերս:

«Չեմ կարող ասել, թե որքանով արդյունավետ կլինի այդ դիրքորոշումը, քանի որ ուժերը համարյա թե հավասար են, որոշ փոքր առավելություններով ռազմական առանձին ոլորտներում»,- ասաց նա:  Ռուսաստանի դիրքորոշումը, ըստ նրա, պատերազմի վերսկսման հարցում հստակ է` հակամարտության լուծման ռազմական եղանակ չկա: Ռազմական վերլուծաբանի խոսքով՝ տարբեր եղանակներով է Ռուսաստանն անդրադառնում այս խնդրին սովորաբար, այդ թվում՝ հայտարարություններ Լավրովի և Զախարովայի կողմից հաճախակի ռեժիմով:

«Սրան զուգահեռ՝ ներկայումս կա որոշակի դժվարություն Հայաստանի իշխանությունների հետ, Ռուսաստանը դեռ փորձում է հասկանալ, թե որ ուղղությամբ են շարժվում ՀՀ իշխանությունները:

Օրերս իմ այլ անդրադարձերից մեկում ևս պնդեցի, որ ՆԱՏՕ-ի տեղաշարժը դեպի այս տարածաշրջան լուրջ խնդիր է ՌԴ իշխանությունների համար, քանի որ Ռուսաստանն այստեղ ունի ազդեցություն, և այս տարածաշրջանի շարժը դեպի ՆԱՏՕ չափազանց անցանկալի է Ռուսաստանի համար: Այդ առիթով մի քանի օր առաջ ՌԴ  վարչապետ Դմիտրի Մեդվեդևն արտահայտվեց՝ նշելով, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է ողբերգական հետևանքներ ունենալ, սա կարող է մեծ կոնֆլիկտ առաջացնել՝ է՛լ ավելի սրելով Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները:

Բնականաբար, ակնարկ կար նաև Հայաստանին, որը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, գործընկերն է ՀԱՊԿ-ում, և Հայաստանի ցանկացած քայլ ավելի լուրջ է ընկալվում: Սակայն, ինչ վերաբերում է Ղարաբաղին, Ռուսաստանը հստակ է` պատերազմ չի կարելի թույլ տալ, Ռուսաստանին անհրաժեշտ է ազդեցության պահպանում: Հայաստանի զինված ուժերն անհրաժեշտության դեպքում իրենց գործողությունն իրականացնում են:

Ապրիլյան պատերազմի ժամանակ որևէ կողմ իր քայլերը չէր համաձայնեցրել Ռուսաստանի հետ, այնպես որ՝ կարծիքները շատ կարող են լինել, չեմ բացառում` որոշ դեպքերում համընկնեն, բայց ընդհանուր առմամբ սա կողմերի ստեղծած դինամիկան է, կողմերն են իրականացնում իրենց քայլերը, որի պատճառով մեծ է պատերազմի վերսկսման վտանգը: Մեծ զինտեխնիկա կա կուտակված շփման գծում»,- ասաց Ֆելգենգաուերը:

Նա նշեց, որ միայն գիտակցված բանակցությունները կարող են իրավիճակը դուրս բերել ներկայիս իրավիճակից:

«Եթե կողմերը ցանկանան բանակցել, նրանք չեն սրի իրավիճակը շփման գծում, չեն անի նման հայտարարություններ: Սա միանշանակ է: Կողմերին ձեռնտու չէ նաև պատերազմը»,- նկատեց Ֆելգենգաուերը:

 

168.am

Ի՞նչ գործ ուներ Մարիամ Փաշինյանը Հայկ Սարգսյանի հետ Սևանում. վարչապետը տեղյակ է եղել White Shorja լողափի հավաքույթից.«Իրավունք»

29.07.2020

«Ստախոս Մակունցին տեղեկացրեք, որ մի պահ եղած մարդը տեղում համակարգչով սեփական բիզնեսից ստացված եկամուտները չի հաշվարկում».Արսեն Բաբայան

27.07.2020

Բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա․ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ․ Գագիկ Ծառուկյան

29.07.2020

Թուրքիան զորք է մտցրել Նախիջևան․ հակառակորդի զորքերի և տեխնիկայի ցանկացած տեղաշարժ, ցանկացած ակտիվություն ռիսկային է

29.07.2020

Ես չեմ բացառում, որ կարող են զորավարժությունների քողի տակ, Նախիջևանի հատվածից հարձակում գործեն

28.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով