Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է. մտահոգիչ թվեր

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  Հայաստանում կյանքն օր օրի թանկանում է: Այս մասին է խոսում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Իսկ մեր քաղաքացիների գերակշիռ մասը ստիպված է լինում ապրանք ընտրելիս ոչ թե նայել որակին, այլ գնին, ու ընտրել ավելի մատչելին:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հաշվետվությունից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հուլիսին, նախորդ տարվա համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 2.4 տոկոսի գնաճ:

«Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ ուսումնասիրություն կատարեց եւ պարզեց, որ մեկ տարվա ընթացքում սննդամթերքի շուկայում զգալի թանկացումներ են արձանագրվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրինակ, եթե անցած տարվա առաջին կիսամյակում տավարի մսի մեկ կիլոգրամի գինը կազմել է 2500 դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն արժե 3060 դրամ: Այսինքն մեկ տարվա ընթացքում տավարի մսի գինը բարձրացել է 560 դրամով: Բայց զգալի թանկացել է խոզի միսը, որի մեկ կգ-ն անցած տարվա առաջին կիսամյակում վաճառվել է 2700 դրամով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում`3410 դրամ: Փոխարենը չնչին գնանկում է արձանագրվել հավի մսի շուկայում. 2017 թվականի առաջին կիսամյակում հավի մսի մեկ կգ-ն վաճառվել է 1500 դրամով, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում`1440-ով:

Ի դեպ, նշենք, որ ոչխարի մսի գինը եւ այս եւ նախորդ տարում շարունակում է բարձր մնալ: Պատճառը վերջին տարիներին ոչխարի գլխաքանակի զանգվածային արտահանումն է հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն: Օրինակ` այս տարվա առաջին կիսամյակում երեւանյան խանութներում եւ սուպերմարկետներում մեկ կգ ոչխարի միսը վաճառվել է 3500-3700 դրամով:

Ըստ մասնագետների` Հայաստանում անասնագլխաքանակի նվազմամբ պայմանավորված` թանկացել է միսը: Իսկ մսամթերքի շուկայում սկսված թանկացումն արդեն հանգեցրել է նաեւ կաթնամթերքի թանկացման։ Միայն պանրի շուկայում արձանագրված թանկացումը կազմել է 250 դրամ: Պանրի մեկ կգ-ն 1910 դրամից թանկացել է` դառնալով 2160:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձկնամթերքի շուկան թանկացումից անմասն չի մնացել. միայն պաշտոնական տվյալներով այս հուլիսին, 2017թ. հուլիսի համեմատ, ձկան եւ ծովամթերքի գներն աճել են 7.3 տոկոսով: Օրինակ` անցած տարվա հունիսին ձկան մեկ կգ-ի մանրածախ գինը կազմել է 2270 դրամ, իսկ 2018-ի հունիսին` 2700 դրամ: Իսկ ահա կարագի շուկայում շարունակում են պահպանվել բարձր գները:

Այս ընթացքում կարագի գինը 5200 դրամից չի նվազում, մինչդեռ նախորդ տարվա ընթացքում այն վաճառվել է 3760-ով: Այսինքն` մեկ տարվա ընթացքում կարագի գինը բարձրացել է 1440 դրամով: Միայն թե հիշեցնենք` կարագի գները սկսեցին կտրուկ թանկանալ նախորդ տարվա սեպտեմբերից: Պաշտոնապես մեկնաբանվել է միջազգային շուկայի թանկացումներով: Ու մինչեւ հիմա կարագի գները շարունակում են բարձր մնալ:

Փոխարենը ձվի շուկայում 2018թ. հուլիսին, 2017թ. հուլիսի համեմատ, 0.5 տոկոս գնանկում է արձանագրվել: Օրինակ` ձվի 10 հատանոց տուփը 650 դրամից էժանացել է` դառնալով 600 դրամ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ձվի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողները մեծ քանակությամբ ձու են կուտակել պահեստներում: Սա է պատճառը, որ ձվի գինը աստիճանաբար նվազում է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` սննդամթերքն ու ալկոհոլային խմիչքը թանկացել են 1.8 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, օղու մեկ լիտրը թանկացել է 30 դրամով: Նշենք, որ գինու շուկայում զգալի թանկացում է արձանագրվել. գինու մեկ լիտրը մեկ տարվա ընթացքում թանկացել է 150 դրամով: Իսկ ահա մեկ կգ լավաշի մանրածախ գինը անցած տարվա առաջին կիսամյակում կազմել է 730 դրամ, այս տարվա նույն ժամանակահատվածում` 760 դրամ:

Նկատենք, որ տրանսպորտային ծառայությունները թանկացել են 9.2 տոկոսով, ինչը պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների սակագների հավելաճով: Միաժամանակ, հանրապետության ռեստորանային եւ հյուրանոցային ծառայությունների գներն են բարձրացել 3 տոկոսով, որը պայմանավորված է սեզոնային գործոնով: Եւ այս թանկացումներին զուգահեռ չի բարձրանում ՀՀ քաղաքացիների ո՛չ կենսաթոշակը եւ ո՛չ էլ աշխատավարձը:

armlur.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով