Վերին Լարսում կուտակումների պատճառը՝ 50 տոկոսով աճել է մարդատար մեքենաների, զբոսաշրջիկների՝ անցակետից օգտվելը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանի, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի, Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի և ռուս գործընկերների միջև Վերին Լարսի անցակետի ռուսական կողմում տեղի է ունեցել խորհրդակցություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը և խոշոր կուտակումների հիմնական պատճառները:

Ռուս գործընկերները ներկայացրել են որոշակի վիճակագրական տվյալներ: Նրանք նշում են, որ, ի տարբերություն 2017 թվականի տվյալների, 50 տոկոսով աճել է մարդատար մեքենաների, զբոսաշրջիկների՝ անցակետից օգտվելը: Ըստ կանխատեսումների՝ առաջիկայում այդ աճը կշարունակվի: Լարսի անցակետը, համաձայն կանոնակարգի, ունի նախագծային անձնագիր, ըստ որի՝ այն օրական պետք է սպասարկի առավելագույնը 170 բեռնատար ավտոմեքենա, 3000 ֆիզիկական անձի, սակայն օգոստոսի 5-ի դրությամբ փաստացի սպասարկվել է 500 բեռնատար մեքենա և 15 հազար քաղաքացի: Ռուս գործընկերների փոխանցմամբ՝ քանի որ անցակետում առաջնահերթությունը տրվում է մարդատար ավտոմեքենաներին, հետևաբար, ուղղակի փոխկապակցված ձևով, բեռնատար մեքենաների թողունակությունը նվազել է:

Երբ լինում են մարդատար տրանսպորտային միջոցների կուտակումներ, Լարսի անցակետի սպասարկող բոլոր ուղիները տեղափոխվում են սպասարկելու մարդատար մեքենաներին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռուս գործընկերները տեղեկացրին, որ շուրջ 2 շաբաթ առաջ անցակետում տեղի է ունեցել Մոսկվայից ժամանած մի խումբ պաշտոնյաների խորհրդակցություն: Ռուսական կողմը, ևս մտահոգ լինելով առաջացած կուտակումներով և քաղաքացիներին պատճառվող անհանգստությամբ, որոշում է կայացրել, որպեսզի շահագրգիռ բոլոր գերատեսչությունները շատ կարճ ժամկետներում ներկայացնեն առաջարկություններ, որոնցով հնարավոր կլինի բարձրացնել թողունակությունը՝ հաշվի առնելով նաև անցակետի աշխարհագրական բարդ դիրքը:

Նրանց համոզմամբ՝ պետք է արդիականացվեն որոշ կանոնակարգեր և տրվեն ինժեներական լուծումներ: Հայաստանի իշխանությունները, օգտագործելով երկու երկրների միջև գործող հարաբերությունները, կփորձեն պարզել, թե ռուս գործընկերները ինչ հեռանկարանային լուծումներն են նախատեսում իրականացնել: Նշենք, որ ռուսական օրենսդրությամբ անցակետում արգելվում է վիդեո և ֆոտո նկարահանումները, ուստի հրապարակված լուսանկարում ներկայացված է ընդլայնված խորհրդակցության փոքր հատվածը:

Ռուսական կողմից հանդիպմանը ներկա են եղել բոլոր այն ծառայությունների ներկայացուցիչները, ովքեր պատասխանատու են անցակետում համապատասխան գործողությունների իրականացման համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով