Թուրքիայում բացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը (տեսանյութ)

Արա Գյուլերի (Արա Գյուլերյան) և «Դողուշ» հոլդինգի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով Թուրքիայում բացվել է պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի թանգարանը:

Թանգարանի  բացման արարողությանը մասնակցել են արվեստով հետաքրքրված բազմաթիվ մարդիկ: Ստամբուլի եվրոպական հատվածում գտնվող Բոմոնթի գարեջրի գործարանի պատմական շենքում տեղակայված թանգարանի առաջին այցելուների դատին են հանձնվել «Սուլող մարդը» խորագրով ցուցադրությունը, որտեղ ներկայացված են արխիվային լուսանկարներ, պատմվածքներ, նոթեր, տեսանյութեր, անձնական իրեր, գրքեր, լուսանկարչական սարքեր:

Գյուլերի արվեստը, ինքնությունն ու կենցաղն ապագա սերունդներին փոխանցելու նպատակով է հիմնադրվել միջազգային բարձր չափորոշիչներին համապատասխանող Թուրքիայի առաջին լուսանկարիչ-արվեստագետի թանգարանը: Բացման արարողության ժամանակ տոնել են նաև Գյուլերի 90 ամյակը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Արա Գյուլերն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մեծ դժվարություններ է կրել, մինչ երկար տարիների ընթացքում կձևավորվեր իր արխիվը:

«Դողուշ» հոլդինգի գործադիր տնօրեն Հյուսնյու Աքհանն էլ մեծ ոգևորությամբ պատմել է Գյուլերի հետ վերջին երկու տարվա համագործակցության և իրականացված ծրագրերի մասին: Նա նշել է, որ բացի թանգարանից, մոտ 8 ամիս առաջ հիմնվել է Արա Գյուլերի արխիվային և հետազոտական կենտրոնը, որն էլ զբաղվել է ցուցադրության նախապատրաստմամբ:

Երկու տարի առաջ Արա Գյուլերի և նշյալ հոլդինգի միջև կնքված «Գործընկերության և համագործակցության մասին» համաձայնագրով Գյուլերի` 3մլն եվրո գնահատվող ողջ անձնական արխիվը, «Ara Kafe» սրճարանի շենքը և լուսանկարչական սարքերի հավաքածուն անցել էր հոլդինգի կողմից ստեղծված ընկերությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գործարքի արդյունքում Գյուլերը, ապա նաև նրա ժառանգները ստանում են  ամսական 50.000 թուրքական լիրայի չափով գումար:

Հիշեցնենք, որ Արա Գյուլերը ծնվել է  1928թ. Ստամբուլում:

Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների:

1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն:

1970-ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք:

1975թ. նկարահանել է «Հերոսի վերջը» վավերագրական ֆիլմը:  2000թ. Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքում նրա անունը գրվել է հազարամյակի 10 մեծագույն թուրքերի կողքին (թուրքական օրենսդրությամբ` Թուրքիայի բոլոր քաղաքացիները «թուրք» են համարվում):

Պարգևատրվել է ֆրանսիական «Legion d’ honneur», 2005թ.` թուրքական «Grand prize of culture and art», 2009թ.` Նյու Յորքի «Lucie Award» մրցանակներով: 2004թ-ից Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է:
Նրա մականունն է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»:

 

Աղբյուր`    Haberler

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով