«Հայկական կողմն այս պահին չունի որևէ մշակված քաղաքական կոնցեպցիա և իմպրովիզ է անում». Ստանիսլավ Տարասով

Загрузка...

168.am-ը զրուցեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ՝

 – Պարոն Տարասով, ավարտվեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը Վրաստան և Հայաստան։ Ի՞նչ արդյունքներ կարող եք արձանագրել։

– Զբոսաշրջային այց է, էական արդյունքներ չկան, միայն դեկլարատիվ հայտարարություններ ու խոստումներ են։ Եվ դա լիովին հասկանալի է, որովհետև Գերմանիան չունի ինքնուրույն քաղաքականություն այս տարածաշրջանում, նա առաջնորդվում է ԵՄ քաղաքականությամբ, ԵՄ-ն էլ, ինչպես հայտնի է, իրականացնում է Արևելյան գործընկերության քաղաքականությունը, որը լիարժեք իրականացվում է միայն Վրաստանի հետ, Հայաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ համագործակցության իր տարբերակով փաստաթուղթ, բայց դա դեռ թեորիա է, գործնականում ոչինչ առայժմ չկա, Ադրբեջանն էլ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրել։

Մերկելի այցը ճանաչողական է, և հնարավոր է, որ դրա հետևում լինեն նախապատրաստվող որոշակի ծրագրեր, որոնց մասին մենք հետագայում կտեղեկանանք։

Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանին առանձնացնում են՝ որպես գլխավոր գործընկերոջ, Ադրբեջանն էլ կարծում է, թե ինքն ամենագլխավորն է, որ Եվրոպան հետաքրքրված է ադրբեջանական էներգառեսուրսներով, որոնք իբրև թե Եվրոպայի էներգետիկ անվտանգության այլընտրանքն են, բայց խնդիրն այն է, որ Ադրբեջանում չկա անհրաժեշտ քանակի էներգառեսուրս՝ Եվրոպայի անվտանգությունն ապահովելու համար։

Ընդամենը 10 մլրդ խմ է, որը ոչինչ է Ռուսաստանի պաշարների համեմատ, և պատահական չէ, որ Վրաստանում ասվեց, որ դա այլընտրանք չէ, այլ միայն՝ հավելյալ հնարավորություն։ Այսինքն՝ այցի կոնկրետ արդյունքներ չեմ տեսնում, ընդամենն այդ այցը բավարարում է տեղի ղեկավարների հավակնությունները, որ կանցլերն է եկել, դա ոչ ամեն օր է տեղի ունենում։

– Թուրքիայում մտահոգությամբ էին ընդունել Անգելա Մերկելի Երևան այցը, բայց Գերմանիայի կանցլերը չարտասանեց «ցեղասպանություն» բառը: Սա էակա՞ն է։

– Գերմանիան ընդունել է համապատասխան բանաձևը Ցեղասպանության մասին։ Գուցե հայերի համար ցանկալի կլիներ այդ բառը լսել Մերկելից, բայց հիշենք, որ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններն այնքան էլ պարզ չեն, նախապատրաստվում է Էրդողանի այցը Գերմանիա, խնդիրներ կան Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հետ կապված, Թուրքիան խնդիրներ ունի նաև ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ։ 2 նուրբ հարց կա՝ թյուրքական 2 պետություն կա՝ Թուրքիան ու Ադրբեջանը, որը դասվում է ժողովրդավարությունը, մարդու իրավունքները ոտնահարող երկրների շարքին, և այլն։

Վրաստանը համարվում է ժողովրդավարությունը զարգացնող երկիր, Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, համարվում է ժողովրդավարության ափ դուրս երկած երկիր, իսկ Ադրբեջանը՝ Թուրքիայի ռազմավարական գործընկերը, համարվում է, որ պետք է նրան ձգել-հասցնել այդ չափանիշերին։ Պետք է ասել, որ սրանք թեորետիկ մտքեր են, գործնականում այդ տարածաշրջանում գործողություններ իրականացնում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան։

– Մերկելը Երևանում անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտությանը և կարևորեց, որ հակամարտությունը լուծվի լավ մթնոլորտում։ Ադրբեջանում ո՞րը կլինի նրա դիրքորոշումը, արդյոք նա կարտասանի՞ «տարածքային ամբողջականություն» բառերը։

– Պետք չէ ինչ-որ բաներ փնտրել, Գերմանիան Մինսկի խմբի անդամ է, իհարկե, համանախագահի կարգավիճակ չունի, բայց ԵԱՀԿ անդամները գործում են ԵԱՀԿ ՄԽ կանոնների համաձայն։ ԵԱՀԿ ՄԽ-ն ունի իր օրակարգը, որն ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործումն է, ինչին խոչընդոտում է Ադրբեջանը։ Մերկելը հայտարարեց կողմերի միջև «լավ մթնոլորտի» անհրաժեշտության մասին։ Ո՞վ է խանգարում, թող ստեղծի։ Բայց ես կարծում եմ՝ դա իրատեսական չէ։

– Վերջերս գերմանական և ադրբեջանական մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ռազմական տեխնիկայի խոշոր արտադրող գերմանական Rheinmetall ընկերությունն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ստորագրել է ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին մտադրությունների հուշագիր։ Ձեր կարծիքով՝ նման գործարքը կարո՞ղ է խախտել հակամարտության գոտիներ զինտեխնիկայի մատակարարման գերմանական օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները, ինչպես նաև նպաստել Հարավային Կովկասում անկայունության ավելացմանը։

– Գիտեք, որ այժմ նավթի գները բարձրանում են։ Ադրբեջանը Հարավային Կովկասում միակ երկիրն է, որտեղ կան նավթադոլարներ։ Ադրբեջանին զենք են վաճառում Ռուսաստանը, Պակիստանը, Լեհաստանը, Բելառուսը, հիմա էլ գերմանացիներն են ուզում վաճառել։ Այսինքն՝ Ադրբեջանին կթու կովի նման կթում են։ Հարց է առաջանում՝ Ադրբեջանում հավաքված այդ թանգարանային զենքերն ինչի՞ համար են։ Հայաստանի հետ Բաքուն չի պատերազմի։

Եթե միայն հայերը՝ նոր կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ միասին, լուրջ սխալ թույլ չտան, պատերազմ չի լինի։ Այսինքն՝ այդ քաղաքականությունը նախատեսված է Ադրբեջանի ներքին սպառման համար, իբրև թե՝ մենք կպայքարենք, ցանկացած պահի կարող ենք ուժ կիրառել։ Ի դեպ, այդտեղ ինտրիգ կա։ Կանցլերի տարածաշրջան այցի նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներում քննարկում ծավալվեց ՀԱՊԿ-ին անդամակցության հնարավորության մասին։ Այսինքն՝ օգտագործելով այն, որ հայերը փչացրել են հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, իրենք կարող են զբաղեցնել այդ «թափուր» տեղը, կամ չեզոքացնել հայերի ազդեցությունը։ Ինչո՞ւ։

Որովհետև եթե Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա, անգամ անդամի, ապա նա կչեզոքացնի ՀԱՊԿ-ի մասով Հայաստանին աջակցելու՝ Ռուսաստանի գործողությունների ազդեցությունը։ Դա նման կլինի այն իրավիճակին, որ Հունաստանն ու Թուրքիան են ՆԱՏՕ-ի անդամ։ Ես կարծում եմ, որ հայկական կողմն այս պահին չունի որևէ մշակված քաղաքական կոնցեպցիա և իմպրովիզ է անում, ինչի պատճառով թույլ է տալիս Ադրբեջանին ինտելեկտուալ մակարդակում վերցնել որոշակի նախաձեռնություններ։

– Բայց իրատեսակա՞ն է, որ Ադրբեջանը կդառնա ՀԱՊԿ-ի անդամ։

– Դիտարկվում է 2 կարգավիճակ՝ գործընկեր և դիտորդ։ Եթե դիտորդ Ադրբեջանը դիմում գրի, կարող է ստանալ անդամություն։ Ինչո՞ւ ոչ։ Կա մի պայման՝ Ադրբեջանը պահանջում է զիջումներ Ղարաբաղի հարցով։ Սակայն այստեղ որոշակի «բայց» կա. նրանց թվում է, թե ամեն ինչ գտնվում է Ռուսաստանի ձեռքում, և չնայած Ռուսաստանի ազդեցությունը մեծ է, բայց կան նաև Ֆրանսիան ու ԱՄՆ-ը, որոնք իրենց դիրքորոշումն ունեն ու, եթե ցանկանային վերադարձնել այդ շրջանները կամ վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա միավորվելով Մինսկի խմբի շրջանակներում՝ կարող էին վաղուց հասնել դրան։ Չէի ասի, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ը ադրբեջանամետ դիրքորոշում ունեն, նրանք օգտագործում են Ադրբեջանը, կթում են նրան՝ ինչպես կթու կովի, բայց ղարաբաղյան հարցում չեն գործում նրա օգտին։

– Իսկ Թուրքիան ի՞նչ դիրքորոշում ունի, կթողնի՞, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ դառնա։

– Թուրքիան ուղղակի սիրահարվել է Ռուսաստանին, ես չեմ հիշում պատմական որևէ նման ժամանակաշրջան։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները կարճ ժամանակահատվածում երկրորդ անգամ գալիս են Մոսկվա, նրանց ընդունում է Պուտինը, քննարկում են լուրջ հարցեր սիրիական ուղղությամբ, Իրանի հետ կապված։ ԱՄՆ-ը աջակցում է սիրիական քրդերին, որը սպառնում է Թուրքիայի ամբողջականությանը։

Հասկանում եք, Թուրքիան հիմա Հայաստանի համար ժամանակ չունի։ Նա հռչակագրային հայտարարություններ է անում Ադրբեջանի օգտին՝ որպես իր դաշնակցի, բայց այդ 2 պետությունների միջև էլ խնդիրներ կան։ Ադրբեջանը չաջակցեց Թուրքիային, երբ նրա հանդեպ ԱՄՆ-ը պատժամիջոցներ սահմանեց։ Այսինքն՝ այդքան միանշանակ չեն նրանց հարաբերությունները։ Ադրբեջանցիները հասկանում են, որ, եթե Թուրքիայի կողմից Հայաստանի համար սպառնալիքը վերանա, Փաշինյանը վաղը կարող է ասել՝ ի՞նչ է Հայաստանում անում ռուսական ռազմաբազան։

– Օգոստոսի 21-ին Մոսկվայում ստորագրվեց պայմանագիր, որով նախատեսվում է Հայաստանում հիմնել Կալաշնիկովի նոր АК-12 և АК-1 նմուշների արտադրություն։ Ի՞նչ եք կարծում այս մասին։

– Այդ պայմանագիրը ստորագրվեց ամսի 21-ին, բայց նախապատրաստվել էր շատ ավելի վաղուց, մինչև Փաշինյանի իշխանության անցնելը։ Եթե Մոսկվան հրաժարվեր դրանից, դա խիստ բացասաբար կընկալվեր, ինչը Մոսկվայի համար ցանկալի չէ։ Մնացյալը՝ անհանգստություն է առաջացնում Հայաստանի դիրքորոշումը, որովհետև մեր տեսակետից, օրինակ, արտաքին գործերի նախարար Մնացականյանը, որը աշխատել է արտերկրում, լավ պատրաստված է, բայց ազդեցություն չունի ՀՀ-ի արտաքին քաղաքականության կուրսի ձևավորման վրա, իսկ Փաշինյանի գործողությունները կրում են գավառական բնույթ։ Դա շատ անհանգստացնող է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...